Փաշինյանը խոսեց Ադրբեջանին սեփական պարտավորությունները ստանձնելու նպատակով միջազգային մեխանիզմների հնարավոր գործարկման մասին


Փաշինյանը խոսեց Ադրբեջանին սեփական պարտավորությունները ստանձնելու նպատակով միջազգային մեխանիզմների հնարավոր գործարկման մասին

  • 04-08-2022 12:02:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման վերաբերյալ որևէ հաստատված պլան այս պահին գոյություն չունի: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարության նիստին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Նա նշեց, որ ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը՝ իբր ինքն ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները և հետևաբար գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը: «Ադրբեջանի նման ձևակերպումն ու հայտարարությունները նույնպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են և ահա թե ինչու: Նշված հայտարարության 6-րդ կետում ասվում է. «Կողմերի, այսինքն ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում, կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»:
 
Պետք է արձանագրեմ, որ այս պահի դրությամբ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի, և մենք մի քանի անգամ առաջարկել ենք և հիմա էլ առաջարկում ենք դա անել՝ այսինքն, հաստատել եռակողմ ֆորմատով պլան: Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պարզապես նոր ճանապարհի կառուցման մասին է, այլ կառուցման պլանի  և խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին, որը շատ բարդ և եռակողմ գործընթաց է: Այս պահի դրությամբ, մենք ոչ մի պլանի համաձայնություն չենք տվել, որովհետև մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել, չնայած պետք է ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը սկսել է Կոռնիձոր-Տեղ-Մ12 ավտոճանապարհի վերակառուցումը, որը ենթադրաբար պետք է միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն:
 
Բայց կրկնում եմ, որ խոսքը եռակողմ հայտարարության մեջ միայն ճանապարհի կառուցման մասին չէ: Պլանի շրջանակում պետք է պարզաբանվեն մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղին էլեկտրական էներգիայի, գազի մատակարարման հարցեր, անվտանգության հետ կապված խնդիրներ», - ասաց Փաշինյանը:
 
Նա ընդգծեց, որ Ադրբեջանն այս օրերին շահարկում է, թե ՀՀ-ն փորձում է խուսափել այս հարցերի քննարկումներից: «Սա աբսուրդ հայտարարություն է այն պայմաններում, երբ ես վերը նշված ծրագրի մասին հայտարարել եմ հրապարակային՝ դեռևս սույն թվականի հունիսի 27-ին իմ ունեցած առցանց ասուլիսի ընթացքում: Ավելին, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ-Մ12 ավտոճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց: Իսկ դրանից առաջ հրապարակային, մրցութային ընթացակարգ էր տեղի ունենում շինարարական կազմակերպության ընտրության նպատակով: Այս պայմաններում Ադրբեջանի կողմից սրացման գնալը մի նպատակ ունի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կառուցակարգերի վերացումը»,- ասաց նա:
 
Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանը, որը եռակողմ այդ հայտարարությունը համարում է իր հաղթանակը, այսօր մի խնդիր ունի՝ վերացնել այդ հայտարարությունն ու խուսափել այդ հայտարարությամբ արձանագրված իրողությունների ամրագրումից:
 
Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը կատարել է եռակողմ հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները, իսկ Ադրբեջանը պետք է կատարի իր երեք պարտավորությունները. «Առաջինը, ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը, պետք է հարգի Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը և պետք է հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը Հայաստանի հետ ԼՂ կապն ապահովող կարևորագույն ինստիտուտն է»:
 
Փաշինյանը կրկին ընդգծեց, որ Ադրբեջանը պարտավոր է իր ստորագրությամբ արձանագրված այս իրողությունները հարթել:
 
«Եթե ոչ, ուրեմն մենք պետք է մեր օրակարգում ներառենք սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները հարգելուն ուղղված միջազգային մեխանիզմների գործարկումը, որպեսզի միջազգային մեխանիզմների գործարկմամբ Ադրբեջանը հարգի իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները»,- հայտարարեց Փաշինյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play