ԱՀ Նախագահ Հարությունյանը Ստեփանակերտում մասնակցել է Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը


ԱՀ Նախագահ Հարությունյանը Ստեփանակերտում մասնակցել է Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը

  • 19-11-2022 13:32:50   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին Ստեփանակերտում մասնակցել է ԱՀ իշխանությունների նախաձեռնությամբ և  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ,  բարերար  Գագիկ Ծառուկյանի  հովանավորությամբ հիմնադրված Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ 
 
Կառույցի գործունեությունն ուղղված կլինի  ռուսաց լեզվի,  ռուսական մշակույթի և պատմության մասսայականացմանը, կրթության ոլորտում երկխոսության և սերտ  համագործակցության զարգացմանը։ Առկա հարուստ գրքային ֆոնդի շնորհիվ մատաղ սերունդը  հնարավորություն կունենա նաև  ուսումնասիրելու ռուս գրողների ստեղծագործություններ։ 
 
Նախագահ Հարությունյանը կարևորել է նման հաստատությունների գործունեության  կարևորությունը մշակույթի և կրթության ոլորտում հայ֊ռուսական կապերի հետագա զարգացման տեսանկյունից։ 
 
«Ռուսական կենտրոնների բացումը հանդիսանում է հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության ևս մեկ ակնառու ապացույց և մեր սերտ համագործակցության վառ օրինակ։  Արցախում միշտ հատուկ ուշադրություն է դարձվել ռուսաց լեզվի ուսումնասիրությանը, իսկ կենտրոնի բացումն  առավել  քան պահանջված է   ներկա պայմաններում», - նշել է Արայիկ Հարությունյանը։ 
 
Նախաձեռնության կարևորությունն ընդգծող  խոսքով հանդես են եկել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանը, հանրային գործիչներ, ովքեր համոզմունք են հայտնել, որ կենտրոնը կդառնա կարևոր մշակութային և կրթական օջախ բոլոր արցախցիների համար։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն