Ընդդեմ Թուրքիայի՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց քրդական համայնքն այսօր ակցիա է իրականացրել


Ընդդեմ Թուրքիայի՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց քրդական համայնքն այսօր ակցիա է իրականացրել

  • 28-11-2022 15:53:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ-ում գտնվող քրդերն այսօր բողոքի ակցիա են իրականցրել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ ընդդեմ թուրքական ագրեսիայի։
 
Նրանք քայլերթով ու ավտոերթով Երևանի Հանրապետության հրապարակից «Թուրքիա՛, տեռորի՛ստ» վանկարկելով են հասել ՀՀ-ում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակ:
 
Քրդական համայնքը ներկայացնող պատգամավոր Կնյազ Հասանովն իր ելույթում հայտարարել է, որ իրենք իրենց ձայնն են բարձրացնում ընդդեմ Սիրիայում և Իրաքում քուրդ ժողովրդի դեմ Թուրքիայի կատարած ոճրագործությունների ու հանցագործությունների:
 
«Մենք այսօր ականատես եղանք, որ թուրքական իշխանությունները Ստամբուլում կազմակերպեցին պայթյուն, որի հետևանքով 4-5 զոհ եղավ: Դեռ դա չվերջացրած՝ Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, թե այդ գործում իրենց ձեռքն ունեն Քրդական բանվորական կուսակցությունը և Սիրիայի քրդերը: Դրա համար Էրդողանն ասաց՝ պետք է հարձակվենք Սիրիայի քրդերի վրա՝ իբր տեռորի դեմ առնելու համար: Էրդողանն ասում է՝ բոլոր քրդերին պետք է ոչնչացնենք՝ անկախ նրանից՝ նրանք գտնվում են Թուրքիայո՞ւմ, Սիրիայո՞ւմ, Իրաքո՞ւմ, թե՞ Իրանում: Բայց աշխարհի ամենահզոր տեռորիստները թուրքական իշխանություններն են»,- ասել է նա:
 
Հասանովը նշել է, որ նույն քայլերն Ադրբեջանն է անում հայ ժողովրդի նկատմամբ՝ ամեն օր հայտարարելով, թե հայկական ԶՈՒ-ն գնդակոծում է իրենց դիրքերը, սակայն որոշ ժամանակ անց Ադրբեջանը հարձակվում է և ՀՀ ինքնիշխան տարածքներն օկուպացնում։ Նրա խոսքով՝ իրենք նաև հայ ժողովրդի պաշտպանության համար են ահազանգում՝ կոչ անելով միջազգային հանրությանն ու կառույցներին չլռել և քայլեր ձեռնարկել։
 
Ակցիայի մասնակիցները Էրդողանի լուսանկարով և Թուրքիայի դրոշով պաստառներ են այրել, այնուհետև՝ ներկայացրել ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակին ուղղված իրենց ուղերձը։
 
Նշենք, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ պայթյունի հետևում կանգնած են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) և քրդական Ժողովրդի պաշտպանության ջոկատները: Նոյեմբերի 20-ին Թուրքիայի ԶՈՒ-ն Սիրիայի և Իրաքի հյուսիսում օդային գործողություններ էր իրականացրել քրդական խմբավորումների դեմ՝ ոչնչացնելով 89 թիրախի։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը