Գրիգորի Խաչատուրովի գործով պաշտպանները Գլխավոր դատախազին մեղադրում են ստախոսության մեջ


Գրիգորի Խաչատուրովի գործով պաշտպանները Գլխավոր դատախազին մեղադրում են ստախոսության մեջ

  • 20-03-2023 20:19:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

hetq.am Մարտի 16-ից գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, կալանավորված է։ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր վերջինիս 2 ամսով կալանավորելու մասին դատախազի միջնորդությունը։ Մինչ այդ՝ առաջին ատյանի դատարանը մերժել էր կալանավորման մասին քննիչի միջնորդությունը, իսկ դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։ Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման մեջ։
 
Տեղի ունեցածի մասին մեկնաբանություն տալու համար այսօր՝ մարտի 20-ին, Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը և Խաչատուրովին փոխկապակցված անձի՝ Էդգար Արշակյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հրավիրել էին մամուլի ասուլիս։
 
Միհրան Պողոսյանի խոսքով՝ հանրությանը հրամցվում են միֆեր, և Գրիգորի Խաչատորովի նկատմամբ հետապնդում չէր կարող իրականացվել իրավական երկրում։ «Մենք ամսի 7-ին տեսանք, որ երբ Գլխավոր դատախազը այցելել էր Ազգային ժողով, և քննարկվում էր ԱԺ պատգամավոր Սերյան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության հարցը, 12 հարց է ուղղվել դատախազին, որից 9-ի պատասխանների առանցքում եղել է Գրիգորի Խաչատուրովը»,- ասաց Պողոսյանը։ Նրա համոզմամբ՝ Գլխավոր դատախազը սուտ է խոսել իր տված պատասխաններում։
 
Պողոսյանը միացրեց Ազգային ժողովի նիստի այն հատվածը, որտեղ  քննարկման ժամանակ դատախազին առաջին հարցն ուղղում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ զորամասը վեր են ածել գումարի։ «Այս քրեական գործի շրջանակում այն մարդիկ, որ կպնդեն, թե զորամասը վեր է ածվել գումարի, կամ քրեական վարույթի փաստերից տեղյակ չեն, կամ դիտավորյալ կեղծիքներ ու սուտ արտահայտություններ են անում՝ պախարակելու Գրիգորի Խաչատուրովի անունը»,- ասաց փաստաբանը։ Պողոսյանը պնդեց, որ զորամաս գույություն չի ունեցել, և դա միֆ է, որ հրամցվում է հանրությանը։
 
Նա Ազգային ժողովի հարցուպատասխանից առանձնացրեց նաև այն հատվածը, որտեղ Գլխավոր դատախազը պնդում է, որ օտարվել է զորամաս։ Ի պատասխան դատախազի հայտարարության՝ Պողոսյանը հրապարակավ ներկայացրեց Էդգար Արշակյանի անունով սեփականության վկայականի պատճենը, որտեղ նկարարագրվածում, ըստ փաստաբանի, չի նշվում, որ այդ շենք-շինությունները եղել են զորանոց, զինվորների քնելու կացարան։
 
«Այսինքն՝ գլխավոր դատախազը պնդում է, որ այդ տարածքն այնպիսի վիճակում է գտնում, ինչպիսին վաճառվել է 2009 թվականին։ Ես առաջարկում եմ ԱԺ նույն պատգամավորներով, որոնք բողոքում են զորամասերի բացակայությունից, գնան փորձեն ստեղ քնել։ Սա զորամաս չի եղել, եղել է ՊՆ-ին ամրակցված տարածք, որը նախարարությունը որոշել է վաճառել։ Գրիգորի Խաչատուրովը վաճառքի որոշման հետ որևէ առնչություն չի ունեցել»,- ասաց Միհրան Պողոսյանը։ Նրա խոսքով՝ վերջին 5 տարում վաճառվել է ՊՆ-ին ամրակցված 71 տարածք, և այս գործարքն անթույլատրելի չի եղել։
 
Պողոսյանը հայտնեց, որ այս մասին ասել են նաև նախաքննական մարմնում, սակայն գլխավոր դատախազի կողմից քննության ուղղորդման հետևանքով դրանց ուշադրություն չի դարձվում, և այս գործի նպատակը Գրիգորի Խաչատուրովի բարի համբավը պախարակելն է։
 
Դատախազության այն պնդումը, որ Գրիգորի Խաչատուրովը օտարված անշարժ գույքը որպես սեփականություն գրանցվել է Էդգար Արշակյանի անվամբ՝ այդ կերպ խեղաթյուրվելով գույքի իրական պատկանելությունը, փաստաբան Հակոբ Ենոքյանը որակեց երկրորդ միֆ։ «Խաչատուրովին առաջադրված մեղադրանքի տեսանյունից որևէ իրավական նշանակություն չունի՝ այդ գույքը ձեռք կբերեր Գրգորի Խաչատուրովը, թե մեկ այլ անձի անվամբ»,- ասաց նա։ 
 
Ենոքյանը կրկին պնդեց, որ գույքի գնորդի իրական կամ ոչ իրական լինելու մասին դատախազության հայտարարությունը իրավական նշանակություն չունի և հանրային ընկալման տիրույթում մանիպուլյացիա իրականացնելու նպատակով ասված խոսք է։
 
Միհրան Պողոսյանն ասաց, որ այն մարդիկ, որոնք պնդում են, թե գույքը գրավադրելու արդյունքում 18 մլն դրամ գումար է ստացվել, կամ չեն տիրապետում փաստերին, կամ դիտավորյալ սուտ տեղեկություն է հրամցնում հանրությանը։ Պողոսյանի որակմամբ՝ այդ պնդումը երրորդ միֆն է Խաչատուրովին առնչվող գործի։ Նա ԱԺ հարցուպատասխանի այն հատվածը ցուցադրեց, որտեղ Գլխավոր դատախազը ասում է, որ չգիտեն՝ ուր է գնացել օտարումից ստացված այդ 18 միլիոնը և քննություն պիտի անեն այդ մասով: 
 
Պողոսյանի խոսքով՝ այդ քննությունը մինչ այժմ չեն արել։ Նրա պնդմամբ՝ Գրիգորի Խաչատուրովը Վանաձոր քաղաքում, որտեղ նշանակվել էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, բնակարան ձեռք բերելու անհրաժեշտություն է ունեցել։ 24 հազար դոլար արժողությամբ բնակարանը գնելու նպատակով դիմել է բանկին, որ վարկ ստանա։ Խաչատուրովը իր բնակարանը գրավադրել է, ստացել 18 միլիոն դրամ վարկային գիծ, որից օգտագործել է 12 միլիոն դրամի չափով գումար, որն էլ փոխանցել է վաճառողին, իսկ զորամասն ընդհանրապես կապ չունի այս պատմության հետ։
 
Միհրան Պողոսյանն ասում է՝ այս փաստին տիրապետող Աննա Վարդապետյանը «ո՞նց է իրեն թույլ տալիս ԱԺ-ում ասել, որ պարզ չէ՝ այդ գումարն ուր է գնացել»։ 
 
Իսկ ինչ վերաբերում է ՊՆ-ից գնված և վեճի առարկա դարձած տարածքին, Հակոբ Ենոքյանի խոսքով՝ այն գրավադրվել է՝ որպես լրացուցիչ գրավ: «Հողամասը ձեռք է բերվել Գրիգորի Խաչատուրովի մտերիմ ընկեր, հարազատ Էդգար Արշակյանի կողմից, ու վերջինս միշտ պատրաստակամ է եղել իր ընկերոջ համար գրավադրել նաև այլ, իրեն պատկանող գույքեր»,- ասաց Ենոքյանը՝ ընդգծելով, որ այդ տարածքի գրավով որևէ գումար ձեռք չի բերվել։ 
 
Նրա խոսքով՝ փողերի լվացման հիմնական հատկանիշը գույքի իրական էությունը խեղաթյուրելն է, իսկ այստեղ նման բան չկա, նույնիսկ գույքի նպատակային նշանակությունը մինչև հիմա չի փոփոխվել: «Այս գույքը 14 տարվա մեջ նույնիսկ գումարի չի վերածվել, ինչը շատ հանգիստ կարող էր արվել: Եթե գույքը գրավադրեին, գումարը վերցնեին, չվճարեին, ու գույքը մնար բանկին, կլիներ դասական փողերի լվացում, բայց այս գույքը գրավից ազատ է, որովհետև Խաչատուրովը կատարել է իր վարկային պարտավորությունները ժամանակին»,- ասաց Հակոբ Ենոքյանը:
 
Փաստաբաններ խոսքով՝ այս գործում քրեաիրավական հանցակազմ չկա, և Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետապնդումն ունի քաղաքական շարժառիթ ու անձնական մոտիվ։ Հակոբ Ենոքյանը հայտնեց, որ այս գործն ունի վաղեմության ժամկետ, որը կլրանա 10 ամսից։ Նաև նշեց, որ այս գործով նույն մեղադրանքով մեկ այլ մեղադրյալ էլ կա, որը զինվորական է, բայց նա և առհասարակ այս գործով որևէ մեկը կալանավորված չէ՝ բացի Գրիգորի Խաչատուրովից: Փաստաբանները հարցնում են․ «Ո՞րն է այս խտրական մոտեցման պատճառը»։
 
Հիշեցնենք, որ ըստ Գլխավոր դատախազի միջնորդագրի` Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բաժնի պետ Արմեն Հակոբյանին լիազորել է հանդես գալ Պաշտպանության նախարարության անունից, որի հիման վրա, չբացահայտելով իրական գնորդին, 2009 թվականի հունվարի 13-ին Արդարադատության նախարարության «Կենտրոն» նոտարական գրասենյակում Արմեն Հակոբյանի և ՊՆ զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջև կնքվել է առքուվաճառքի պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի՝ Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող 2 մլն 664 հազար դրամ կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 8 մլն 895 հազար 600 դրամ կադաստրային արժեքով շինությունները (զորամասի շտաբ՝ 252,8 քմ մակերեսով, զորանոց՝ 366,4 քմ մակերեսով, ճաշարան՝ 186,9 քմ մակերեսով, 630,6 քմ ընդհանուր մակերեսով շինություն, ծածկ, ակումբ, կաթսայատուն, սանհանգույց և հսկիչ անցագրային կետեր), անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 4 մլն դրամով, փաստացի վաճառվել են Գրիգորի Խաչատուրովին, սակայն պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու ստորաբաժանումում՝ որպես սեփականություն, գրանցվել է Էդգար Արշակյանի անվամբ. այդ կերպ խեղաթյուրվել է գույքի իրական պատկանելությունը:
 
Գրիգորի Խաչատուրովը երկու անգամ՝ նախ 2009 թվականի մայիսի 13-ին, այնուհետև՝ 2016 թվականի օգոստոսի 16-ին, նշված անշարժ գույքը գրավադրել է «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերությունում, վերջինից ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար և այդ եղանակով օրինականացրել է նշված գումարի հանցավոր ծագումը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը