Հաստատվել են արհեստագործական և միջին մասնագիտական հաստատությունների անվճար ուսուցմամբ տեղերը


Հաստատվել են արհեստագործական և միջին մասնագիտական հաստատությունների անվճար ուսուցմամբ տեղերը

  • 15-07-2022 10:47:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ կառավարության՝ հուլիսի 14-ին կայացած նիստում հաստատվել են ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը:
 
ՀՀ պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորման նվազմամբ պայմանավորված` անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը միջին մասնագիտական կրթական ծրագրով 2020 թվականին նվազել էին 500-ով: 2022 թվականին նախատեսվում է ավելացնել այն՝ հաշվի առնելով միջին մասնագիտական կրթության դիմորդների մեծ հոսքը, նոր մասնագիտությունների ներդրումը և նրանց հետագա շարունակականության ապահովումը: 
 
Կառավարության որոշմամբ՝ 6084 տեղ է հատկացվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով պահպանվել է նախորդ տարվա թիվը` 3312:
 
Որոշմամբ հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հատկացվելու են 55 ուսումնական հաստատության` 40 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 76 ուսումնական հաստատության` 75 մասնագիտությամբ:
 
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ տեղեր չեն հատկացվել գործարարություն, վարչարարություն և իրավունք ոլորտներին, ինչպես նաև իրականացվել է որոշակի մասնագիտությունների գծով ըստ ուսումնական հաստատությունների նախատեսվելիք անվճար ուսուցման տեղերի տեղաբաշխում:
 
Որոշման նախագիծը մշակելիս հաշվի են առնվել աշխատաշուկայի պահանջարկը, ինչպես նաև ուսումնական հաստատությունների` մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետների առկայություն):
 
Անվճար ուսուցման տեղերն առաջնային հատկացվելու են ՀՀ մարզերում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին: Ներկայում էլ մարզերում գործող ուսումնական հաստատությունների ուսանողների շուրջ 90%-ն ուսումնառում է անվճար ուսուցման համակարգում:
 
ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու կամ վճարովի ուսուցման առնվազն անցումային միավոր ունենալու դեպքում ընդունվում են մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին: Այդ նպատակով 2022/2023 ուսումնական տարվա համար նախատեսվել է 247 պահուստային տեղ, որը հատկացվում է ուսումնական հաստատություններին՝ ըստ մասնագիտությունների և արտոնություն ունեցող դիմորդների` գործերի ընդունելության ավարտից հետո, նախարարություն ներկայացված համապատասխան գրությունների հիման վրա:
 
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է տրամադրել նոր փորձարարական կարգով ներդրված մասնագիտություններին:
 
Պահուստային տեղերի ավելացման դեպքում որոշակի տեղեր հատկացվում է նաև պետության համար գերակա հանդիսացող այն մասնագիտություններին, որոնցով առկա են եղել հատկացված տեղերից ավելի դիմորդներ, և մրցույթով ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ:
 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվել է 30 անվճար լրացուցիչ պահուստային տեղ՝ «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում» մասնագիտությունը փորձարարական կարգով ներդնելու համար:
 
ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման ընդունելության տեղերի հատկացումը նպատակ ունի խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` պայմանավորված ՀՀ աշխատաշուկայի պահանջներով, և ապահովել պարտադիր միջնակարգ կրթություն:
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն