ՀՀ կենտրոնական բանկի նախագահը ներկայացրել է գնաճային իրավիճակը ՀՀ-ում


ՀՀ կենտրոնական բանկի նախագահը ներկայացրել է գնաճային իրավիճակը ՀՀ-ում

  • 14-07-2022 19:12:11   | Հայաստան  |  Տնտեսություն

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մանրամասն ներկայացրել է գնաճային իրավիճակը մեր երկրում:
 
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը
 
Ըստ նրա` Կենտրոնական դրամատունն իրականացրել է նպատակադրված ցածր գնաճային քաղաքականություն: Համավարակով պայմանավորված` 2020 թ. վերջից գները բարձրացել են: Երկրորդ գործոնը, որն ազդել է գների աճի վրա` ռուս-ուկրաինական հակամարտությունն է: ԿԲ նախագահի հավաստմամբ` համաշխարհային հացահատիկի շուրջ 30 տոկոսն արտադրում են Ռուսաստանը և Ուկրաինան: «Եթե դրսում ցորենի գինը թանկանում է, այն անմիջապես ազդում է մեր գների վրա»,- ասել է ԿԲ նախագահը:
 
Կենտրոնական դրամատան ղեկավարի հավաստմամբ` ԿԲ-ն 2020 թ. կանխատեսել է գնաճը, այդ պատճառով բարձրացել է տոկոսադրույքը, ինչը որոշ չափով մեղմել է գնաճի արագացումը: «2021 թ. նոյեմբերին գնաճը 9.6 տոկոս էր, սակայն մեր իրականացրած քաղաքականության արդյունքում փակեցինք 7.7 տոկոսով»,- նշել է Մարտին Գալստյանը:
 
ԿԲ նախագահը մտահոգություն է հայտնել այն հանգամանքի առնչությամբ, որ բարձրացել են վարձակալության, ինչպես նաեւ մի շարք ծառայությունների գները, որոնք երկար տարիներ անփոփոխ գներով էին ծառայություն մատուցում: Ըստ նրա` սպառողական զամբյուղի պարենային ապրանքների կեսից ավելիի գները բարձրացել են: Նա նշել է, որ այս հարցում ԿԲ-ն մեծ անելիք ունի և առաջին արված քայլն այն է, որ Կենտրոնական դրամատան խորհուրդն անփոփոխ է թողել տոկոսադրույքը:
 
Մարտին Գալստյանը փաստել է, որ ՀՀ կենտրոնական բանկը գնաճը բերելու է 4 տոկոսի մակարդակի:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն