Քննարկվել են սպորտի ասպարեզում հայ-սիրիական համագործակցության հեռանկարները


Քննարկվել են սպորտի ասպարեզում հայ-սիրիական համագործակցության հեռանկարները

  • 04-10-2022 11:50:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի բնգավառում հայ-սիրիական համագործակցության հեռանկարները:
 
Կարեն Գիլոյանը ողջունել է դեսպանին` ընդգծելով, որ Հայաստանի և Սիրիայի բարեկամությունն ամրապնդվել է մեր ժողովրդի համար պատմականորեն դժվարին ժամանակահատվածում:
 
«Սիրիան իր հարկի տակ ընդունել է մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին՝ հնարավորություն տալով պահպանելու մեր լեզուն, մշակույթը և արվեստը: Խորին ակնածանք ունեմ սիրիացիների հանդեպ»,- նշել է Կարեն Գիլոյանը:
 
Արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և վստահեցրել, որ Սիրիայի կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ շփումները և հետաքրքրված է սպորտի ասպարեզում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերով. «Սիրիայի կառավարությունը, մասնավորապես սպորտը համակարգող կառույցը մեծ ցանկություն ունի զարգացնելու և ամրապնդելու սպորտային ասպարեզում Հայաստանի հետ համագործակցությունը: Գիտենք, որ Հայաստանը պատմականորեն մեծ հաջողություններ է գրանցել սպորտում, ունի տիտղոսակիր և ուժեղ մարզիկներ, որոնք կարող են իրենց փորձառությամբ կիսվել և օգտակար լինել մեր երիտասարդ մարզիկներին»:
 
Խոսելով սպորտային հնարավոր համագործակցությունների մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել դիտարկելու համագործակցության առաջարկները. «Հնարավորության սահմաններում կարող ենք տրամադրել մարզիչներ, որոնք վարպետության դասեր կանցկացնեն սիրիացի մարզիկների համար հատկապես մենապայքարային մարզաձևերում:  Մեր տիտղոսակիր մարզիկները ևս կարող են իրենց փորձով կիսվել ձեր մարզիկների հետ: Կարող ենք նաև համատեղ ուսումնամարզական հավաքներ կազմակերպել: 
 
Համագործակցության լայն հեռանկարներ կան: Պատրաստ ենք կիսվել մեր փորձով և հնարավորինս նպաստել բարեկամ Սիրիայում սպորտի զարգացմանը: Մեր մարզիկների համար ևս օգտակար կլինի նմանօրինակ փորձառությունը»:
 
Կողմերը քննարկել են նաև Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հոկտեմբերին 10-ին մեկնարկելիք պարալիմպիկ խաղերում Հայաստանի ներկայացուցիչների հնարավոր մասնակցության հարցը:
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը