Շուտով կտեսնենք արդյունքները․ Սաֆարյանը՝ Հնդկաստանի հետ համագործակցության մասին


Շուտով կտեսնենք արդյունքները․ Սաֆարյանը՝ Հնդկաստանի հետ համագործակցության մասին

  • 28-11-2022 12:01:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՀՀ փոխարտգործնախարարի խոսքով՝ վերջին 6 ամիսներին կարևոր հանդիպումներ են կայացել, որոնց արդյունքները կերևան շուտով։
 
Հայաստանն իր պաշտպանողակությունը բարձրացնելու և տնտեսությունը զարգացնելու համար իրապես կարող է օգտվել Հնդկաստանի արագ առաջընթացից։ Հայաստըանում անցկացվող «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով առաջին միջազգային գիտաժողովի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
 
Նշենք, որ գիտաժողովն անցկացվում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում։
 
Փոխնախարարի խոսքով` դեռևս կա հսկայական չօգտագործված ներուժ` զարգացնելու երկկողմ տնտեսական հարաբերությունները, առևտուրը, օգտագործելու ներդրումային հարաբերությունները։
 
«Հնդկաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացումն ու առաջխաղացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից է։ Վերջին ժամանակահատվածում ակտիվ աշխատանք է կատարվել 2 երկրների պաշտպանական ոլորտում, միջազգային տրանսպորտի ու հաղորդացության, տուրիզմի և այլ ոլորտներում»,–ասաց Սաֆարյանը։
 
Նա վստահեցրեց` Հնդկաստանի հետ միջպետական կապերը շարունակում են խորանալ։ Փոխնախարարը հիշեցրեց, որ վերջին տարիներին բարձրաստիճան այցելություններ և հանդիպումներ են եղել, 2 երկրները համագործակցում են միջազգային կառույցներում։
 
Սաֆարյանը նշեց, որ գիտաժողովի ընթացքում հնարավորություն կունենան քննարկելու հայ-հնդկական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև նախանշելու համագործակցությունը հարստացնելու նոր գործնական ուղղությունները։ Անցած 30 տարիների ընթացքում, նրա գնահատմամբ, հայ–հնդկական հարաբերությունները հաստատուն զարգացում են ապրել՝ ներառելով միջպետական հարաբերությունների բոլոր ոլորտները` քաղաքական, տնտեսական, հումանիտար։
 
Նրա խոսքով` Հնդկաստանն իր կենսունակ ժողովրդավարությամբ և դինամիկ տնտեսությամբ այսօր առաջընթաց է գրանցում տարբեր ոլորտներում, ինչն էլ նպաստում է Հնդկաստանի հեղինակության բարձրացմանը միջազգային ասպարեզում։
 
Փոխնախարարը նշեց նաև, թե Հայաստանը հարուստ մշակութային ժառանգություն ունի Հնդկաստանում, որը տեղի կառավարությունը հոգատարությամբ է պահպանում։ Ըստ նրա` միջազգային առևտրի և փոխադրումների ուղիների արագ փոփոխման պայմաններում պետք է մտածել դեպի Հարավ առևտրական հնարավորությունների զարգացման մասին. այս առումով շատ անելիք կա։
 
Միաժամանակ լրագրողների հետ զրույցում Սաֆարյանը նշեց, որ 2 կողմերն էլ հետաքրքրված են հարաբերությունների զարգացմամբ, և համատեղ ուժերով տարբեր ուղղություններով աշխատանքներ են ընթանում։
 
«Շուտով ականատես կլինեք մի շարք ուղղություններով տարվող աշխատանքի արդյունքներին առևտրի, պաշտպանության, հաղորդակցության ոլորտում։ Վերջին 6 ամիսների ընթացքում կարևոր հանդիպումներ են կայացել, որոնց արդյունքները կերևան։ Իսկ հաջորդ տարին նվիրված կլինի գերատեսչությունների ուղղությամբ ինտենսիվ ոլորտային աշխատանքների»,–ասաց Սաֆարյանը։
 
Հավելենք, որ գիտաժողովին մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, ակադեմիական հանրության ներկայացուցիչներ։
 
Հիշեցնենք` հնդկական լրատվամիջոցները նոյեմբերի 10-ին հայտնեցին, որ Հնդկաստանը Հայաստանին հաուբիցներ է մատակարարելու։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը