Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին


Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին

  • 24-03-2023 14:27:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 23-ին մասնակցել է Երևանում անցկացվող՝ Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին: 
 
Փոխվարչապետը Կառավարության և անձամբ իր անունից ողջունել է ներկաներին և հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Նախևառաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի բոլոր անդամներին արդյունավետ և օգտակար աշխատանքի համար: Տարածաշրջանային բարդ զարգացումների արդյունքում ստեղծված ամենատարբեր տնտեսական մարտահրավերները մենք կարողանում ենք հաղթահարել շնորհիվ մեր մասնավոր հատվածի ամենօրյա նվիրված աշխատանքի:
 
Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր երկրի առանցքային գործընկերներից է: Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում մեծապես կարևոր է թե՛ մեր երկկողմ հարաբերությունների խորացման առումով, թե՛ Հայաստանի տնտեսության կայուն զարգացման համար, և թե՛ Հայաստանում բիզնես մշակույթի շարունակական բարելավման տեսանկյունից: 
 
Այս համատեքստում չեմ կարող չընդգծել Պալատի դերը, որը  Կառավարության և ամերիկյան բիզնես համայնքի միջև իրապես կապող հարթակ է դարձել: Ավելին, Պալատն ակտիվորեն ներգրավված է Կառավարության բարեփոխումների քննարկումներում և առանցքային մասնակցություն ունի ներդրումային միջավայրի բարելավմանն ու տնտեսության զարգացմանն ուղղված մեր քաղաքականությունների մշակման գործում:
 
Կարևորելով ավանդաբար ձևավորված մեր արդյունավետ համագործակցությունը՝ ցանկանում եմ ընդգծել, որ Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու իր հանձնառությանը և մշտապես բաց և պատրաստ է լինելու քննարկել ձեր կողմից մատնանշված ցանկացած խնդիր»: 
 
Եզրափակելով խոսքը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արդյունավետ աշխատանք է մաղթել Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play