Երկրաշարժի վնասը և կոռուպցիան միահյուսված են Էրդողանի Թուրքիայում. Հարութ Սասունյան


Երկրաշարժի վնասը և կոռուպցիան միահյուսված են Էրդողանի Թուրքիայում. Հարութ Սասունյան

  • 22-02-2023 12:02:29   | Հայաստան  |  Քաղաքական

 
Թուրքիայում օրեցօր ավելանում է երկրաշարժի զոհերի թիվը։ Մեր սիրտը ցավում է մինչ այժմ գրեթե 50 հազար զոհերի և մոտ 200 հազար վիրավորների համար: Հնագույն Անտիոք քաղաքը (Անթաքիա)՝ 250 հազար բնակչությամբ, հիմնականում վերածվել է ավերակների։
 
Ինչպես գրել էի նախորդ շաբաթ, հայերը պետք է տարբերություն դնեն ցեղասպանությունն իրականացրած թուրքական կառավարության և թուրք ժողովրդի միջև, որը որևէ դեր չի խաղացել այս զանգվածային հանցագործության մեջ: Այսօրվա թուրքերից ոչ մեկը ողջ չի եղել 1915 թվականին։
 
Վերջին օրերին աշխարհի տարբեր երկրների լրագրողները հարյուրավոր հոդվածներ են գրել՝ մատնանշելով, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոռուպցիոն գործելակերպը բազմապատկել է աղետի զոհերի թիվը: Էրդողանը, որը 2003 թվականին իշխանության եկավ որպես հավատացյալ մահմեդական, վերածվել է կոռումպացված բռնապետի։ Ինչպես ասվում է՝ «իշխանությունը փչացնում է, բացարձակ իշխանությունը փչացնում է բացարձակապես»։ Շատ թուրքեր մեղադրում են անձամբ Էրդողանին՝ մեծ թվով զոհերի և ավելի քան 100 հազար շենքերի փլուզման կամ վնասման համար, որոնք վատ են կառուցված եղել նախագահի մերձավորների կողմից: Թուրքիայում առնվազն մեկ միլիոն մարդ մնացել է անօթևան։
 
Սկսենք երկրաշարժի հարկից, որը թուրքական կառավարությունը սահմանել է 1999 թվականի երկրաշարժից հետո, որը Թուրքիայում պատճառ էր դարձել 17 հազար մարդու մահվան։ 2021 թվականին նախագահի հրամանագրով հարկը 7.5 տոկոսից բարձրացվեց 10 տոկոսի բոլոր մասնավոր հաղորդակցությունների համար։ Այս հարկի միջոցով հավաքագրված միլիարդավոր դոլարները շենքերի ամրացման և աղետների կանխարգելման համար նախատեսված նպատակների փոխարեն օգտագործվեցին շինարարական, տրանսպորտային և գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար:
 
«Ռոյթերս» գործակալությունը հայտնել է մի մոր տանջագին խնդրանքի մասին, որի երկու որդիներն Անթաքիայում երկու օր ողջ էին մնացել փլատակների տակ՝ աղերսելով կռունկ բերել իր երեխաներին փրկելու համար: «Թուրքիայում շատերն ասում են, որ ավելի մարդիկ կարող էին ողջ մնալ 7.8 ուժգնությամբ երկրաշարժից, որը հարվածեց երկրի հարավում և հարևան Սիրիայում, եթե արտակարգ իրավիճակների արձագանքը լիներ ավելի արագ և ավելի լավ կազմակերպված»: Կազմակերպված փրկարարական աշխատանքների բացակայության պատճառով մարդիկ ստիպված են եղել մերկ ձեռքերով փորել փլատակները՝ փրկելու իրենց ընտանիքի անդամներին:
 
Թուրք զինվորները կամ ներկա չեն եղել փրկարարական աշխատանքներին, կամ նրանք շատ ուշ են ժամանել՝ սպասելով Էրդողանի քաղաքացիական պաշտոնյաների հրամաններին: Հետաքրքիրն այն է, որ Էրդողանը «հայտնի է դարձել ավելի քան երկու տասնամյակ առաջ, մասնավորապես 1999 թվականի հզոր երկրաշարժի արձագանքի վերաբերյալ իր քննադատության պատճառով», հաղորդում է «Ռոյթերսը»: Փոխարենը, «նա դատարկեց պետական ինստիտուտները, հավատարիմներին նշանակեց առանցքային պաշտոններում, ջնջեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մեծ մասը և հարստացրեց իր ընկերներին՝ իր շուրջը հավատարիմների փոքր շրջանակ ստեղծելու համար», ըստ Foreignpolicy.com-ի:
 
Հիմնական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ասել է, որ անցյալ շաբաթ տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունից ավելի վնասակար է եղել «համակարգման բացակայությունը, պլանավորման բացակայությունը և անկարողությունը»:
 
Աղետն ավելի խորացնելով, «2019 թ. Թուրքիայի նախագահ Էրդողանը գովաբանեց իր կուսակցության անցկացրած օրենսդրությունը, որը թույլ էր տալիս ներել գույքի սեփականատերերի շինարարական իրավախախտումները՝ առանց նրանց շենքերը համապատասխանեցնելու նորմերին», գրում է «Նյու Յորք թայմսը»: Միայն երկրաշարժի գոտում նման համաներում է տրվել մինչև 75 հազար շենքերի համար։ Հեգնականորեն, երկրաշարժից ընդամենը մի քանի օր առաջ կառավարությունը պատրաստվում էր հերթական համաներումը հայտարարել շինարարության իրավախախտողների համար։ Այժմ թուրքական կառավարությունը ձերբակալում է շինարարական կապալառուներին, որոնք առնչություն են ունեցել փլուզված շենքերի հետ:
 
Բայց իսկական մեղավորները պետական պաշտոնյաներն են, որոնք հավանություն են տվել այս ցածրորակ շենքերի կառուցմանը։ Այս շենքերի սեփականատերերից շատերը սերտ կապեր ունեն նախագահ Էրդողանի կամ նրա իշխող կուսակցության հետ։
 
Փլատակների տակ թաղված քաղաքացիներին փրկելու համար հրատապ միջոցներ ձեռնարկելու փոխարեն Էրդողանը հակահարված է տալիս իր քննադատներին: Այդպիսի քննադատներից մեկը՝ «Թուրքիայում երկարամյա փորձ ունեցող ֆրանսիացի լրագրող Գիյոմ Պերիեն, ձերբակալվեց Ստամբուլի օդանավակայանում և արտաքսվեց Ֆրանսիա՝ վերադառնալու հինգ տարվա արգելքով», հաղորդում է Մերձավոր Արևելքի ինստիտուտը։ Ավելին, երկրաշարժի խառը օրերին կառավարությունը ժամանակավորապես փակեց սոցիալական մեդիան՝ թուրքական կառավարության անկարողության քննադատությունը արգելափակելու համար:
 
Jerusalem Post-ը փետրվարի 20-ին հրապարակել է մի հոդված՝ «Երկրաշարժից հետո Թուրքիայի Էրդողանը քավության նոխազների որս է անում» վերնագրով։ Հոդվածում ասվում էր, որ «Էրդողանի թղթե տունը փլուզվել է երկրաշարժից: Արդեն շտապում են քավության նոխազներ գտնել, ինչպես նաև կողոպտիչներ ձերբակալել... Գալիք ընտրություններին ընդառաջ, Էրդողանին նույնքան դժվար կլինի բացատրել սոցցանցերում շրջանառվող մի տեսանյութ, որտեղ նա պարծենում է, որ 2019-ին հաստատել է Քահրամանմարաշի երկրաշարժի կենտրոնում գտնվող շենքերի շինարարական համաներումը: Սա նշանակում է, որ նրանք ազատվել են շինարարական և երկրաշարժի կանոնակարգերին հետևելուց: Երկրաշարժի տասը նահանգներում ընդգրկված էր գրեթե 295 հազար շենք»։
 
Աղետալի երկրաշարժի անսպասելի կողմնակի ազդեցություններից մեկն այն է, որ Թուրքիան մի քանի տարի զբաղված կլինի ավելի քան հարյուր հազար փլուզված շենքերի վերակառուցմամբ։ Թուրքիայի ուշադրությունը կշեղվի Սիրիայի, Իրաքի, Կիպրոսի, Հունաստանի, Հայաստանի և Լիբիայի վրա հարձակումներից։ Այս երկրները մի որոշ ժամանակ հանգիստ շունչ կքաշեն...
 
Հարութ Սասունյան
 
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական