Անակնկալներով լի ընտրություններ Թուրքիայում. անկախ դրանց արդյունքներից՝ Հայաստանի մասով ծրագիրը նույնն է


Անակնկալներով լի ընտրություններ Թուրքիայում. անկախ դրանց արդյունքներից՝ Հայաստանի մասով ծրագիրը նույնն է

  • 24-03-2023 15:53:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի Հանրապետություն օրաթերթ. Թուրքիայում ավարտվել է նախագահի թեկնածուների առաջադրման ժամկետը, իսկ վերջնական ցուցակը կհրապարակվի մարտի 31-ին, որից հետո կսկսվի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ընտրություններն այս անգամ տեղի կունենան բավական բարդ իրավիճակում, փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժը խնդիրների առջեւ կանգնեցրեց գործող իշխանությանը եւ յուրօրինակ «նվեր» մատուցեց ընդդիմությանը սեփական վարկանիշը բարձրացնելու համար։ Այլ հարց է, թե որքան արդյունավետ կկարողանան օգտագործել ընձեռված հնարավորությունը։ Էրդողանը, որը կառավարում է երկիրը վերջին 9 տարիներին որպես նախագահ, իսկ մինչ այդ 11 տարի երկրի վարչապետն էր, չի պատրաստվում իշխանության ղեկը զիջել որեւէ մեկին։ Նա կառավարող «Ժողովրդական դաշինքի» նախագահի թեկնածուն է, իսկ Էրդողանի հիմնական մրցակիցը միասնական ընդդիմությունից Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է։ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը մարտի 11-ին հայտնել էր, որ մայիսի 14-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին թույլատրել է մասնակցել 36 կուսակցության։
 
Երկրի բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարելու են այլ քաղաքական գործիչներ եւս, մասնավորապես Մուհարեմ Ինջեն, խորհրդարանի նախկին պատգամավոր, «АТА» (Թուրքիայի հիմնադիր Աթաթյուրքի կրճատ անվանումը), քաղաքական դաշինքի առաջնորդ Սինան Օգանը, «Թուրքիա» նախընտրական դաշինքի ղեկավար, նախկին նախագահ Թուրգութ Օզալի որդին՝ Թեւֆիկ Ահմեդ Օզալը, Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի որդին՝ Մոհամմեդ Ալի Ֆաթիհ Էրբաքանը եւ մի քանի այլ անձինք, սակայն սոցիոլոգները նրանց հաղթելու հնարավորությունը ցածր են գնահատում։ Նախընտրական հարցումները դեռ չեն բացահայտում այս ընտրությունների հստակ ֆավորիտներին, սակայն փորձագետներն ասում են, որ իշխող կուսակցության համար այն կարող է բավականին դժվար լինել ավերիչ երկրաշարժերի պատճառով, որոնք խլել են մոտ 50 հազար մարդու կյանք: Վերլուծաբանները չեն բացառում, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան երկու փուլով։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունում վստահ են, որ Էրդողանը կվերընտրվի մեծ թվով ձայներով։ Նշենք, որ նախորդ՝ 2018 թ. կայացած նախագահական ընտրություններին Էրդողանը հաղթել էր՝ հավաքելով ձայների 52․6 տոկոսը։ Նման լավատեսությունը ինչ-որ չափով պայմանավորված է քաղաքական մրցակիցների շարքերում առկա հակամարտությամբ։
 
Ընդդիմադիր Ժողովրդական դաշինքի միասնական թեկնածուն բավականին բարդ պայմաններում է ընտրվել, վեց կուսակցությունների կողմից փոխզիջման ցուցանիշը խիստ պայմանական էր, լուրջ հակասություններ կան առաջատար ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցության եւ «Լավ» կուսակցության միջեւ։ Ի դեպ, միասնական թեկնածուի անունը հրապարակելուց ընդամենը մեկ օր առաջ «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել էր, որ իրենք չեն բացառում դաշինքից դուրս գալու հավանականությունը, քանի որ այն «այլեւս չի արտահայտում ժողովրդի իրական շահերը»։ Վերլուծաբանները չեն բացառում, որ առկա հակասությունները կարող են դրսեւորվել նախընտրական քարոզարշավի ընթացքում եւ խոցելի դարձնել ընդդիմության միասնական թեկնածուի դիրքերը։ Այդ առումով իշխող ուժի դիրքերն ավելի ամուր են, եւ այն ավելի կոնսոլիդացված է թվում, քան ընդդիմությունը։ Ինչ վերաբերում է 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն, ապա, չնայած այն հանգամանքին, որ նա չի համարվում ամենախարիզմատիկ քաղաքական գործիչը, նրա կերպարին լուրջ են վերաբերվում նույնիսկ Էրդողանի ճամբարում։ Ընդդիմությունն էլ բարձր է գնահատում Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթելու հավանականությունը, մի շարք գործոնների առկայության դեպքում, ինչպես օրինակ՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության աջակցությունը ստանալու պարագայում։ ԺԴԿ-ի համանախագահ Միթհաթ Սանջարն ավելի վաղ չէր բացառել Քըլըչդարօղլուին սատարելը, եթե կոնսենսուս ձեռք բերվի։
 
