Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունն Արցախի համար բացառված է․ ԼՂ ԱԺ խմբակցություններ


Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունն Արցախի համար բացառված է․ ԼՂ ԱԺ խմբակցություններ

  • 04-08-2022 15:12:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունն Արցախի համար բացառված է, այսօր հայտարարել են Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները՝ շեշտելով՝ խաղաղությունը բարձրագույն արժեք է, սակայն խաղաղություն չի լինում ուժի սպառնալիքի տակ, մարդու իրավունքների ու արժանապատվության շարունակական ոտնահարմամբ։
 
«2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ականատես եղանք միջազգային հանրության լռությանը և այդ ժամանակահատվածում Արցախի ժողովրդի դեմ կիրառված բոլոր հանցագործությունները չարժանացան համարժեք դատապարտման, որի պատճառով Ադրբեջանը շարունակում է ընդլայնել ագրեսիվ գործողությունների մասշտաբները», - ասված է հայտարարությունում։
 
Պատգամավորները կոչ են անում տարբեր երկրների խորհրդարաններին և միջազգային բոլոր կազմակերպություններին՝ խստորեն դատապարտել Ադրբեջանի վերջին գործողությունները և գործնական քայլեր ձեռնարկել՝ կանխելու համար նոր ոճրագործությունները, իսկ ռուս խաղաղապահներին հորդորում են՝ իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ապահովելու շփման գծում կայունության հաստատումը։
 
«Գլուխ խոնարհելով Արցախյան ազատագրական պայքարի բոլոր զոհերի առջև՝ մեկ անգամ ևս հաստատում ենք մեր ժողովրդի ազատ և անկախ պետություն ունենալու իրավունքը՝ որպես անվտանգ ու ապահով ապրելու միակ գրավական, - ասված է «Ազատ Հայրենիք – ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների համատեղ հայտարարությունում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը