«Խաղաղության դարաշրջանը» հերթական մանիպուլյատիվ փուչիկն էր. ՀՀԿ գործադիր մարմին


«Խաղաղության դարաշրջանը» հերթական մանիպուլյատիվ փուչիկն էր. ՀՀԿ գործադիր մարմին

  • 05-08-2022 13:29:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ըստ ՀՀԿ գործադիր մարմնի` միակ ելքը գործող իշխանությունների անհապաղ հրաժարականն է, ինչը թույլ կտա զրոյացնել հայ ժողովրդի թիկունքում տրված բոլոր խոստումները։
 
Հայաստանի «ժողովրդավարական բարեփոխումները» գովերգող միջազգային դերակատարները ցանկություն չունեն զսպելու ադրբեջանական ագրեսիայի դրսևորումները։ Նման հայտարարություն է արել ՀՀԿ գործադիր մարմինը` նշելով, որ Հայաստանի և Արցախի շուրջ վերջին զարգացումները կրկին ապացուցում են, որ «խաղաղության դարաշրջանը» հերթական մանիպուլյատիվ փուչիկն էր, որը ներկայիս իշխանությունը հրամցնում էր հայ ժողովրդին:
 
«Այս էլ որերորդ անգամ ակնհայտ է դառնում Հայաստանի գործող վարչակազմի վարած արտաքին քաղաքականության ողջ սնանկությունը` խարսխված արկածախնդրության, անպատասխանատվության և հայրենադավության վրա... իսկ ռազմավարական դաշնակցի հետ խառնիճաղանջ հարաբերությունները, որոնք սկիզբ են առել 2018-ի իշխանազավթումից հետո, նպաստել և նպաստում են ստեղծված իրավիճակին»,- ասված է հայտարարությունում։
 
ՀՀԿ-ն ընդգծում է, որ հայ ժողովուրդն իրականում տեղեկացված չէ այն անդրկուլիսյան պայմանավորվածությունների մասին, որ իր թիկունքում ձեռք են բերել ՀՀ կառավարության «կապիտուլյանտ ղեկավարն ու նրա վարչախումբը»:
 
«Ադրբեջանական վայրագությունների հերթական առիթ հանդիսացող խնդիրը, այն է՝ Բերձորի միջանցքի հարցը, Հայաստանի իշխանությունների ապիկար, հայրենադավ քաղաքականության ապացույցներից մեկն է: Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը պարտավորվել էին 3 տարվա ընթացքում ընդամենը նախագծել Բերձորի միջանցքով անցնող նոր ճանապարհ և ոչ թե այդ միջանցքից աշխարհագրորեն դուրս գտնվող երթուղու կառուցման պարտավորություն ստանձնել: Հարց է առաջանում` ո՞ւմ հավանությամբ է Հայաստանի իշխանությունների լուռ համաձայնությամբ ամիսներ շարունակ կառուցվել այդ երթուղու մի հատվածը»,- նշում է կուսակցության գործադիր մարմինը։
 
ՀՀԿ-ն շեշտում է, որ պարտվողական քաղաքականության ակնբախ դրսևորում են Հայկական բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ հանցավոր անգործությունը, Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից հրաժարվելը, Արցախի զինաթափմանն ուղղված քայլերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին և հայտարարություններին զուգահեռ։
 
ԳՄ-ն համոզված է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը գործող իշխանությունների անհապաղ հրաժարականն է, ինչը թույլ կտա զրոյացնել հայ ժողովրդի թիկունքում տրված բոլոր խոստումները, վերսկսել բանակցային գործընթացը` վերահաստատելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը ռազմավարական դաշնակցի և գործընկերների մոտ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play