Հայկ Խանումյանի պաշտոնավարումը դադարեցվել է․ ԱՀ դատախազություն


Հայկ Խանումյանի պաշտոնավարումը դադարեցվել է․ ԱՀ դատախազություն

  • 22-11-2022 20:07:49   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը գրել է, որ «նոյեմբերի 23-ին, մոտ 2 տարի պաշտոնավարելուց հետո, կդադարեմ զբաղեցնել ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը: Արցախում կառավարության նոր կազմ է ձևավորվում, որի մեջ ես չեմ լինի: Կառավարությունն Արցախում ամենակազմակերպված մարմինն է և այն զգում է բոլորիս աջակցության կարիքը: Արցախի կառավարության ձախողումը, անկախ կազմից, կարող է ճակատագրական լինել ամբողջ հայության համար: Հետևաբար Արցախի կառավարությունը կարիք ունի ամբողջ հայության աջակցությանը: Շնորհակալություն եմ հայտնում ԱՀ նախագահին և կառավարության գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար: Երախտապարտ եմ նախարարության և ենթակա կառույցների բոլոր աշխատակիցներին ճգնաժամային ու վերականգնման ժամանակաշրջանում այս ծանր բեռն իրենց ուսերին կրելու համար: Մենք աշխատել ենք՝ առանց ուշադրություն դարձնելու բազմաթիվ հարձակումներին, անարդար թիրախավորմանը, նախարարի ու նախարարության դեմ կազմակերպված արշավներին, իրենց պետական ինստիտուտների տեղ դրած թայֆաների կողմից ստեղծված շինծու քրեական գործերին: Շարունակում եմ գործել հանուն մեծ նպատակի՝ ուղղված Արցախը հայկական սուվերենության ներքո պահելուն», գրել է նա:
 
Իր հերթին, Արցախի գլխավոր դատախազությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը․ «21.11.2022թ. «hraparak.am» կայքում հրապարկվել էր «Գլխավոր դատախազը հրաժարական կտա՞» վերտառությամբ հոդվածը, որում ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քննվող՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կապված քրեական գործի քննության առարկային և դատավարական գործընթացներին հաղորդվել են, մեղմ ասած, այլ երանգներ, զուգակցվել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով: Հետաքրքրականն այն է, որ հիշյալ հրապարակումն արվել էր նույն օրը, երբ քրեական գործը քննող քննիչի կողմից որոշում էր կայացվել մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցնելու մասին»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն