Ինչո՞ւ Պուտինը չհանդիպեց Փաշինյանին


Ինչո՞ւ Պուտինը չհանդիպեց Փաշինյանին

  • 16-05-2022 17:40:52   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է
 
«ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինն առանձին հանդիպումներ է ունենալու անդամ բոլոր երկրների ղեկավարների հետ, բացառությամբ` Փաշինյանի։
 
Նման դեպքերում` երեք վարկած կարող ենք առաջ քաշել.
 
• Պուտինն ու Փաշինյանը վերջերս են հանդիպել ու նոր հանդիպման համար օրակարգ չկա,
 
• ինչ- որ խնդիրներ կան հայ- ռուսական հարաբերություններում, որոնք կարող են պայմանավորված լինել, օրինակ, Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի վերջին փորձերի հետ,
 
• Հայաստանի հետ ամեն ինչ պարզ է ու քննարկելու խնդիր չկա»։
 
Քաղաքագետն անդրադարձել է նաև ՀԱՊԿ գագաթաժողովի հայտարարությանը՝ նկատելով, որ այն իդեալական չէ, սակայն մեծ հաշվով` չի վնասում Հայաստանի շահերին. 
 
«ՀԱՊԿ գագաթնաժողովի հայտարարության տեքստում չկան ձեւակերպումներ, որոնք կարող են ենթադրել կազմակերպության անդամների ուղղակի ներգրավում ուկրաինական պատերազմում կամ Ռուսաստան- Արեւմուտք հակադրության մեջ։
 
Իհարկե, կա քննադատություն Ուկրաինայի հասցեին` առանց նրա անունը նշելու։
Օրինակ, երբ նշվում է ՀԱՊԿ պատրաստակամությունը հակազդել "նազիզմի հերոսացման փորձերին" կամ, որ մտահոգություն է արտահայտվում "նազիզմի դեմ տարած հաղթանակի հետ ասոցացվող սիմվոլիկայի օրենսդրորեն արգելելու" վերաբերյալ, ակնհայտ է` ակնարկներն ու քննադատությունն ուղղված են Ուկրաինայի։
 
"Միակողմանի պատժամիջոցների" հետ կապված մտահոգությունն էլ ակնհայտորեն աջակցություն է Ռուսաստանին` ընդդեմ Արեւմուտքի։
 
Մոսկվային հաջողվել է այսքանը. ընդհանուր աջակցություն իր քաղաքականությանը, որն ամենեւին փաստ չէ, թե Կենտրոնական Ասիայի երկրները կամ Հայաստանն ուկրաինական հարցում վերանայելու են չեզոքության քաղաքականությունը կամ օգնելու են` Ռուսաստանին արեւմտյան պատժամիջոցները շրջանցելու հարցում։
 
Ավելին, ՀԱՊԿ-ն ՆԱՏՕ-ի փոխգործակցելու պատրաստակամություն է հայտնում, ինչը` եթե նույնիսկ դեկլարատիվ բնույթ ունի, ՀԱՊԿ անդամ երկրներին մանեւրելու որոշակի հնարավորություններ տալիս է։
 
Հայաստանի համար սկզբունքորեն կարեւոր է, երբ նշվում է ՀԱՊԿ հետեւողականությունը անդամ երկրների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը պահպանելու հարցում։
 
Իհարկե, սա նույնպես դեկլարատիվ բնույթ ունի, որովհետև, օրինակ, չի նշվում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիան, փոխարենը`հանդիպում ենք աֆղանական սպառնալիքի մասին հիշատակմանը։
 
Մոսկվան է որոշում ՀԱՊԿ "առաջնահերթությունները" ու այստեղ դժվար է մեղքը գցել միայն պաշտոնական Երեւանի անարդյունավետ քաղաքականության վրա` թեեւ այսօր ընդունված հայտարարությունը Հայաստանի համար իրավա- քաղաքական հիմքեր ստեղծում է` կազմակերպության ներսում Հայաստանի օկուպացված տարածքների հարցը բարձրացնելու համար։
ՀԱՊԿ գագաթաժողովի հայտարարությունն իդեալական չէ, սակայն մեծ հաշվով` չի վնասում Հայաստանի շահերին»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն