Որոշումն ամբողջությամբ իմն է․ Տիգրան Պետրոսյանն ազատվել է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնից


Որոշումն ամբողջությամբ իմն է․ Տիգրան Պետրոսյանն ազատվել է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնից

  • 14-10-2022 20:21:28   | Շիրակի մարզ  |  Հասարակություն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Տիգրան Պետրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում Պետրոսյանը գրել է․
 
«Հարգելի ընկերներ,
ՀԱՊՀ հարգարժան գործընկերներ,
մասնաճյուղի սիրելի ուսանողներ և աշակերտներ,
 
Երեկ, ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում, վերջին անգամ մասնակցել եմ մասնաճյուղի գիտական խորհրդի նիստին, որտեղ ներկայացրել եմ մասնաճյուղի 2021-2022թթ. ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը, մասնաճյուղի և ընդհանրապես մարզային կրթության բնագավառում առկա մարտահրավերներին դիմագրավելու նշմարվող ուղիների իմ տեսլականը: Օգտվելով առիթից՝ իմ խորին շնորհակալություն եմ հայտնել մայր ԲՈՒՀ-ի և մասնաճյուղի ողջ անձակազմին, ուսանողական ու աշակերտական համակազմին՝ նպատակասլաց և արդյունավետ աշխատանքային տարվա համար: Հուսամ, անձամբ առիթ և ցանկություն կունենաք այցելելու, ծանոթանալու պոլիտեխնիկյան մեր նորացված առօրյային և ինչու ոչ ձեր և ձեր հարազատների կրթության կարևոր առաքելությունը վստահել մեր մասնաճյուղին:
 
Նշեմ, որ դիմում էի ներկայացրել ՀԱՊՀ ռեկտորին մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, որն ընդունվել է: Շնորհակալ եմ Գոռ Վարդանյանին լիարժեք վստահության և այս ամբողջ ընթացքում մասնաճյուղին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար, որի վերջին դրսևորումն էր հենց երեկ մասնաճյուղում բացված նոր համակարգչային լաբորատորիան: Առավել քան վստահ եմ, որ Պոլիտեխնիկը լուրջ առաջընթաց է գրանցելու նրա ղեկավարման տարիներին:
 
Այս ընթացքում շրջանառվող շահարկումներին վերջ տալու նպատակով՝ շեշտեմ, որ սույն որոշումն ամբողջությամբ իմն է: Շարունակելու եմ դասավանդել իմ հարազատ ԲՈՒՀ-ում, ղեկավարել ուսանողների ավարտական աշխատանքներ, աշխատել և ջատագովել հանուն մեր երկրում և հատկապես մարզերում որակյալ կրթական միջավայրերի ձևավորման, սակայն օրվա իրողություններում ինձ չեմ տեսնում կրթության ոլորտի պաշտոնատար անձի կարգավիճակում: Չեմ ցանկանում առավել ընդլայնվել պատճառների ներկայացման հարցում, և պետք է խնդրեմ լրատվական դաշտին պարզապես ի գիտություն ընդունել այս մոտեցումը և դրանից վերնագրեր չսարքել. «սենսացիոն» վերնագրերի պակաս այսօր ցավոք չկա...
 
Հաջողություններ եմ ցանկանում իմ գործընկեր Արթուր Կոստանդյանին այս պատասխանատու պաշտոնում և աջակցությունս եմ հայտնում Գյումրու մասնաճյուղի զարգացման բոլոր նախաձեռնություններում»:
 
Ավելի վաղ  «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Պետրոսյանը չեր հերքել իր կողմից աշխատանքից ազատման դւմում գրելու տեղեկությունը, սակայն նախընտրել էր այդ պահին չխոսել պատճառների մասին։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն