Եթե քարտեզները մեզ մոտ են, ինչպե՞ս եք քննարկելու դելիմիտացիան․ Լավրովը՝ Երևանին ու Բաքվին
01-12-2022 19:03:02 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
hraparak.am ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի խնդրին և այդ համատեքստում երկու երկրների կատարած քայլերին։
«Հայերն էլ, ադրբեջանցիներն էլ բարեկիրթ մարդիկ են, գնում են այնտեղ (նկատի ունի Պրահայի և Բրյուսելյան վերջին հանդիպումները-խմբ․), բայց ինչպե՞ս կարելի է քննարկել սահմանազատման հարցը՝ չունենալով նախկին խորհրդային հանրապետությունների քարտեզները, որոնք գոյություն ունեն միայն Ռուսաստանի Գլխավոր շտաբում, ես դժվար եմ պատկերացնում», - ասել է Լավրովը։
Ռուսաստանի գլխավոր դիվանագետն, այդուհանդերձ, վերահաստատել է Մոսկվայի շարունակական աջակցությունը հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, տարածաշրջանում տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման և ԼՂ հակամարտության ընդհանուր կարգավորման հարցերում։
Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսում Լավրովն ակնարկել էր նաև այն մասին, որ Պրահայում կայացած վերջին քառակողմ հանդիպման ժամանակ, հաստատելով Ալմա-Աթայի 1991 թ․ հռչակագիրը, Հայաստանն ընդունել է Ղարաբաղի՝ Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմում լինելու փաստը։