Խնդրի լուծումը՝ միայն իրավական ուժ ունեցող փաստաթղթերով. հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն իրավական հենքից կտրելու փորձերը տանելու են փակուղի


Խնդրի լուծումը՝ միայն իրավական ուժ ունեցող փաստաթղթերով. հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն իրավական հենքից կտրելու փորձերը տանելու են փակուղի

  • 05-10-2022 14:20:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի Հանրապետություն օրաթերթ. Հայաստանյան մամուլում եւ սոցիալական ցանցերի տիրույթում ակտիվորեն քննարկվում են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում Բաքվի ներկայացրած ենթադրյալ 5 պահանջները: Դատելով Ադրբեջանի գործողություններից՝ հավանականությունը մեծ է, որ հրապարակված կետերը  վերջինս, իրոք, ներկայացրել է որպես բանակցությունների հիմք:
 
Դրանցում, թերեւս, նորությունն այն կետն է, որով առաջարկվում է սահմանագծման եւ սահմանազատման գործընթացն իրականացնել 1919, 1920 թթ. քարտեզներով:
 
Ստացվում է, որ Ադրբեջանն առաջարկում է սահմանազատում իրականացնել  այնպիսի փաստաթղթերով, որոնք չունեն իրավական որեւէ ուժ: Ըստ էության՝ այս մասին էին ՀՀ քաղաքական բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչների պարբերաբար արված հայտարարությունները, որ սահմանազատումը պետք է իրականացվի իրավական հիմքերի վրա, այսինքն՝ միջազգային որեւէ ձեւաչափով հաստատված քարտեզներով: Վերջին պահանջը միայն Հայաստանինը չէ, այն թելադրված է միջազգային իրավունքով եւ պրակտիկայով: Եթե պետությունների միջեւ արդեն կան միջազգայնորեն ընդունված որոշակի սահմաններ, ապա սահմանագծումը պետք է արվի բացառապես դրա հիման վրա՝ որոշակի շտկումներ իրականացնելու նպատակով:
 
Այս ամենին հակառակ ի՞նչ է առաջարկում պաշտոնական Բաքուն: Մեծ հավանականությամբ՝ առաջարկվում է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հիմքում դնել 1918-1920 թթ. մուսաֆաթական Ադրբեջանի ենթադրյալ քարտեզը, որը գծել էր այդ նորաստեղծ միավորման այն ժամանակվա ղեկավարությունը: Այդ քարտեզով Ադրբեջանի տարածքում ընդգրկված են ոչ միայն ՀՀ-ի, այլեւ Վրաստանի, ՌԴ-ի եւ Իրանի տարածքներ, ինչն աբսուրդային էին գնահատել դեռ այն ժամանակ գործող միջազգային կառույցները: Սա է պատճառը, որ 20-րդ դարի սկզբին ՄԱԿ-ի իրավանախորդը՝ Ազգերի լիգան, չընդունեց Ադրբեջանի ներկայացրած քարտեզը, ասել է թե՝ դե ֆակտո ճանաչեց մուսաֆաթական Ադրբեջանը, որն անվանվում էր դեմոկրատական, բայց դե յուրե՝ սահմաններով չճանաչեց այդ միավորը՝ ներկայացված քարտեզների աբսուրդային մեծ անճշտությունների պատճառով: Այն տարիներին Ադրբեջանն իր տարածքի մեջ էր ընդգրկել բոլոր այն շրջանները, որտեղ ապրել են որոշակի քանակով մահմեդականներ՝ անկախ նրանց ազգությունից: Ներկայացված քարտեզը օրինաչափորեն մերժվել էր Ազգերի լիգայի կողմից, որից հետո արդեն խորհրդայնացված Անդրկովկասում իրավաբանորեն  հաստատվել էին այն ժամանակ միջազգայնորեն ճանաչված ԽՍՀՄ ներքին վարչական միութենական քարտեզները:
 
Ավելորդ է հիշեցնել, որ 1991 թ. փլուզված ԽՍՀՄ սուբյեկտներին ՄԱԿ-ը ճանաչել է հենց այդ քարտեզների հիման վրա: Կարծել, թե Ադրբեջանը չգիտի այս ճշմարտությունը, ճիշտ չէր լինի, հետեւաբար՝ նման առաջարկ ներկայացնելը կամ այդ երկրի եւ նրա «ավագ եղբոր»՝ Թուրքիայի մաքսիմալիստական, ծավալապաշտական ձգտումների արգասիք է, կամ խաղաղության գործընթացը փակուղի տանելու ձգտում: Այլ կերպ հնարավոր չէ ձեւակերպել նման առանցքային բանակցությունների հիմք իրավական ուժ չունեցող փաստաթղթի բերումը, որը ոչ միայն իրատեսական չէ, այլեւ զավեշտի է վերածում բանակցային ողջ գործընթացը: Ներկայում երկու երկրների միջեւ խաղաղության փաստաթղթի նախապատրաստման եւ ստորագրման գործընթաց է իրականացվում միջազգային հանրահայտ նորմերին համապատասխան, հետեւաբար, այն պետք է ընթանա հիմնավոր փաստարկների, այն է՝ իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա, ինչը պարտադիր պայման է միջազգային իրավունքի տեսանկյունից միջազգային հարաբերությունների համար:
 
Այսպիսով՝ խաղաղության գործընթացում արդյունք նախանշելու համար անհրաժեշտ է իջնել գետնի վրա եւ հրաժարվել իդեալիստական մոտեցումներից, առավել եւս, երբ խոսքը երկու միջազգային սուբյեկտների հարաբերությունների եւ հետպատերազմյան բարձր զգայուն իրավիճակի մասին է: 
 
Արմեն Վարդանյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը