Խելացի DDoS-գրոհները երրորդ եռամսյակում երկու ռեկորդ են սահմանել


Խելացի DDoS-գրոհները երրորդ եռամսյակում երկու ռեկորդ են սահմանել

  • 15-11-2022 15:01:00   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: Այս տարվա երրորդ եռամսյակում Kaspersky DDoS Intelligence համակարգի կողմից աշխարհում հայտնաբերված DDoS-գրոհների թիվը կրկին նվազել է. նախորդ հաշվետու ժամանակահատվածում այն հունվար-մարտի համեմատ նվազել է 13,72%-ով, ընթացիկ ժամանակահատվածում՝ ևս 27,29%-ով՝ հասնելով 57 116-ի։
 
Միաժամանակ, «Կասպերսկի» ընկերության փորձագետները դիտարկում են խելացի գրոհների մասնաբաժնի շարունակական աճի անսովոր միտում, որն արդեն գերազանցել է կեսը և կազմել ավելի քան 53%՝ ռեկորդ դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Նրանք պարզաբանում են, որ խելացի գրոհները օգտագործում են պաշտպանված https-միացումներ և այդպիսով խուսափում  պաշտպանական համակարգերի հայտնաբերումից: Այդ եռամսյակում գերազանցվել է նաև https-արձանագրության միջոցով մեկ վայրկյանում կատարվող հարցումների քանակի ռեկորդը. Google Cloud Armor-ի հաճախորդի վրա DDoS-գրոհի դեպքում առավելագույն արժեքը հասել է վայրկյանում 46 մլն հարցման:
 
Փորձագետների տվյալներով՝ ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբերին DDoS- գրոհների մասով տեղեկատվական ֆոնի հիմքը շարունակել են ստեղծել աշխարհաքաղաքական դրդապատճառներով ակցիաները։ 
 
2022-ի երրորդ եռամսյակում առաջին չորս երկրները, որոնց ռեսուրսներն առավել հաճախ են գրոհել, չեն փոխվել նախորդ հաշվետու ժամանակահատվածի համեմատ. դրանք են ԱՄՆ-ը (39,60%), Չինաստանը (13,98%) Գերմանիան (5,07%) և Ֆրանսիան (4,81%)։
 
DDoS-գրոհների ունիկալ թիրախների բաշխումը ըստ երկրների և տարածքների գրեթե ամբողջությամբ կրկնում է գրոհների վարկանիշը: Առաջին տեղում ԱՄՆ-ն է (39,61%), երկրորդում ՝ Չինաստանը (12,41%), երրորդում՝ նախկինի պես Գերմանիան է (5,28%), իսկ չորրորդում՝ Ֆրանսիան (4,79%)։
 
Բոտնետները կառավարող DDoS-գրոհների սերվերները շարունակում են գտնվել հիմնականում ԱՄՆ-ում (43,10%), որին հաջորդում են Գերմանիան (10,19%), Նիդերլանդները (9,34%) և Ռուսաստանը (5,94%):
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