Ազատամարտիկի որդին 4 մլն դրամ կաշառք է տվել պաշտոնատար անձին՝ իրենց բնակարանային պայմանները բարելավելու համար


Ազատամարտիկի որդին 4 մլն դրամ կաշառք է տվել պաշտոնատար անձին՝ իրենց բնակարանային պայմանները բարելավելու համար

  • 01-04-2022 20:35:17   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքի հանգամանքները:
 
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 35-ամյա տղամարդը տեղեկացել  է, որ իր՝ հաշմանդամ դարձած ազատամարտիկ հայրը միջնորդի միջոցով կաշառք տալու շուրջ համաձայնություն է ձեռք բերել զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ստեղծված հանձնաժողովի քարտուղարի հետ, որպեսզի վերջինս սեղմ ժամկետում ապահովի իրենց ընտանիքին անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին որոշման կայացմանը: Հոր անունից հանդես գալով որպես լիազորված անձ՝ 35-ամյա տղամարդը հանդիպումներ է ունեցել միջնորդի ու գործընթացին առնչություն ունեցող այլ անձանց հետ, քննարկել գործընթացին վերաբերող հարցեր ու փոխանցել փաստաթղթեր: Այնուհետև բանկից ստացել է բնակարան գնելու համար իրենց ընտանիքին հատկացված 14.694.000 ՀՀ դրամ գումար, որից 4.000.000 ՀՀ դրամ գումարը 2013թ. օգոստոսին տվել է միջնորդին՝ հանձնաժողովի քարտուղարին որպես կաշառք փոխանցելու համար:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է գրավ:
 
Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին' այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play