Եվրոպան կտրվի՞ Հայաստանի հաշվին ռուս-թուրքական գորշ սխեմաների գայթակղությանը


Եվրոպան կտրվի՞ Հայաստանի հաշվին ռուս-թուրքական գորշ սխեմաների գայթակղությանը

  • 05-10-2022 13:26:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Եվրախորհրդարանի պատգամավորները բանավեճի ժամանակ խոսել են «ԵՄ երկակի ստանդարտների մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին եւ Ադրբեջանին», ադրբեջանական գազից հրաժարվելու կոչեր են հնչել։
 
Պատգամավորներից մեկն ասել է, որ ԵՄ ղեկավարության համար ադրբեջանական գազն ավելի կարեւոր է, քան հայերի արյունը։ Բորելը վրդովվել է այդ համեմատությունից, որը նա անվանել է «աբսուրդ», տեղեկացնում են զլմ-ները:
 
Ինչպես հայտնի է, Եվրամիությունը եւ Բաքուն համաձայնություն են ստորագրել գազի մատակարարումների վերաբերյալ, որպես այլընտրանք ռուսական գազի։ Մոսկվան նվազեցրել, իսկ որոշ դեպքերում էլ դադարեցրել է եվրոպական երկրների գազամատակարարումը շինծու պատճառաբանություններով, ինչը դժվար վիճակի մեջ է դրել Եվրամիությանը։
 
Բաքվի գազի ծավալներն այնքան էլ մեծ չեն, խոսք է գնում 2027-ին դրանց կրկնապատկման մտադրության մասին, ինչը նույնպես փոքր թիվ է՝ համեմատած Եվրոպայի կարիքների հետ։ Այնուամենայնիվ, Եվրոպան փորձում է տարբեր միջոցներով լուծել գազամատակարարման դիվերսիֆիկացման խնդիրը։
 
Մյուս կողմից, այստեղ առկա է մի խնդիր, որի մասին արդեն գրում են արեւմտյան հեղինակավոր մի շարք պարբերականներ։
 
Մոսկվան, գազի մատակարարումների սահմանափակմամբ կամ դադարեցմամբ ճնշում գործադրելով ԵՄ վրա՝ պատժամիջոցները հանելու եւ Ուկրաինայում հրադադար պարտադրելու նպատակով, միաժամանակ կանգնել է այլ շուկաներում գազի համապատասխան ծավալների իրացման խնդրի առաջ։ Այսինքն, հնարավոր չէ փոխհատուցել եվրոպական շուկայում կորուստները, ինչը սպառնում է նաեւ ՌԴ ֆինանսական համակարգին։ Առավել եւս ռուսական նավթի ու գազի հնարավոր էմբարգոյի դեպքում։
 
Այս ֆոնին, Մոսկվան Բաքվի ու Անկարայի հետ դիտարկում է էներգետիկ ռեսուրսները Եվրոպա արտահանելու գորշ սխեմաների եւ հաղորդակցությունների հարցը։ Ռուս եւ թուրք պաշտոնյաներն ըստ էության դա չեն էլ թաքցնում։ Ընդ որում, այս սխեմային կարող է միանալ Ղազախստանը, եւ դրա նախադեպն արդեն կա նավթի մատակարարման հարցում։
 
Պարզ ասած, ռուսական գազը Եվրոպա կարող է արտահանվել որպես «ադրբեջանական գազ», քանի որ բաքուն այդքան ծավալներ չի կարող ապահովել։ Հայաստանի հարավի անեքսիայի եւ ռուսական ՖՍԲ-ի վերահսկողությամբ հաղորդակցությունների բացման ռուս-թուրքական ծրագիրը հետապնդում է նաեւ այդ նպատակը, եւ պատահական չեն ՀՀ հարավով նավթամուղերի ու գազամուղերի մասին խոսակցությունները։ Բանն այն է, որներկայում գործող ենթակառուցվածքները կարող են խնդրահարույց դառնալ պատժամիջոցների տեսակետից։
 
Դժվար թե Եվրոպական կառույցների եւ պետությունների ղեկավարները տեղյակ չեն այս ծրագրերին։ Միեւնույն ժամանակ, տասնամյակներ շարունակ ռուսական էժան գազը վայելող Եվրոպայում Գազպրոմի ֆինանսական հովանու ներքո բուծվել է քաղաքական գործիչների, զլմ-ների, վարձու փորձագետների մի ողջ բանակ, որոնք այս օրերին եվրոպական առաջիկա ապոկալիպսիսի վերաբերյալ ահռելի աղմուկ են բարձրացրել, ինչն անկասկած ազդում է կառավարությունների եւ եվրաչինովնիկների տրամադրությունների վրա։
 
Եվրոպան կտրվի՞ Հայաստանի հաշվին ռուս-թուրքական գորշ սխեմաների գայթակղությանը, ավելի ճիշտ՝ ոճրագործությանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը