ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 69 անդամ կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 69 անդամ կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը

  • 24-03-2023 11:30:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 69 անդամ՝ երկու կուսակցություններից, հերթական անգամ հանդես են եկել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու և Արցախին ու Հայաստանին 150 միլիոն դոլարի օգնություն ուղարկելու կոչով:
 
Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ նշելով, որ նախաձեռնությունը ղեկավարում է Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը:
 
Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել Պետական արտաքին գործառնությունների գծով հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս Բալարտին և ենթահանձնաժողովի բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին, որոնք արդեն սկսել են 2024 ֆինանսական տարվա արտաքին օգնության մասին օրինագծի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տարբերակի մշակումը:
 
«ԱՄՆ-ի շարունակական ռազմական օգնությունն Ադրբեջանին իրենից ներկայացնում է «անցաթուղթ» ադրբեջանական ագրեսիայի համար, կանաչ լույս ադրբեջանական էսկալացիայի համար: Դա պետք է դադարեր նախագահ Բայդենի պաշտոնավարության հենց առաջին օրը. նա պաշտոնը ստանձնեց՝ որպես Ալիևին զինելու և օգնելու սուր քննադատ: Բայց եթե մեր նախագահը չանի այն, ինչի ճիշտ է, ապա Կոնգրեսը պետք է գործի», - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Արամ Համբարյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը