Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը


Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը

  • 24-03-2023 14:55:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Սահմանադրական դատարանն այսօր՝ մարտի 24-ին, հրապարակեց 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։
 
Բարձր դատարանը որոշման համաձայն՝ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը որոշման հրապարակման ժամանակ հայտարարեց, որ հատուկ կարծիք են ներկայացրել դատավորներ Հրայր Թովմասյանը, Արաիկ Թունյանը և Երվանդ Խունդկարյանը։
 
Հիշեցնենք, որ Հայաստանը, դեռևս 2022-ի դեկտեմբերին, գործընթաց է սկսել 1998 թվականին ստորագրված, սակայն այդպես էլ չվավերացված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը հաստատելու համար։ 2004-ի օգոստոսին Հայաստանի Սահմանադրական դատարանն այս փաստաթուղթը ճանաչել էր այդ շրջանում գործող Սահմանադրությանը հակասող։
 
Կառավարությունը 2022-ին ևս մեկ անգամ կանոնադրությունը հաստատման ուղարկեց ՍԴ։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կարծիք է հայտնել, որ հնարավոր է դատարանն այժմ առարկություն չունենա, քանի որ 1995-ից հետո Հայաստանի Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է․ «Հաշվի առնելով Սահմանադրական երկու փոփոխությունների ծավալն ու խորությունը՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել, թե արդյոք կատարված սահմանադրական փոփոխությունների լույսի ներքո Սահմանադրական դատարանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել»:
 
Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, Հայաստանը հնարավորություն է տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու համար: 2021-ի մայիսից սկսած Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ագրեսիա են իրականացրել Հայաստանի դեմ, կատարել պատերազմական հանցագործություններ, ասված է հիմնավորման տեքստում։
 
Միջազգային քրեական դատարան քննում է ցեղասպանությունների, ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների դեպքերը, հետապնդում ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց։
 
Հարավային Կովկասում դատարանի կանոնադրությունը հաստատել է միայն Վրաստանը, աշխարհում այն վավերացված է 123 պետության կողմից։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play