Եթե Պուտինը միջուկային զենք օգտագործի, ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն կոչնչացնեն նրա զորքերը եւ Սեւծովյան նավատորմը


Եթե Պուտինը միջուկային զենք օգտագործի, ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն կոչնչացնեն նրա զորքերը եւ Սեւծովյան նավատորմը

  • 03-10-2022 15:58:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները կոչնչացնեն ռուսական զորքերը և տեխնիկան Ուկրաինայում և կխորտակեն նրա Սևծովյան նավատորմը, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զենք օգտագործի, նախազգուշացրել է ԿՀՎ նախկին տնօրեն և բանակի պաշտոնաթող գեներալ Դեյվիդ Պետրեուսը, գրում է BBC-ն։
 
Պետրեուսն ասել է, որ ինքը չի քննարկել ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ Ռուսաստանի միջուկային էսկալացիային ԱՄՆ-ի հավանական պատասխանը, բայց թե ինչպիսին կլինի այդ պատասխանը, բազմիցս ասվել է Մոսկվային:
 
Հարցին, թե Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենքի օգտագործումը պատերազմի մեջ կներքաշի՞ ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, Պետրեուսը պատասխանել է, որ դա չի գործարկի Հյուսիսատլանտյան դաշինքի հավաքական պաշտպանության մասին հոդված 5-ը, քանի որ Ուկրաինան դաշինքի մաս չէ, սակայն «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանը» տեղին կլիներ։
 
Պետրեուսը խոստովանել է, որ Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելուց հետո ռադիացիայի տարածման հնարավորությունը կարող է մեկնաբանվել որպես հարձակում ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա։ «Սա չի կարող անպատասխան մնալ»,- հավելել է պաշտոնաթող գեներալը։
 
ԿՀՎ նախկին տնօրենը կարծում է, որ Պուտինը «հուսահատ է» երկրի արևելքում ուկրաինական ուժերի հաջող հակահարձակման պատճառով։ «Ռազմի դաշտի իրականությունը, որին նա բախվում է, կարծում եմ, անշրջելի է», – ասել է Պետրեուսը: «Ոչ մի մոբիլիզացիա, ոչ մի անեքսիա, նույնիսկ քողարկված միջուկային սպառնալիքներ չեն կարող նրան դուրս բերել այս կոնկրետ իրավիճակից։ Եվ նույնիսկ մարտավարական միջուկային զենքի կիրառումը մարտի դաշտում ոչինչ չի փոխի», ասել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը