Ութսուն տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ վաստակաշատ վիրաբույժ, մարդասեր եւ բարերար Գրիգոր Երզնկացյանը


Ութսուն տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ վաստակաշատ վիրաբույժ, մարդասեր եւ բարերար Գրիգոր Երզնկացյանը

  • 14-07-2022 19:03:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ութսուն տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ վաստակաշատ վիրաբույժ, մարդասեր եւ բարերար Գրիգոր Երզնկացյանը։ Այս մասին տեղեկացնում են «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամից։
 
««Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը խորին ցավակցություն եւ զորակցություն է հայտնում Երզնկացյան եւ Ուզունյան ընտանիքներին, հարազատներին, գործընկերներին եւ աշակերտներին պրոֆեսոր Գրիգոր Երզնկացյանի մահվան կապակցությամբ Անդառնալի կորուստ բժշկության, օնկովիրաբուժության եւ, առհասարակ, Հայաստանի եւ սփյուռքի մեր հայրենակիցների համար…
 
Վաստակաշատ պրոֆեսոր Գրիգոր Երզնկացյանն իր կյանքը նվիրել է Արեւելյան, Կենտրոնական եւ Հարավային Աֆրիկայում բժշկության ոլորտի զարգացմանը, վիրաբույժների ուսուցմանը, որակյալ մասնագետներ պատրաստելուն եւ իր մասնագիտական փորձը նրանց փոխանցելուն:
 
Ծնվել է Եթովպիայում՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ընտանիքում: Վաղ հասակից դաստիարակվել է հայկական ոգով, հայրենասիրությամբ ու սիրով դեպի ազգային մշակույթը, լեզուն, կրոնը եւ գիտակցել ազգային ինքնության պահպանման կարեւորությունը: Միջնակարգ կրթությունը ստացել է Հյուսիսային Ուելսում, իսկ 1963թ. ընդունվել է Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջ: Այս ժամանակահատվածում արժանացել է մի շարք պարգեւների եւ նաեւ բարձրագույն վիրաբուժական պրակտիկա է անցել Դուբլինի մի քանի հիվանդանոցներում: Անցնելով երկար ու բարդ մասնագիտական ճանապարհ տարբեր երկրներում, պահպանել է ազգայինը եւ պահել կապը հայրենիքի հետ: Հայությանն ու հայրենիքին վերաբերող բազմաթիվ հրապարակումներով հանդես է եկել սփյուռքի մամուլի էջերում: Գտնվելով Հայաստանից հեռու՝ մշտապես ապրում եւ շնչում էր հայրենիքով՝ կիսելով նրա վիշտն ու ուրախությունը:   
 
Իռլանդիայում վիրաբուժական փորձառություն ձեռք բերելուց հետո վերադարձել է Աֆրիկա: Այստեղ՝ Զամբիայի մայրաքաղաք Լուսակայում ձեւավորվել է իր վիրաբուժական կարիերայի մեծ մասը: Նա զբաղեցրել է մի շարք կարեւոր վարչական պաշտոններ, իսկ 1999թ. արժանացել է Զամբիայի համալսարանի վիրաբուժության պրոֆեսորի կոչմանը, նաեւ եղել է Զամբիայի վիրաբուժական միության նախագահը:
 
Պրոֆեսոր Երզնկացյանը հեղինակ է աֆրիկյան վիրաբուժության վերաբերյալ մեծ թվով աշխատությունների, որոնցում անդրադառնում է տեղային անզգայացման եւ կետամինի կարեւորության, արյունավարակման եւ վնասվածքների կանխարգելման, ինչպես նաեւ Աֆրիկայում քաղցկեղով մեծ թվով հիվանդների բացահայտման հարցերին:
 
Աֆրիկայում պատշաճ վիրաբուժական համակարգի անհրաժեշտությունը հանգեցրել է Արեւելյան, Կենտրոնական եւ Հարավային Աֆրիկայի վիրաբույժների համալսարանի /ԱԿՀԱՎՀ/ ստեղծմանը, որի շարժիչ ուժն էր պրոֆեսոր Երզնկացյանը: Նա համալսարանի խորհրդի ամենաերկարատեւ անդամն էր. նաեւ եղել էր համալսարանի փոխնախագահը, նախագահը եւ ռեկտորը:
 
Նրա անսպառ էներգիայի եւ մեծ նվիրումի շնորհիվ նորաստեղծ համալսարանը ոտքի է կանգնել՝ արձանագրելով բազմաթիվ հաջողություններ ու նվաճումներ: Իր մեծ վաստակի եւ ներդրումի համար 2012թ. պրոֆեսոր Երզնկացյանն արժանացել է ԱԿՀԱՎՀ պատվավոր անդամի կոչմանը:
 
2007թ. ԱԿՀԱՎՀ խոստումնալից համագործակցություն է սկսել Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջի հետ, ինչում կրկին մեծ է պրոֆեսոր Երզնկացյանի դերը: Համագործակցության արդյունքում աֆրիկյան վիրաբուժության համակարգը մեծ բարեփոխումներ է ունեցել եւ համալրվել է նորագույն եւ ժամանակակից միջոցներով ու սարքավորումներով: Տարածաշրջանում արձանագրվել է նաեւ ուսանող վիրաբույժների թվի մեծ աճ, ինչպես նաեւ Զիմբաբվեում, Զամբիայում եւ Ռուանդայում մեծ թվով թերապեւտներ զարգացրել են իրենց գիտելիքները եւ ծանոթացել հիմնական վիրաբուժական մեթոդներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
Ըստ աղբյուրի՝ իր բազմամյա գործունեության եւ վիրաբուժության ոլորտում մեծ ավանդ ունենալու համար մեծ մարդասեր եւ բարերար պրոֆեսոր Գրիգոր Երզնկացյանը 2016թ. արժանացել է Իռլանդիայի Վիրաբույժների Թագավորական Քոլեջի բարձրագույն պարգեւին՝ պատվավոր անդամի կոչմանը:
 
Նշվում է, որ 1988թ. սկսած պրոֆեսոր Երզնկացյանն ամեն տարի գալիս էր Հայաստան եւ հատկապես Արցախ՝ վիրաբուժական բարեգործական գործունեություն իրականացնելու:
 
«Մեր արժանավոր եւ վաստակաշատ հայրենակցի լուսավոր հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչող հազարավոր հայրենակիցների եւ օտարազգիների հիշողության մեջ»,- հավելեցին «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամից:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play