Գլխավոր դատախազը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է համագործակցությունը զարգացնելու օրակարգը


Գլխավոր դատախազը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է համագործակցությունը զարգացնելու օրակարգը

  • 05-10-2022 10:20:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը:
 
Դեսպանը շնորհավորել է Աննա Վարդապետյանին ժողովրդավարական զարգացումների համատեքստում կարևոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ ԱՄՆ կառավարությունը միտված է ընդլայնելու առկա համագործակցությունը Հայաստանի գլխավոր դատախազութան հետ:
 
Աննա Վարդապետյանը կարևորել է ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումը՝ նշելով, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին աջակցող երկրի գործընկերների հետ համագործակցության օրակարգը զարգացնելու պատրաստակամություն ունի: Այդ համատեքստում ընդգծվել է դեսպանության ներդրումը Հայաստանի դատախազների մասնագիտական որակավորման զարգացման գործընթացում:
 
Դեսպանի խնդրանքով, գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության առաջնահերթությունները, դրանք են՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի զարգացումն ու պատերազմական հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացումը: 
 
Անդրադառնալով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ Աննա Վարդապետյանը նշել է. «Ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները կրկին կանգնած են մարտահրավերների առաջ, և դրանց դիմակայելու Հայաստանի ջանքերին օգնության պետք է հասնեն այդ արժեքները կրող պետությունները՝ ի դեմս ԱՄՆ-ի»: Այս առումով Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հասցեական արվող հայտարարությունները՝ վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժը պետք է անհապաղ դուրս բերվի, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և պետք է պահպանվի հրադադարը:
 
Հանդիպման ընթացքում գլխավոր դատախազ Վարդապետյանը և դեսպան Թրեյսին քննարկել են նաև օրակարգային այլ հարցեր:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն