ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ


ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ

  • 21-09-2022 10:12:28   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 21-ին ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:
 
Ուղերձում ասված է.
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է, 31-րդ տարեդարձը: Այն խորհրդանշում է համամարդկային ու ազգային արժեքներին հայ ժողովրդի հավատարմությունը, այդ արժեքների համար պայքարելու նրա անսասան կամքն ու ազատատենչ ոգին: 
 
Հզոր, ծաղկող ու զարգացած Հայրենիքը բոլոր հայերի նվիրական երազանքն է՝ Մայր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Եվ այդ երազանքի շուրջ համախմբումը օրվա հրամայական է ու միակ ճիշտ ուղին այն իրականություն դարձնելու համար. մենք այլ ճանապարհ չունենք:
 
Այսօր կրկին հայը կանգնած է նոր լրջագույն մարտահրավերների առջև, որոնք սպառնալիք են հայոց պետականությանը, ազգային ինքնությանն ու ապագային: Պահը վճռորոշ է բազմադարյա պատմություն ու քաղաքակրթություն ունեցող  մեր ժողովրդի և հայոց աշխարհի համար:
 
Ուրեմն, եկեք բոլորս միասին, միակամ ու հաստատակամորեն, լցված հավատով ու իմաստնությամբ տեր կանգնենք հայոց անկախ պետականությանը, այն պահենք ամուր ու աներեր՝ հանուն մեր բոլոր նահատակների սուրբ հիշատակի և ապագա սերունդների: 
 
Խաղաղություն ու բարօրություն մեր Հայրենիքին և ժողովրդին»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն