Ավելի քան ակնհայտ է, որ Ալիևի սպառնալից ու հայատյաց ելույթները «էմոցիոնալ» չեն, այլ՝ ծրագրային


Ավելի քան ակնհայտ է, որ Ալիևի սպառնալից ու հայատյաց ելույթները «էմոցիոնալ» չեն, այլ՝ ծրագրային

  • 10-03-2022 16:57:36   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է
 
«Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է լարել իրավիճակը Արցախի հետ սահմանին՝ թիրախավորելով խաղաղ ազգաբնակչությանը: Այս գործողությունների հետևանքով արդեն ունենք վիրավոր քաղաքացիական անձ՝ Խրամորթ գյուղից: 
 
Կարծում եմ՝ ավելի քան ակնհայտ է, որ Ալիևի սպառնալից ու հայատյաց ելույթները «էմոցիոնալ» չեն, այլ՝ ծրագրային: 
 
Երեկ Ադրբեջանի կառավարությունը աննախադեպ և ըստ իս՝ փորձնական քայլ արեց՝ հայտարարություն տարածելով, թե նամակներ են ուղարկել «ՄԱԿ–ին, ԵԱՀԿ–ին, ՆԱՏՕ–ին և մի շարք այլ կառույցներին՝ հայկական կողմից Լաչինի միջանցքը ռազմական նպատակներով օգտագործելու փորձերի հետ կապված»: Լաչինի միջանցքի անվտանգությունն, ըստ նոյեմբերի 9—ի եռակողմ հայտարարության ապահովում և երաշխավորվում է ռուս խաղաղապահների կողմից: Նախորդիվ, միջանցքի հետ կապված իր դժգոհությունները Ալիևը հայտնում էր հենց Պուտինին: Այժմ՝ Արևմուտք–Ռուսաստան հակամարտության այս թեժ փուլում փորձում են հարցականի տակ դնել ռուս խաղաղապահների գործունեությունը՝ որպես Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավոր՝ դիմելով Արևմուտքին և ՆԱՏՕ–ին:
 
Ո՞րն է Ալիևի նպատակը: Ըստ իս՝ հասկանալ հնարավոր արձագանքները և պլանավորել առաջիկա գործողությունները:
 
Երբ անցյալ տարվա սեպտեմբերին թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժություններ էին անցկացվում Լաչինի միջանցքի մերձակայքում, ակնհայտ էր, որ մեր հակառակորդները քննարկում են նաև ինչ–որ պահի դա վերահսկողության տակ վերցնելու ուժային սցենար: Այսօր Ալիևը պաշտոնական այցով Անկարայում է, վստահ եմ՝ հետագա քայլերը մշակվում են համատեղ: Սա նշանակում է, որ թուրք–ադրբեջանական Շուշիի հռչակագիրը կամ ռազմաքաղաքական պակտը գերակա է մյուս բոլոր պայմանավորվածությունների և հռչակագրերի նկատմամբ:
 
Ադրբեջանն արել է իր ընտրությունը, իսկ Մոսկվայում դեռ փորձում են լծակներ բանեցնել Ադրբեջանին իրենց կողմը քաշելու համար՝ այդ թվում՝ մեր շահերի հաշվին: Անվտանգային մարտահրավերների մասին խոսելիս պետք է լինել մաքսիմալ պրագմատիկ, ոչ թե էմոցիոնալ, պետք է սթափ գնահատել մեր սպառնալիքները, ոչ թե «դանթել» թվացյալ խաղաղության մեջ, ջայլամի պես գլուխը խոթել հողի տակ ու ասել, որ «խաղաղության դարաշրջան» կբացվի, հավատալ, որ Ալիևն ու Էրդողանը գնալու են խաղաղության՝ նշանակում է կրկին ձախողել մեր հետագա բոլոր քայլերի մեջ՝ հարցականի տակ դնելով մեր պետության ներկան ու ապագան...»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն