Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել․ նա հայտնել է նոր աշխատանքի անցնելու մասին


Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել․ նա հայտնել է նոր աշխատանքի անցնելու մասին

  • 24-10-2022 19:02:55   | Հայաստան  |  Հասարակություն

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Վերջինս այդ մասին հայտնել է ֆեյսբուքի իր էջում:
 
 
«Հարգելի՛ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, սիրելի՛ երևանցիներ,
 
այսօր դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելու համար։
 
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը ղեկավարելուս յոթ ամիսների ընթացքում կատարվեց բավականին մեծածավալ աշխատանք, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ամբողջ աշխատակազմին՝ բարեխիղճ ու սրտացավ աշխատանքի համար։
 
Շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին և վարչական շրջանների աշխատանքը համակարգող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ բարձր վստահության և արդյունավետ համագործակցության համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանի ավագանու անդամներին, Երևանի քաղաքապետի տեղակալներին ու քաղաքապետարանի վարչությունների պետերին՝ հանուն Երևանի կատարած համատեղ աշխատանքի համար։
 
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող բոլոր դպրոցների, համատիրությունների և մանկապարտեզների ղեկավարներին՝ համատեղ իրականացված հրաշալի աշխատանքի համար։
 
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ մոտ ժամանակներս տեղափոխվելու եմ այլ աշխատանքի՝ շարունակելով ծառայել Հայրենիքիս»,- գրել է նա:
 
Գրառմանը կից Կատվալյանը ներկայացրել է 2022 թվականի մարտից մինչև հոկտեմբեր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կատարված աշխատանքները։
 
Նշենք, որ Սաշա Կատվալյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում էր նշանակվել ընթացիկ տարվա մարտից։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն