Երբ դաշինքները ստեղծվում են հատուկ ընտրությունների համար, նման վերջաբան են ունենում. Թարվերդյանը՝ ԱԺ ընդդիմության մասին
29-11-2022 19:54:42 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
«Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանի խոսքով՝ «Հայաստան» դաշինքում կան անհամաձայնություններ, ինչն ապացուցում է համանուն խմբակցության պատգամավորների մանդատների վայր դնելը:
«Ռոբերտ Քոչարյանը երևի թիմի ներսում հայտարարել է, որ քաղաքական որևէ պաշտոն չի ցանկանում զբաղեցնել, իսկ այդ քաղաքական դաշինքի «մերանը» Քոչարյանն է: Պարզ երևում է՝ ՀՅԴ-ն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցություններն ունեցել են անհամաձայնություններ, սկզբունքային տարաձայնություններ: ՀՅԴ-ն համարել է ճիշտ խորհրդարան վերադառնալ, իսկ նրանք՝ ոչ»,- կարծում է նա:
Դիտարկմանը՝ ստացվում է՝ «Հայաստան» խմբակցության կազմում մնացին հիմնականում ՀՅԴ-ականները, քաղաքական գործիչը համաձայնում է՝ նկատելով՝ հաջորդ համարները, որոնք պետք է վերցնեն մանդատները, ամենայն հավանականությամբ ևս կլինեն ՀՅԴ-ականներ, քանի որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ դադարեցնում է իր գործունեությունը խորհրդարանում:
«Այլևս չկա «Հայաստան» դաշինք, կա միայն «Դաշնակցություն»: Խմբակցությունը կազմված է անկուսակցականներից և ՀՅԴ-ականներից: ՀՅԴ-ն այժմ երազելի ներկայացվածություն ունի Ազգային ժողովում, բոլոր տարիների ընթացքում՝ ամենամեծ ներկայացվածությունը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է Թարվերդյանը:
Հարցադրմանը՝ գուցե «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները չե՞ն համակերպվել այն իրողության հետ, որ փողոցային շարժման լիդերությունն իր վրա էր վերցրել Իշխան Սաղաթելյանը, քաղաքական գործիչը հակադարձում է՝ ակցիաներին միայն Սաղաթելյանը առաջնորդ չէր: Դրանք գլխավորում էին նաև Վահե Հակոբյանը, Լևոն Քոչարյանը, ՀՀԿ-ականները:
Վերջինս համաձայն է այն դիտարկումներին, որ եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն այդպես էլ չէր հայտնվի խորհրդարանում. «Արձանագրենք այն փաստը, որ 2018 թվականի ընտրություններին ՀՅԴ-ն չհայտնվեց խորհրդարանում: Ընդ որում, պայքարում էին ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ ավանդական կուսակցությունը: Սակայն ՀՅԴ-ն 5 տոկոսի շեմն այդպես էլ չհաղթահարեց: Նույնիսկ այն ժամանակ չկարողացավ, երբ ամբողջ ժողովուրդը մերժում էր այդ ժամանակվա իշխանություններին»:
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ վերջինս ասում է՝ այդ քաղաքական ուժի ներսում քաղաքական պառակտումն ավելի վաղ է սկսել, երբ Իշխան Զաքարյանը դարձավ անկախ պատգամավոր, իսկ Արթուր Վանեցյանը վայր դրեց մանդատը: «Երբ դաշինքները առաջանում են հատուկ ընտրությունների համար, հապճեպ, նման վերջաբան է լինում: Իշխանությունները, եթե ցանկանում են քաղաքական ճգնաժամը լուծել, ունենալ աշխատող ու ֆունկցիոնալ ԱԺ, պետք է գնան նոր ընտրությունների»,- շեշտում է նա:
Թարվերդյանի կարծիքով՝ երկրում կա քաղաքական ճգնաժամ, և դրա հանգուցալուծման համար արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անհրաժեշտ:
«Գրագետ կլինի, որ այդ ընտրությունների մասին հայտարարվի այսօր, և այն անցկացվի, օրինակ, 2023-ի ամռանը, որպեսզի նոր քաղաքական ուժերը հապճեպ չպատրաստվեն ընտրություններին: Եթե մենք մտածում ենք պետության մասին, ապա ամեն բան պետք է անենք, որ ունենանք աշխատող Ազգային ժողով»,- ընդգծում է նա:
Վերջինս ասում է՝ կուսակցության անդամներով շատ են շրջում մարզերում. հասարակությունը նոր ուժերի կարիք ունի. «Վերջին երկու տարում շատ կուսակցություններ են ստեղծվել, պետք է հնարավորություն տրվի այդ ուժերին ցույց տալու իրենց պոտենցիալը, մասնակցել ընտրություններին»:
Հիշեցնենք՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմում են ներկայացրել:
Ավելի վաղ պատգամավորներ Աննա Գրիգորյանը և Արթուր Սարգսյանն էին դուրս եկել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից, սակայն մանդատները վայր չեն դրել: Արամ Վարդևանյանը նույնպես օրեր առաջ հայտարարեց մանդատը վայր դնելու մասին: