«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքների աջակցության համար դիմելու վերջնաժամկետն այսօր է


«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքների աջակցության համար դիմելու վերջնաժամկետն այսօր է

  • 30-11-2022 14:24:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց պետության նախատեսած ֆինանսական աջակցության համար դիմելու վերջնաժամկետն այսօր է։
 
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ https://e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով։
 
Աջակցությունը կլինի միանվագ դրամական օգնության ձևով՝ վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝
 
հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150 հազար դրամի չափով,
հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300 հազար դրամի չափով,
զոհված անձանց (այդ թվում՝ անձի գտնվելու վայրն անհայտ) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3 միլիոն դրամի չափով:
 
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռահարկ շինությունը մասնակի փլուզվել է։
 
Հրդեհը մեկուսացվել էր օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը կազմում էր մոտ 1 հա։ Փլուզվել էին եռհարկանի շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։
 
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էր 16 քաղաքացու դի: Մեկ մարդ մինչ օրս համարվում է անհետ կորած
 
Տարբեր վնասվածքներով Երևան քաղաքի ԲԿ-ներ էր դիմել 63 քաղաքացի։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն