Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Ղազավանում հնչած կրակոցների վերաբերյալ


Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Ղազավանում հնչած կրակոցների վերաբերյալ

  • 26-07-2022 18:02:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հուլիսի 26-ի գիշերը, ժամը 2.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել «Աշտարակ» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էին դիմել Ղազարավան գյուղի բնակիչ մայր ու որդի: Տասնհինգ րոպե անց հիվանդանոցից ստացվել է երկրորդ հաղորդումը. դեմքի քերծվածքներով բուժօգնության էր դիմել հոսպիտալացված կնոջ ավագ որդին` 30 տարեկան:
 
Աշտարակի օպերատիվ խումբն արդեն հիվանդանոցում է եղել, և նրանց հարցին որդիներն ու մայրը պատասխանել են, թե վնասվածքները հասցրել է անհայտ անձը: 
 
Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում անձնական հարցերի շուրջ վեճ է ծագել տուժած քաղաքացիների 26-ամյա հարևանի և Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցի բնակիչ, 28-ամյա երիտասարդի միջև, այդ ընթացքում աշտարակցին հոր «Իժ» հրացանից կրակել է 26-ամյա ղազարավանցու ուղղությամբ: Նա փախել ու մտել է հարևանի բակ։ Հետապնդելով նրան` աշտարակցին ևս մեկ կրակոց է արձակել արդեն հարևան տան մոտ, ինչի հետևանքով էլ աղմուկից դուրս եկած մայրն ու որդիները ստացել էին հրազենային վնասվածքներ:
 
Միջադեպին միջամտել է ընտանիքի հայրը և աշտարակցու ձեռքից խլել հրացանը, ինչից հետո կրակոցներ արձակած երիտասարդը փախել է։
 
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու պարկուճ: Տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն