Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ


Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ

  • 09-08-2022 10:58:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
civilnet. Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է խափանման միջոցը գրավով փոխելու Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը։
 
Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել, ըստ որի՝ նա 2004-2013-ին, զբաղեցնելով Հայաստանի գլխավոր դատախազի, իսկ 2014-2018-ին՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015-ին մեկ միասնական դիտավորությամբ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև անձամբ և վստահված անձանց՝ որդիների միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ։ Ըստ մեղադրանքի՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը Հովսեփյանը օրինականացրել է:
 
Բացի այդ, Աղվան Հովսեփյանը 2010-ի հոկտեմբերի սկզբներին, քննությամբ չպարզված օրը, իր պաշտոնի հեղինակությամբ ազդեցություն գործադրելով՝ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավար Հրաչյա Ավագյանին համոզելու եղանակով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունը, ապա այդ արարքի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով գույքը օրինականացրել է:
 
Մեղադրանքի համաձայն՝ Աղվան Հովսեփյանը Վարշամ Ղարիբյանի օգտին ծառայության գծով հովանավորչության համար, նրանից պահանջել և 2011-ի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ապա հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացրել է: Բացի այդ, 2017-ի ապրիլի 10-ին իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող Վրեժ Մարկոսյանին համոզելու եղանակով դրդել է վատնել նրան վստահված, Վարշամ Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը:
 
Աղվան Հովսեփյանը 2021-ի սեպտեմբերի 7-ից անազատության մեջ է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը