Հայ զինծառայողների գնդակահարության նոր ապացույցը բավականին ուժեղ է


Հայ զինծառայողների գնդակահարության նոր ապացույցը բավականին ուժեղ է

  • 03-10-2022 20:43:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանն է։
 
- Հայ զինծառայողների գնդակահարության փաստով Ադրբեջանի դեմ նոր դիմումներ պետք է ներկայացվեն Եվրոպական և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարաններ։ Այս հարցում ի՞նչ ընթացակարգ է գործելու, և ի՞նչ ժամկետներում  կարելի է ակնկալել իրավական ակտ։
 
- Բոլոր դեպքերում իրավական գործընթացները տևում են նվազագույնը 5-6, առավելագույնը՝ 10-15 տարի։ Կարելի է ակնկալել շտապ արձագանք դատարանի կողմից, բայց վերջնական լուծումը տարիներ կտևի։ Շտապ և ՄԻԵԴ-ը, և Հաագայի դատարանը կարձագանքեն, բայց դա կլինի սովորական ընթացակարգի շրջանակներում։ Ուղղակի այս նոր ապացույցը բավականին ուժեղ և որակապես այլ հարթության արդյունքի ապացույց է։
 
-Ադրբեջանի դեմ ի՞նչ մեխանիզմներ են գործելու, երբ դատարանները պատերազմական հանցագործության հիմքով վճիռ կայացնեն։
 
-Դժվար է ասել՝ այս ամենը կհանգեցնի քաղաքական պատասխանատվության, թե ոչ։ Բայց իրավական պատասխանատվության կհանգեցնի։
 
-Ի՞նչ ասել է իրավական պատասխանատվություն։
 
-Դատական ակտ, որը հանգեցնելու է խախտման փաստի ճանաչման, փոխհատուցման տրամադրում, քրեական հետապնդում իրականացնելու պարտավորություն։ Մենք այստեղից կարող ենք համընդհանուր իրավազորության մեխանիզմները գործի դնել, որպեսզի տվյալ անձանց և նրանց հրամանատարներին միջազգային տարբեր հարթակներում պատասխանատվության ենթարկեն։ Այսինքն, տարբեր պետություններ նրանց պատասխանատվության ենթարկելու պարտավորություն ստանձնեն։
 
-ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ նաև ադրբեջանցիների դեմ հայկական կողմի վայրագությունների մասին փաստեր է ստացել։ Արդյո՞ք հնարավոր է ՀՀ դեմ Ադրբեջանը նման հայցեր ներկայացնի։ 
 
-Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հայցեր ներկայացրել է և միջազգային դատարան, և Հաագայի դատարան։ Այլ հարց է, թե դրանք որքան են խոսուն։ Օրինակ, տեսանյութում առկա հանցագործության պես ապացույցներ ադրբեջանցիները ունե՞ն, թե՞ ոչ։
 
-Այդ տեսանյութում առկա հանցագործությանը համազո՞ր ապացույցներ։
 
-Այո, համազոր, որովհետև ադրբեջանցիները սովորաբար աշխատում են ստեղծել հայելային վիճակ։ Դա նրանց ձեռագիրն է։ Բայց, օրինակ, Եվրոպական դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 6 վճռի դեմ Ադրբեջանն ունի միայն 1 վճիռ՝ ընդդեմ Հայաստանի։ Եվ այդ 6 վճիռները տարբեր փաստական հանգամանքներ, տարբեր կոնտեքստներ են, որը խոսում է այն մասին, որ սա պետական քաղաքականություն է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը