Ինչո՞ւ է ԱՄՆ-ը կրճատել Հայաստանին տրվող օգնությունը. մի քանի պատճառ


Ինչո՞ւ է ԱՄՆ-ը կրճատել Հայաստանին տրվող օգնությունը. մի քանի պատճառ

  • 30-03-2022 16:46:44   | Հայաստան  |  Մեկնաբանություն

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը գրում է
 
«Բայդենի վարչակարգը առաջարկել է Կոնգրեսին գրեթե կիսով չափ կրճատել վերջինի կողմից նախատեսվող օգնությունը Հայաստանին՝ 45-ից հասցնելով 24 մլն դոլարի եւ չեղարկել օգնությունը Արցախին: Բացի այդ օգնությունից վարչակարգը համաձայն է Հայաստանին տրամադրել եւս 6 մլն դոլար թմրանյութերի դեմ միջազգային պայքարի եւ իրավապահ մարմինների աշխատանքի բարելավման համար: Ամեն դեպքում, անգամ կրճատված տարբերակով /շուրջ 30 մլն դոլար/ այդ օգնությունը երեք անգամ ավելին է, քան Ադրբեջանի համար Բայդենի վարչակարգի հաստատած օգնությունը /9,7 մլն/: Այդ մասին տեղեկանում ենք Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի հաղորդագրությունից /հղումը՝ առաջին մեկնաբանության մեջ/: 
 
Ադրբեջանի համար նախատեսվող ռազմական օգնության մասին որեւէ տեղեկություն դեռեւս չկա: Չի բացառվում, որ այն չեղարկվի, հաշվի առնելով, որ վարչակարգը դեռ Կոնգրեսին բավարարող հաշվետվություն չի ներկայացրել այն մասին, թե Ադրբեջանին մինչեւ 2020թ. տրամադրված 164 մլն դոլարի ռազմական օգնությունը ինչ ազդեցություն է ունեցել Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության խախտման վրա:  
 
Ես մի քանի պատճառներ եմ տեսնում այս կրճատման համար,
 
1. Ամենագլխավորը, թերեւս, այն է, որ կտրուկ մեծացնելով օգնությունը Ուկրաինային՝ Բայդենի ադմինիստրացիան կրճատում է գրեթե բոլոր մնացած երկրներին ուղարկվող օգնությունը,
 
2. Հայկական լոբբիստական կառույցների անտարբերությունը Ուկրաինայի խնդիրների հանդեպ կարող են դեր խաղալ նրանց ազդեցության աստիճանի վրա ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա: Ինձ հայտնի չէ որեւէ հայտարարություն, որը ընդունած լինեն Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն եւ Ամերիկայի հայկական ասամբլեան, որը կդատապարտեր ռուսական ագրեսիան Ուկրաինայի հանդեպ ու/կամ կանդրադառնար Ուկրաինայում տիրող հումանիտար աղետին ու ուկրաինացի ժողովրդի տառապանքներին: Ցաղասպանության ճանաչման, դրա համար պատասխանատվության կանչման, եւ հետագայում ցեղասպանությունները կանխարգելելու անհրաժեշտությունը բարձրաձայնող կառույցների համար նման կրավորական կեցվածքը ԱՄՆ իսթեբլիշմենթում կարող է տպավորություն ստեղծել, որ հայկական լոբբին ռուսական շահերի ծպտյալ պաշտպան է, ինչը այսօրվա հակառուսական տրամադրությունների ծավալման եւ Ուկրաինայի խնդրի հանդեպ ԱՄՆ-ում եւ, ընդհանրապես, Արեւմուտքում, գերզգայունության պայմաններում մեծ հարված է հասցնում Հայաստանի շահերը պաշտպանելուն ուղղված ցանկացած նախաձեռնությանը: Պարզ չէ, թե ինչու են ԱՄՆ հայկական կազմակերպությունները երկյուղում թթու խոսք ասել Կրեմլի հանդեպ՝ չլինելով ՀՀ պետության ներկայացուցիչներ եւ որեւէ պատասխանատվություն չկրելով ՀՀ արտաքին քաղաքականության համար: Նմանապես՝ Հայաստանը որեւէ պատասխանատվություն չի կրում նրանց դիրքորոշումների համար, եւ նրանց աջակցությունը պատերազմի դադարեցման գործին որեւէ կերպ չի կարող վնաս հասցնել Հայաստանին, ավելին՝ կարող է ներկայացվել նաեւ որպես դժգոհություն Հայաստանի հանդեպ Կրեմլի դավաճանություններ՝ 2016թ.-ից սկսված շարքի հանդեպ: Ուստի նրանց նման կրեմլասեր վարքագիծը ինձ համար էլ է սկսում կասկածելի թվալ, 
 
3. Ադրբեջանական լոբբիզմի ծավալումը, որը թեեւ խիստ երիտասարդ է, սակայն գրագետ աշխատանքի եւ հակակրեմլյան կեցվածքի շնորհիվ իր արդյունավետությամբ կարող է համեմատվել հայկական հարուրամյա կառույցների հետ: Ադրբեջանական լոբբիզմի մասին իմ հաղորդումը՝ երկրորդ մեկնաբանության մեջ, 
 
4. Արցախին տրվելիք օգնության կրճատումը կապում եմ Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների անկախության ռուսական ճանաչումը ողջունելու հետ,
 
5. Վերջապես, պետք չի մոռանալ, որ մենք, ի տարբերություն Ադրբեջանի, ՀԱՊԿ-ի անդամ ենք, իսկ դա շատ ավելի մեծ խարան է դարձել Արեւմուտքի աչքերում այժմ, Ղազախստանի ու Ուկրաինայի դեպքերից հետո»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն