«Մեր արած ծակերն ուրիշ են, զարդանախշերի մեջ մխրճված «բոլտը»՝ ուրիշ». Ավինյան


«Մեր արած ծակերն ուրիշ են, զարդանախշերի մեջ մխրճված «բոլտը»՝ ուրիշ». Ավինյան

  • 02-12-2022 13:41:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Տիգրան Ավինյանի խոսքով` աշխատանքային խմբերից իրենց պահանջը եղել է, որ շենքերի վրա լինի նվազագույն միջամտություն` հետագայում շենքերն իրենց նախնական տեսքին վերադարձնելու համար։
 
Երևանն ամանորյա լույսերի տեղադրման համար վնաս, որպես այդպիսին, չի կրել, համացանցում շրջանառվող լուսանկարները Երևանի քաղաքապետարանի կատարած աշխատանքի հետ կապ չունեն։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
 
«Այն նկարները, որոնք տարածվում են համացանցում, այն պատկերները, որոնք կապվել են քաղաքապետարանի աշխատանքների հետ, մետաղյա ձողերը` զարդանախշի մեջ, կներեք արտահայտությանս համար` «բոլտը», մեզ հետ կապ չունեն»,–ասաց Ավինյանը` անդրադառնալով Հանրապետության հրապարակի շենքերի վրա կատարված անցքերի մասին խոսակցություններին։
 
Նրա խոսքով` լուսավորության աշխատանքները կատարվել են մասնագետների կողմից։ Աշխատանքային խմբերից իրենց պահանջը եղել է, որ շենքերի վրա լինի նվազագույն միջամտություն` հետագայում շենքերն իրենց նախնական տեսքին վերադարձնելու համար։
 
«Ասեմ ավելին` տվյալ թեմայի շուրջ շատ են եղել շահարկումներ։ Դեռևս շատ հին ժամանակներից այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր կան, մետաղա ձողեր են մնացել, որոնց վերացման աշխատանքները նույնպես մեր ուշադրության կենտրոնում են լինելու գարնանը։ Առհասարակ` պատմամշակութային հուշարձանների հետ կապված` մենք գարնանը մեծ ծրագիր ունենք, որի մասին կհասցնենք խոսել»,–ասաց նա:
 
Վանդալիզմ է. ճարտարապետն առաջարկում է պատժել հրապարակի շենքերի զարդարման պատասխանատուներին
Երևանի մյուս փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ իր հերթին հավելեց, որ խորը հետազոտություն անելու անհրաժեշտություն չկա, որպեսզի հասկացվի՝ այսօր Հանրապետության հրապարակի շենքերի վրա առկա ձողերը, անցքերը կապ ունե՞ն իրենց կատարած աշխատանքի հետ, թե՞ ոչ։
 
«Բավական է մոտենալ շենքերին և տեսնել. եթե այդ ձողերի վրա լուսավորություն կախված է, ուրեմն կապ ունի, եթե կախված չէ, ուրեմն կապ չունի»,–ասաց նա։
 
Փոխքաղաքապետները միաձայն հավաստիացրին, որ Հանրապետության հրապարակի շենքերի վրա արված անցքերն այն միջամտությունն են, որ ողջամիտ ու անհրաժեշտ էր այդ զարդարանքը տեղադրելու համար, իսկ հետևանքները վերացվելու են:
 
«Այն ծակերը, որ արվել են, և մենք չենք հերքում, որ արվել են, դա ուրիշ է, զարդանախշերի մեջ մխրճված հեղյուսը ներկայացնելը` ուրիշ»,–ասաց Գրիգորյանը:
 
Հիշեցնենք, որ երեկ համացանցում լուսանկարներ ու տեսանյութեր տարածվեցին, որոնցում երևում էր Հանրապետության հրապարակի շենքերի ճակատային մասերի ավերումը պատկերող դրվագներ։
 
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտարարեց, որ խնդիրը բացառապես քաղաքապետարանի դաշտում է, և որ քաղաքապետարանը պարտավորվել է, որ եթե որևէ վնաս լինի, հարյուր տոկոսով վերականգնի։
 
Ամանորյա միջոցառումների փաթեթի վրա ընդհանուր կծախսվի շուրջ 285 միլիոն դրամ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը