Հայաստանը մասնակցել է «Աշխարհի հմտություններ» 46-րդ միջազգային մրցույթին


Հայաստանը մասնակցել է «Աշխարհի հմտություններ» 46-րդ միջազգային մրցույթին

  • 21-11-2022 15:59:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Հայաստանի հմտություններ» (WorldSkills Armenia) ազգային մրցույթի հաղթողները մասնակցել են «Աշխարհի հմտություններ (WorldSkills International)» 46-րդ միջազգային մրցույթին՝ «Խոհարարություն», «Մեխատրոնիկա», «Վեբ տեխնոլոգիաներ» մասնագիտություններով:
 
Հայաստանը 2012 թվականից դարձել է «Աշխարհի հմտություններ» (WorldSkills)   միջազգային կազմակերպության անդամ, որտեղ մեր երկիրը ներկայացնում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ): 
 
Այս տարի լրանում է Հայաստանի անդամակցության 10-ամյակը: Հայաստանի ազգային թիմը 4-րդ անգամ է մասնակցել հմտությունների մրցութներին: Մասնակիցները նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության հաստատությունների ուսանողները կամ շրջանավարտներն են, որոնք  իրենց հմտությունները ներկայացնում են 85 անդամ երկրների երիտասարդներին միավորող համաշխարհային հարթակում:   
 
«Աշխարհի հմտություններ» միջազգային մրցույթի արդյունքների ամփոփման և «Ազգային թիմի լավագույն մասնակից» անվանակարգով մեդալով պարգևատրման արարողությանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: 
 
Նախարարի տեղակալը, շնորհավորելով մրցույթի բոլոր մասնակիցներին, նշել է, որ այսօրինակ միջոցառումների կազմակերպումը լրացուցիչ առիթ է՝ ցույց տալու, թե ինչ կարևոր գործունեություն են ծավալում նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները:
 
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ միջազգային մրցույթը նաև կարևոր ստուգատես է ոլորտի հաջողությունները տեսանելի դարձնելու առումով, այդ թվում՝ միջազգային ասպարեզում՝ Հայաստանի արդյունքները համադրելի դարձնելով այլ երկրների հետ:
 
«Համոզված եմ, որ «Աշխարհի հմտություններ» միջազգային մրցույթից հետո մեր ուսանողներն ավելի մեծ ոգևորությամբ են շարունակելու սովորել և հմտանալ: Նմանօրինակ մրցույթները փաստում են, թե ինչքան կարևոր են աշխատանքի վրա հիմնված ուսուցումը, ինչպես նաև կարճաժամկետ ծրագրերի ընթացքում ստացված արդյունքները: Ուզում եմ նաև ձեզ տեղեկացնել, որ ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը, որով նախատեսվում է ոլորտում ներդնել մի շարք նոր ընթացակարգեր, որոնք ուղղված կլինեն քոլեջների և ուսումնարանների աշխատակիցների մասնագիտական զարգացման ու վարձատրության փոխկապակցված մեխանիզմին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր ուսհաստատությունների մանկավարժներին և ուսանողներին կատարած մեծ աշխատանքի համար: 
 
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն, «Աշխարհի հմտություններ» կազմակերպության՝ Հայաստանի պաշտոնական պատվիրակ Տաթևիկ Գասպարյանն իր հերթին նշել է, որ «Աշխարհի հմտություններ» միջազգային կազմակերպության հիմնական նպատակն ու առաքելությունն է բարելավել աշխարհը հմտությունների միջոցով. «Այս մրցույթի առաջնային խնդիրն է աջակցել և աշխարհին ներկայացնել հմուտ մասնագետներին՝ ցույց տալով, թե որքան կարևոր են հմտությունները տնտեսական աճի և անձնական հաջողությունների համար: Այս կազմակերպությունը լավագույն օրինակն է գործարար աշխարհի և պետական կառույցների՝ մասնավորապես կրթության ոլորտի, փոխշահավետ և շարունակական համագործակցության»:
 
Միջոցառման ընթացքում «WorldSkills Armenia»-ի կողմից պատվոգրերի և շնորհակալագրերի են արժանացել «Աշխարհի հմտություններ» միջազգային մրցույթների նախորդ տարիների փորձագետները, հովանավորները, իսկ «Աշխարհի հմտություններ» կազմակերպության կողմից մեդալ է շնորհվել «Ազգային թիմի լավագույն մասնակից» անվանակարգով ազգային թիմի «Մեխատրոնիկա» հմտության մասնակիցներ Գոռ Դիլանյանին և Հովհաննես Թևանյանին:
 
Մեդալը մասնակիցներին հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նախարարի տեղակալը ևս հատուկ շնորհակալագրի է արժանացել «WorldSkills Armenia»-ի կողմից՝ «Աշխարհի հմտություններ» շարժմանն աջակցելու գործում ունեցած արժեքավոր ներդրումների համար:
 
ՀՀ ԿԳՄՍՆ 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play