Բայդենը հայտարարել է այս շաբաթ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին


Բայդենը հայտարարել է այս շաբաթ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին

  • 04-10-2022 11:44:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԱՄՆ-ն այս շաբաթ նոր պատժամիջոցներ կսահմանի իրանցի պաշտոնյաների նկատմամբ, որոնք Վաշինգտոնի կարծիքով մասնակցում են երկրում ցուցարարների դեմ բռնություններին: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։
 
«Ես շարունակում եմ լրջորեն մտահոգված լինել Իրանում խաղաղ բողոքի ցույցերի ուժգնացող բռնությամբ, ներառյալ ուսանողների և կանանց դեմ, ովքեր պահանջում են հավասար իրավունքներ և հարգանք մարդկային արժանապատվության նկատմամբ», - ասել է Բայդենը:
 
«Այս շաբաթ Միացյալ Նահանգները նոր միջոցներ կձեռնարկի նրանց դեմ, ովքեր բռնություն են գործադրում խաղաղ ցուցարարների նկատմամբ: Մենք կշարունակենք պատասխանատվության ենթարկել իրանցի պաշտոնյաներին և աջակցել Իրանի ժողովրդի՝ խաղաղ բողոքի ցույց անելու իրավունքին», - հավելել է Բայդենը:
 
Սեպտեմբերին ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Իրանի փոխոստիկանության, ինչպես նաև մի շարք պաշտոնյաների նկատմամբ։ Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր ընդհանուր լիցենզիա է տրամադրել, որն ընդլայնում է Իրանին կապի ծառայություններ մատակարարելու հնարավորությունը։ ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ դա արվել է «տեղեկատվության ազատ փոխանակմանը և Իրանի ժողովրդի տեղեկատվության հասանելիությանը աջակցելու համար»՝ բողոքի ակցիաների ֆոնին իրանական իշխանությունների կողմից ինտերնետ հասանելիության սահմանափակումների պայմաններում:
 
Հիշեցնենք՝ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի 17-ին՝ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ սեպտեմբերի 16-ին բարոյականության ոստիկանությունը բերման է ենթարկել մի քուրդ աղջկա՝ գլխաշորը ոչ ճիշտ կրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ստացել, որից մահացել է։ Սակայն սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։
 
Ցուցարարները հարձակվել են իրավապահների և Բասիջ միլիցիայի անդամների վրա, պղծել Ղուրանը, հարձակվել հիջաբով կանանց վրա, հրկիզել մզկիթներ, կառավարական շենքեր, շտապօգնության մեքենաներ և բենզալցակայաններ, կան տասնյակ զոհեր և եռակի անգամ շատ վիրավորներ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play