Վատ չէր լինի, որ Ադրբեջանի ՊՆ-ն կասկածի տակ չդներ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը. ՌԴ ՊՆ


Վատ չէր լինի, որ Ադրբեջանի ՊՆ-ն կասկածի տակ չդներ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը. ՌԴ ՊՆ

  • 25-11-2022 20:13:40   | Արցախ (ԼՂՀ)  |  Իրավունք

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը ուսումնական և մարտական առաջադրանքներ կատարելիս օգտագործում է ՌԴ ԶՈՒ ԳՇ տեղագրական քարտեզներով սահմանված տեղանունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՌԴ պաշտպանության նախարարությունն  անդրադարձել է Բաքվի քննադատությանը:
 
«Մաղավուզ բնակավայրի անվանման վերաբերյալ Բաքվի քննադատությունը զարմանալի է, քանի որ նախկինում և բազմիցս ՌԴ ՊՆ տեղեկագրերում օգտագործվել են այլ՝ ոչ ադրբեջանական տեղանուններ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքով Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյունների ուղեկցումն ապահովելու համատեքստում։ Սակայն, դա տեղեկատվական տարածքում պահանջների չհանգեցրեց։ Ավելին, շարասյուների շարժման երթուղին համակարգելիս և ռուս խաղաղապահների հետ փոխգործակցություն կազմակերպելիս ադրբեջանական կողմն օգտագործում է նաև այդ տեղանունները», - ասվում է հաղորդագրությունում։
 
Նշվում է, որ ՌԴ ՊՆ տեղեկագրերում հրապարակվող հրադադարի ռեժիմի խախտումների մասին տեղեկատվությունն արձանագրվում է խաղաղապահների դիտակետերում՝ օգտագործելով օբյեկտիվ հսկողության տեխնիկա, որը թույլ է տալիս դիտորդություն իրականացնել օրվա ցանկացած ժամի։
 
«Վատ չէր լինի, որ Ադրբեջանի ՊՆ-ն նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը և նրա հետ սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ տեղում շարունակի տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու աշխատանքը», - նշվում է հայտարարությունում։
 
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ` կոչ անելով Մոսկվային Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական տեղանուններ օգտագործել։
 
Խաղաղապահ զորախմբի նոյեմբերի 24-ի տարածած հաղորդագրությունում նշվում էր այն մասին, որ իր վերահսկողության ներքո գտնվող տարածքում հրադադարի պահպանման ռեժիմի խախտում է արձանագրվել ադրբեջանական կողմից. միջադեպը գրանցվել էր Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի հարևանությամբ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play