«Մենք աշխատելու ենք հասնել այն մակարդակին, որ կառավարությունը լիարժեք պատկերացնի և կարողանա մեզ հետ համատեղ լուծել ոլորտի խնդիրները»․ Վ․ Ջհանյան


«Մենք աշխատելու ենք հասնել այն մակարդակին, որ կառավարությունը լիարժեք պատկերացնի և կարողանա մեզ հետ համատեղ լուծել ոլորտի խնդիրները»․ Վ․ Ջհանյան

  • 18-07-2022 20:32:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնի առթիվ ejc.am-ը զրուցել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանի հետ:
 
Պարոն Ջհանյան,  շնորհավորում ենք Ձեզ նշանակման և առաջիկա մասնագիտական  տոնի առթիվ, իսկ  առաջին հարցազրույցում կցանկանանք անդրադառնալ մեր երկրի տնտեսության կարևորագույն ոլորտի՝ հանքարդյունաբերության խնդիրներին և հեռանկարներին։ Այժմ քննարկման փուլում է «Հանքարդյունաբերության ռազմավարությունը», ոլորտի զարգացման տեսանկյունից,  ինչպե՞ս  եք գնահատում այդ փաստաթուղթը:
 
 -«Հանքարդյունաբերության rազմավարության» քննարկումը պետք է ավելի երկարատև և խորքային լինի, որովհետև դա շատ կարևոր փաստաթուղթ է: Եվ մեր նկատառումը նաև այն է, որ այդ փաստաթուղթը, երբ որ  վերջնական բոլոր շահառուների կողմից հաստատված կլինի, չդառնա  հերթական փաստաթուղթ, որը կլինի ինչ-որ մի տեղ դրված և չօգտագործվող: Այսինքն՝ շատ կարևոր է ունենալ գործող ռազմավարություն: Դրա հետ կապված մեր ոլորտի ներկայացուցիչների և միության առաջարկը եղել է` ավելի երկար ժամանակ տրամադրել ռազմավարության քննարկման համար:
 
 -Կրկին իրավական դաշտում ընթացող փոփոխություններ վերաբերյալ։ Անդրադառնանք «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենինագծերին։ 
 
Ռոյալթիով հարկման համակարգի փոփոխության առնչությամբ ինչպիսի՞  քննարկումներ են տեղի ունեցել ընկերությունների միջև, ի՞նչ արձագանք եք ստացել ընկերություններից և պետական գերատեսչությունների հետ ի՞նչ երկխոսության մեջ եք:
 
-Մոտ մեկ  շաբաթ առաջ ընդունվեց «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այս օրինագծով փոխվեց ռոյալթիի հարկման  համակարգը և հունվարի 1-ից 2023 թվականի, կգործի նոր համակարգ  հնի փոխարեն, նաև նույն օրվանից՝ հունվարի 1-ից, արդեն չի գործի արտահանման պետական տուրքը: Ռոյալթին և պետական տուրքը քննարկվում էին արդեն մոտավորապես մեկ տարի:  Այս գործընթացը շատ երկարատև էր և ոլորտն ակտիվորեն մասնակցել է դրան, եղել է աշխատանքային խումբ, որտեղ ոլորտի ներկայացուցիչներն են ներգրավված եղել, և  կառավարության՝ հիմնականում էկոնոմիկայի նախարարության, մասնագետները:
 
Այդ աշխատանքի արդյունքում ունենք այս նախագիծը, իհարկե, ոլորտի առաջարկությունը մի քիչ տարբերվում է վերջնական տարբերակից, բնականաբար։ Երևի այդպես էլ պիտի լինի, որովհետև՝  կառավարությունը և Ազգային ժողովն իրենց տեսակետն ունեն, բիզնեսն՝ իր:  Բայց ես համարում եմ, որ այդ աշխատանքի արդյունքում մեծ, լավ աշխատանք տարվեց, որի արդյունքը ոչ միայն այդ նախագիծն էր, որն ընդունվեց, այլև՝ այն, որ  ոլորտն իր խնդիրները ներկայացրեց այդ քննարկումների ընթացքում և՛ Ազգային ժողովում և՛ տարբեր նախարարություններում ու նրանց համար  ավելի ըմբռնելի դարձան մեր խնդիրները:
 
Այդ խնդիրները հասկանալով կառավարությունը ներկայացրեց հարկման համակարգերի ավելի հավասարակշռված տարբերակ,  Ազգային ժողովն էլ, էլ ավելի հավասարակշռված տարբերակ ընդունեց:
 
-Հիմնականում ի՞նչ խնդիրներ կային: Մոտեցումների տարբերությունները որո՞նք էին:
 
-Մոտեցումների տարբերություններ շատ կային, իհարկե: Ես կարծում եմ, որ   այս հարցը Հայաստանի տնտեսության համար ամենակարևոր հարցն է, ուստի ոչ միայն հարցի վերջնական որոշումը,  այլ նաև քննարկումը շատ մեծ ազդեցություն ունի հանքարդյունաբերության, ներդրումների համար:
 
Հանքարդյունաբերությունը   մեր տնտեսության հիմնասյունն է  այդ նախագծով շատ կարևոր  որոշում է կայացվում՝ ինչպես ոլորտի, այնպես էլ  հետագայում Հայաստանի տնտեսության համար: Ոլորտի ներկայացուցիչները, հանդես էին գալիս  խնդիրներով, որոնք ոչ  միայն բիզնեսի, այլև պետության խնդիրներն էին: Այդ առումով  ամենակարևոր հիմնարար տարբերությունները մեր և կառավարության դիրքորոշումների միջև  ի վերջո մոտեցան իրար:
 
Օրինակ,  կար  տարբերություն գերշահույթի  շեմի սահմանման հարցում՝  ինչպե՞ս գնահատել, թե   ի՞նչ է գերշահույթը: Այդ նախագիծը, երբ որ սկսեցինք քննարկել, հիմնական խնդիրը այն էր, որ պետությունը համարում էր և հասարակության մոտ էլ նման  կարծիք կար, որ ոլորտում կա գերշահույթ և այդ գերշահույթը պետք է որոշ չափով նաև վերաբաշխվի պետության և հանրության միջև: Այդ պատճառով, եթե նայենք օրինագծի  վերջնական տարբերակը` 20% և ավել շահութաբերության դեպքում հավելյալ 20% ռոյալթիով հարկվում է այդ շահույթը:
 
Հիմնական տարբերությունը դա է` որ շեմ օգտագործվեց գերշահույթ սահմանելիս: Իհարկե, գերշահույթ անվանելն այդքան էլ ճիշտ չէ, որովհետև տնտեսագիտության մեջ «գերշահույթ» հասկացողության սահմանումը շատ դժվար է տալ, չկա այդպիսի սահմանում:
 
Այսինքն դա շատ սուբյեկտիվ հարց է, մենք ասում ենք՝ ավելի լավ է անվանենք «հավելյալ շահույթ», այսպես ասած: Այդ  «հավելյալ շահույթ»-ի շեմը, այսինքն` դա այն շահույթն է, որը միջին շահույթից բարձր է: Վերջնական տարբերակում դա ընդունվեց 20%, բայց ոլորտը համարում է, երկու կողմից կարելի է նայել այս հարցին: Նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ տեսանկյունից, որ նայում ենք, 20%-ը չի կարող լինել գերշահույթի շեմ: Իսկ եթե վերցնենք ավելի պրոֆեսիոնալ, գիտական մոտեցում, մենք կարող ենք, օրինակ համեմատություն  անել, համաշխարհային մեր ոլորտի ներկայացուցիչների հետ, թե նորմալ շահութաբերության շեմը որքան է: Եվ մեր ուսուսումնասիրության  արդյունքում  տեսանք, որ միջին շահութաբերությունը 35% է ոլորտում  և երկարաժամկետ։
 
Հետևաբար, Հայաստանում էլ պիտի համարվեր այդ շեմը մոտավորապես 35%, բայց մեզ մոտ համարվեց, որ 20% է: Դա, ի վերջո, թեեւ ավելի լավ տարբերակ է քան գործող տուրքերի համակարգը, որովհետև տուրքերով ոլորտը ընդհանրապես շատ ծանր բեռի տակ է և չի կարող երկար իր գործունեությունը շարունակել: Սա ինչ-որ կոմպրոմիսային տարբերակ է:
 
-Հայաստանն ունենալով պղնձի հումքի բավարար պաշարներ, վերջնարտադրանքի համար չունի  մետալուրգիական գործարան:
 
-Այդ հարցը շատ կարևոր է։ Դա կարելի է իրականացնել և  տնտեսական էֆեկտը շատ մեծ կլինի, բայց  նաև պետք է հաշվի առնենք, որ այն  շատ երկարաժամկետ գործընթաց է։
 
Ձուլարան, մետալուրգիական այդպիսի խոշոր ձեռնարկության նախագծումը, կառուցումը շատ երկար պրոցես է և  տարիներ կարող է տևել: Դա ճիշտ իրականացնելու համար Գեոպրոմայնինգ  ընկերության ղեկավարությունը   կառավարության հետ քննարկումների մեջ է, և բացի քննարկումներից նաև անցկացվում է գիտահետազոտական աշխատանք։
 
Դա  շատ կոմպլեքս հարց է, և ոչ միայն կախված է տնտեսական շահութաբերությունից, այլ նաև շատ մեծ բնապահպանական, լոգիստիկ մաս ունի։  Այդ բոլոր խնդիրներին ինչ-որ կոմպլեքս լուծում տալու համար   շատ մեծ աշխատանք է պետք անել` նախագծային և  մինչնախագծային։  Խումբն արդեն սկսել է պրոցեսը, բայց դա պետք է արվի շատ հիմնավորված ձևով, որ սխալներ թույլ չտանք:
 
- Ըստ ոլորտի ընկերությունների ՝ անցյալ տարի հանքերի հարկման բեռի բարձրացումը ստիպել է նրանց չեղարկել կապիտալ ներդրումների ծրագրեր։ Եղե՞լ են նման ծրագրեր։
 
-Իհարկե, այդպիսի ծրագրեր եղել են և  բնական է, իրագործման դժվարություններ են եղել, որովհետև զգալի հատվածը շահույթի, որը պլանավորվում էր ուղղել կապիտալ ծախսերի, տուրքի ձև ով գնացել է պետական բյուջե:
 
Չեմ կարող օրինակներ բերել, որովհետև դա բաց ինֆորմացիա չէ։ Օրենքը գործեց սեպտեմբերից, երբ ընկերությունները հաջորդ տարվա իրենց կապիտալ ծախսերն արդեն պլանավորել էին։ Հետևաբար, երբ օրենքը սկսեց գործել  շատ  կապիտալ ծախսեր կամ հետաձգվեցին, կամ չեղարկվեցին կամ էլ ստիպված եղան կազմակերպությունները գնալ վերաֆինանսավորման։
 
Մենք անընդհատ կառավարության և Ազգային ժողովի հետ քննարկումների ընթացքում բարձրաձայնել ենք,  որ  շատ կարևոր է ոչ միայն հարկային բեռի մակարդակը, այլև որ այն լինի կանխատեսելի և երկարաժամկետ: Որովհետև բիզնեսի համար ոչ միայն հարկային բեռի չափն է կարևոր, այլ նաև, որ  խաղի կանոնները հասկանալի լինեն երկարաժամկետ աշխատանքի համար։
 
Բիզնեսն ունի երկու հիմնական իդնիկատոր, որոնց նայելով կարելի է  ներդրումային որոշումները կայացնել, դա շահութաբերությունն է և ռիսկայնությունը:
 
Ռոյալթիների և տուրքերի մասին օրինագիծը պետք է լինի  երկարատև, գոնե ինչ-որ ժամանակահատված դա լինի հինգ տարի, տաս տարի, որպեսզի ունենանք կայուն համակարգ, չէ որ, ներդրողը նույն ձուլարանի հետ կապված պետք է ունենա երկարաժամկետ բիզնես-մոդելներ կազմելու հնարավորություն:
 
- Միությունն ի՞նչ գործիքակազմ ունի ոլորտի ընկերությունների  շահերը պաշտպանելու, օրենսդրական կարգավորումների քննարկմանը մասնակցելու առումով:
 
- Միությունը հասարակական կազմակերպություն է , անկախ և ինչպես  մնացած բոլոր հասարակական կազմակերպությունները նույն օրենսդրական դաշտում էլ գործում է։  Օրենքի առումով ոչ մի առավելություն չունի մնացածի նկատմամբ, առավելությունը, ոչ թե ինչ-որ իրավական կամ օրենսդրական է, այլ առավելությունն այն է, որ միության անդամները ապահովում են Հայաստանի Հանրապետության ապրանքների արտահանման գրեթե 50%-ը:
 
Այսինքն, դրա կարևորությունը հասկանում է և կառավարությունը և Ազգային ժողովը։ Մենք այստեղ խնդիր չենք տեսնում, խնդիրն ավելի շատ կազմակերպչական  է։ Միությունն  իր գործունեությունը  պետք է ճիշտ կազմակերպի և, որ շատ կարևոր է, մենք լինելու ենք ոչ թե ոլորտի ներկայացուցիչների բիզնեսի շահը պաշտպանող, այլ լինելու ենք, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության տնտեսության շահը պաշտպանող, կառույց։ Դա  կբերի նաև հասարակության և ազգաբնակչության շահի պաշտպանությանը։
 
Այսինքն, հիմնական կենսամակարդակի աճը կարելի է ապահովել տնտեսական աճ ապահովելով և լինելով շատ կարևոր ոլորտ մենք կարող ենք ապահովել այդ տնտեսական աճը` համագործակցելով պետության հետ: Այսինքն` մենք ընդհանուր ինչ-որ գործ ենք անում, և մենք համոզված ենք, որ համատեղ արդյունքների կհասնենք:
 
-Իհարկե տուրքը մտցվել էր, բայց չէ՞ որ  նաև պղնձի գներն էլ բարձրացան: Արդյո՞ք դա օգնեց ընկերություններին ֆինանսական հավասարակշռության  բարձիկներ ձևավորել։
 
-Պղնձի համաշխարհային շուկան արդեն գոյություն ունի մոտավորապես հարյուր տարի, երկարաժամկետ, և եթե նայում ենք այդ հարյուր տարվա ընթացքում, պղնձի գներն ունեցել են աճի ժամանակաշրջան, անկման ժամանակաշրջան, որը մոտավորապես համապատասխանում է տնտեսական ցիկլերին, այսինքն` մի քիչ ուշ, մի քիչ շուտ կրկնվում է այդ ցիկլը և կորելացիան շատ մեծ է տնտեսական աճի և անկման հետ:
 
Պղինձն, ընդհանրապես, համարվում է գլխավոր ինդիկատորը` տնտեսական աճի և անկման հետ կապված: Ուզում եմ նշել, որ պղնձի գների կարճաժամկետ աճը  չի կարող ապահովել հավելյալ շահույթ, որովհետև այդ հավելյալ շահույթը, եթե նայում ենք երկարաժամկետ, գալիս, փակում է այն վնասը կամ այն ցածր շահույթը, որը եղել էր ցածր գների դեպքում:
 
Իսկ մեր դեպքում, հաշվի առնելով պետական տուրքը, որը մտցվեց անցյալ տարվա սեպտեմբերից և փաստացի գործում է մինչև հիմա, բերեց նրան, որ հավելյալ շահույթը, որը պետք է փոխհատուցեր այն ցածր գների վնասը կամ ցածր շահույթը, ուղղակի վճարվեց որպես տուրք: Հետևաբար` այս դեպքում կազմակերպությունները չստեղծեցին Ձեր ասած բարձիկը, որը կօգներ այդ ցիկլի հաջորդ շրջանում։  Ցավոք սրտի, մենք այսօրվա դրությամբ արդեն գտնվում ենք ցիկլի հաջորդ շրջանում: Երկու շաբաթվա ընթացքում ունենք կտրուկ անկում պղնձի գների և դա պայմանավորված է նրանով, որ  համաշխարհային տնտեսական աճի անկում է սպասվում:
 
-Եվս մեկ հարց, քանի որ մետալուրգիական ընկերությունները ևս ներառվում են ձեր միություն մեջ։ Մոլիբդենի խտանյութի վերամշակումը վերջին երեք-չորս տարվա ընթացքում զարգացավ և՛  կոմբինատ ունենք, և՛  գործարան, իսկ վերջերս ավելացավ ևս մեկ-երկու արտադրություն` Չարենցավանում: Արդյո՞ք դա ազդեց ոլորտի զարգացման:
 
-Հայաստանում, իսկապես, չորս գործող ձեռնարկություն կա, դրանք Արմավիրի,  Չարենցավանի կողքին գտնվող Ալափարս գյուղի «Ալափմետն» է և «Էյ-Էմ-Փի»-ն ու Երևանում գտնվող  «Մաքուր երկաթն» են: Բոլոր չորս գործարանները գործում են, բացի, իմ տեղեկություններով, Արմավիրի ձեռնարկությունը, որը  ժամանակավորապես չի գործում:
 
Եվ, իհարկե, շատ կարևոր է` դա այն նախատիպն է, որը պիտի լինի հետագայում նույն պղնձի դեպքում, ուղղակի մոլիբդենի դեպքում ավելի ոչ բարդ տեխնոլոգիա է, որովհետև այդ ձեռնարկությունները ստանում են ոչ թե մաքուր մոլիբդեն, այլ հիմնականում ստանում են ֆերոմոլիբդեն կամ մոլիբդենի օքսիդ: Եվ ձեռնարկություններից մեկը` «Էյ-Էն-Փի»-ն նաև «Գեոպրոմայնինգ» խմբի մասն է, իսկ «Էյ-Էմ-Փի»-ն ու «Ալափմետը» աշխատում են Զանգեզուրի կոմբինատի հումքով: Այդ բոլոր ձեռնարկություններն արդյունավետ  աշխատող ձեռնարկություններ են։ Բոլորի խնդիրները գիտենք և գլխավոր խնդիրներից մեկը բնապահպանական է: Ինչպես սկզբում նշեցի պղնձի ձուլարանի հետ կապված, բնապահպանական խնդիրները ձուլարանների դեպքում  շատ ավելի բարդ են, քան հանքերինը:  Դա պետք է հաշվի առնենք, այսինքն` դրանց տնտեսական էֆեկտիվությունը պետք է հաշվի առնել բնապահպանական խնդիրների հետ միասին: Դրա համար շատ բարդ ոլորտ է մեր ոլորտը` ընդհանուր և՛ հանքագործությունը, և՛ մետալուրգիան, ուստի  շատ լուրջ մոտեցում պետք է ցուցաբերի իշխանությունը, կառավարությունը այս ոլորտին և մենք արդեն, ինչպես ասացի, գործընթացը սկսել ենք։ Այդ շարունակական քննարկումները լինելու են և մենք աշխատելու ենք հասնել այն մակարդակին, որ կառավարությունը լիարժեք պատկերացնի և կարողանա մեզ հետ համատեղ լուծել ոլորտի  խնդիրները։   Իսկ դա, ինչպես ասացի, կբերի բոլորի համար  բարեկեցիկ ապագայի, որովհետև դա կբերի տնտեսական աճի, իսկ ցանկացած տնտեսական աճ, դա բարեկեցիկ կյանք է:
 
-Բնապահպաններ և բնօգտագործողներ․ այս բևեռացումը շատ սուր է, ի՞նչ երկխոսություն կա՞։ Արդյո՞ք հնչում են կոնստրուկտիվ առաջարկներ, որոնք կարելի է ի գիտություն ընդունել, օգտագործել ։
 
-Այս հարցը նույնպես շատ բարդ և կոմպլեքս հարց է, որովհետև, առաջին հերթին կուզեի նշել, որ բնապահպանները ոչ միայն  ակտիվիստներն են, այլ բնապահպանները նաև այն բնապահպանական մասնագետներն են, որոնք աշխատում են հենց այս ոլորտում։ Ունենք նույն՝ մեր ոլորտը ներկայացնող կազմակերպություններ՝ շատ բարձր մակարդակի պրոֆեսիոնալ բնապահպաններ, որոնք ամենօրյա ռեժիմով իրենց աշխատանքն են կատարում և ապահովում են բնապահպանական պահանջների իրականացումը, այսինքն` որ համապատասխանի մեր գործունեությունը և ոչ միայն օրենքի պահանջներին, այլև մեր ներքին բնապահպանական պահանջներին, որոնք շատ դեպքերում ավելի խիստ են քան օրենքով  նախատեսված պահանջները։
 
Ինչ վերաբերում է ակտիվիստներին, մենք նրանց հետ էլ ենք աշխատանքում։  Իրենք շատ անգամ դիմում են մեզ նամակների ձևով և այլն,  որտեղ խնդիրներ են բարձրացվում։  Մենք աշխատում ենք այդ խնդիրները լուծել: Ուղղակի շատ խնդիրներ տեղեկության պակասի խնդիր է, այսինքն` նույն ակտիվիստները չգիտեն, որ այդ հարցերը կամ լուծվել են, կամ արդեն լուծման փուլում են: Այդ դեպքում մենք այդ տեղեկությունը տրամադրում ենք, թե ու՞ր ենք հասել և շատ դեպքերում այդպիսի տարբերակով հարցը փակվում է:
 
Իսկ, երբ որ որոշակի չլուծված հարց է և հիմնավոր հարց է, մենք, իհարկե, դրան անդրադառնում ենք և հարցերը լուծում ենք ժամանակի ընթացքում։ Կան, իհարկե, ոչ կառուցողական մոտեցումով գործող ակտիվիստներ, իրենց էլ մենք հասկանում ենք: Տեսեք, շատ կարևոր է հասկանալ, որ ցանկացած մարդ, ցանկացած քաղաքացի բնապահպան է, որովհետև բոլորս էլ ուզում ենք լինի մաքուր բնություն, ոչ միայն մեզ համար, այլ նաև՝ մեր սերունդների համար: Բայց պետք է բնապահպանական խնդիրները լուծվեն պրոֆեսիոնալ ձևով, լինի  պրոֆեսիոնալ  և հիմնավորված մոտեցում այդ բոլոր հարցերը լուծելու համար:
 
-Իսկ մեր հանքարդյունաբերական ընկերություններն ունե՞ն այդ պրոֆեսիոնալ մոտեցումը՝ շահագործելու ոլորտում աշխատելու և բնապահպանական ռիսկերը նվազագույնին հասցնելու առումով։
 
-Ես համարում եմ` ունեն, բայց դա շարունակական գործընթաց է, այսինքն մենք չենք ասում «ամեն ինչ լավ է, կարելի է ոչինչ չանել»: Մենք համարում ենք, որ աշխատանք տարվում է, բայց պետք է շարունակական էլ ավելի բարձրացնենք այդ մակարդակը, այսինքն՝ խստացնենք մեր պահանջները բնապահպանական պահանջները և հասնենք դրանց  իրականացմանը: Այստեղ շատ կարևոր է, որ լինի դրա համար ֆինանսական հնարավորություն:
 
Այսինքն, երբ որ մենք ասում ենք , որ ինչ-որ ժամանակահատվածում առաջանում է «հավելյալ շահույթ», ապա այդ նույն շահույթի գերակշիռ մասը գնում է կապիտալ ծախսերի, որի մի մասը իրենից ներկայացնում են բնապահպանական խնդիրներ լուծող ծախսերը: Այսինքն, երբ որ պետության հետ քննարկում էինք, մենք նույն հարցն էինք բարձրացնում, ասում էինք՝ տեսեք, կա շահույթ, բայց այդ շահույթը չի նշանակում սեփականատիրոջ շահույթ: Այդ շահույթը մեծամասամբ, մեր ոլորտում մոտ 80-90% -ը,  ոչ թե գնում է սեփականատիրոջը որպես դիվիդենտ, այլ հետ է վերադառնում ոլորտ կապիտալ ներդրումների ձևով: Իսկ այդ կապիտալ ներդրումների գերակշիռ մասը ունի նաև բնապահպանական ուղղվածություն:
 
-Պարոն Ջհանյան, բոլորիս հասկանալի է որ ոլորտը  շատ կարևոր է կենսունակ երկիր ունենալու համար, ուստի կարևոր է նաև այն մարդկանց տոնը, ովքեր աշխատում են ոլորտում։ Ձեր ուղերձը  հանքագործներին տոնի առթիվ:
 
- Այս տարի Զանգեզուրի կոմբինատը և «Գեոպրոմայնինգ գրուպը» պատրաստվում են մեծ շուքով դիմավորել  «Հանքագործի և մետալուրգի» տոնը, որը  նշվում է հուլիսի 17-ին, հուլիսի նախավերջին կիրակի օրը: Հանքագործների և մետալուրգների պրոֆեսիոնալ տոնի  կապակցությամբ  ուզում եմ Միության անունից շնորհավորել  ոլորտի բոլոր ներկայացուցիչներին,  ոչ միայն  հանքագործներին և մետալուրգներին,  այլև այն բոլոր  մարդկանց, որոնք աշխատում են մեր ոլորտում: Մենք միշտ համարել և համարում ենք, որ դա ընդհանուր գործ է՝ սկսած փականագործից և մաքրուհիներից մինչև տնօրեն նույն աշխատանքն են անում՝ ընդհանուր մի արժեք ստեղծելու համար  և ամեն մեկի գործը, ամեն մեկի ներդրումը ընդհանուր մեծ  գործի մեջ շատ կարևոր է:
 
Շնորհավորում ենք, մեր ոլորտի բոլոր մասնակիցներին,  և ցանկանում  նրանց նորանոր հաջողություններ։  Վստահ ենք, որ ամեն մեկ անձի հաջողությունը բերում է մեծ հաջողության, ոչ միայն ոլորտի, առանձին կազմակերպության, այլ նաև մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության համար:
 
-Շնորհակալություն հարցազրույցի համար:
 
-Շնորհակալություն նաև  Ձեզ։ Լրագրողները  մեզ հետ կապված շատ կարևոր գործ են անում։ Կցանկանաք, որ  ավելի շատ ոլորտը լուսաբանեք, որովհետև այն, իսկապես, շատ կարևոր է:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play