Ընտրություններին կուսակցության մասնակցությունը կասկածի տակ է հայտնվել դատական հայցի պատճառով, ինչի արդյունքում կուսակցության գործունեությունը կարող է արգելվել։ Օրեր առաջ կայացել էր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի եւ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Փերվին Բուլդանի եւ Միթհաթ Սանչարի հանդիպումը։ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ «քրդական խնդրի լուծումը Թուրքիայի խորհրդարանում քննարկումների միջոցով է», իսկ Սանջարը «հանդիպումը կառուցողական էր» համարել։ Քաղաքագետ, Թուրքիայի գծով փորձագետ Իվան Ստարոդուբցեւի գնահատմամբ` եթե քրդամետ կուսակցությունը չունենա նախագահի իր թեկնածուն, ապա կուսակցությանը սատարող քրդերը նախագահական ընտրություններում ձայն կտան Քըլըչդարօղլուին։ Այն նվազագույնը ենթադրում է 8, իսկ առավելագույնը՝ 13 տոկոս։ Վերադառնալով Մուհարեմ Ինջեին, պետք է նշել, որ նա մասնակցել է 2018 թ. ընտրություններին որպես ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) թեկնածու եւ ստանալով ձայների ավելի քան 30 տոկոսը՝ զբաղեցրել էր երկրորդ տեղը։ Հետագայում, սակայն, բաժանվել է ԺՀԿ-ից եւ ստեղծել «Memleket» կուսակցությունը եւ այս անգամ հանդես է գալիս որպես այդ կուսակցության նախագահի թեկնածու: Ալանիա եւ Սամսուն քաղաքներում անցկացված հարցումների համաձայն՝ Ինջեն համապատասխանաբար հավաքել է ձայների ավելի քան 14 եւ 19 տոկոսը։
 
Անձամբ Ինջեն հայտարարել է, թե եթե տեսնի, որ զիջում է միասնական ընդդիմադիր թեկնածուին, ապա ընտրություններից մի քանի օր առաջ դուրս կգա մրցապայքարից՝ հօգուտ Քըլըչդարօղլուի։ Չնայած դրան, Ինջեն բարձր է գնահատում իր հնարավորությունները՝ համարելով, որ կհավաքի ձայների առնվազն 30 տոկոսը, իսկ երկրորդ փուլ լինելու դեպքում՝ նույնիսկ 60 տոկոսը, եւ կհաղթի Էրդողանին։ Ձայներ կխլի Էրդողանից, թե Քըլըչդարօղլուից, ցույց կտան միայն ընտրության արդյունքները, սակայն նրա մասնակցությունը կմեծացնի երկրորդ փուլի հավանականությունը։ Հայտնի է, որ Էրդողանի գլխավորած դաշինքին չի միանալու «Ենիդեն Ռեֆահ» կուսակցությունը («Yeniden Refah Partisi»), որի մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Ֆաթիհ Էրբաքանը։ «Սաբահ» թերթի սյունակագիր Հիլալ Քափլանը բավականին կտրուկ է արձագանքել Էրդողանի հետ կոալիցիայի մեջ չմտնելու Էրբաքանի որոշմանը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ կրտսեր Էրբաքանը չի համաձայնել միանալ Էրդողանին այն պատճառով, որ իշխող կուսակցությունը զիջումների չի գնացել եւ չի համաձայնել խորհրդարանում 20 տեղ տալ «Յենիդեն Ռեֆահի» ներկայացուցիչներին։
 
Սակայն նման որոշումը մեկնաբանվել է գեղեցիկ փաթեթավորմամբ՝ կրոնական-գաղափարական։ Անդրադառնալով այն հարցին, թե որ թեկնածուն է նախընտրելի Արեւմուտքի կամ Ռուսաստանի համար, անհրաժեշտ է նշել, որ Էրդողանի թեկնածությունը միանշանակ չէ Արեւմուտքի համար։ Վերջինս բավականին ինքնուրույն խաղացող է, եւ նախընտրելի կլիներ վստահելի, բայց ավելի «փափուկ» քաղաքական ղեկավար։ Արեւմուտքի համար ընդունելի չէ նաեւ այն, որ Էրդողանը բավականին սերտ համագործակցում է Ռուսաստանի հետ եւ չի շտաապում միանալ պատժամիջոցներին։ Ի դեպ, Քեմալ Քըլըչդարօղլուն եւս չի շտապում հեռանալ Ռուսաստանի հետ համագործակցային դաշտից՝ հայտարարելով, որ Անկարայի եւ Մոսկվայի հարաբերություններում փոփոխությունների պատճառ չկա, եւ երկրների միջեւ կապերը միայն կամրապնդվեն։ «Ռուսաստանը մեր կարեւոր հարեւանն է եւ, երբ հանգամանքները պահանջում են, գործընկեր է տարածաշրջանում համագործակցության համար։ Իհարկե, մենք կարող ենք ունենալ կարծիքների որոշակի տարաձայնություններ, թեեւ միասին աշխատում ենք տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ապահովման ուղղությամբ։ Չեմ կարծում, որ որեւէ պատճառ կա փոխելու մեր հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա։
 
Եվ ես կարծում եմ, որ նրանք էլ ավելի կուժեղանան»,- «ՏԱՍՍ»-ի տեղեկացմամբ ասել է Քըլըչդարօղլուն կիրակի օրը տված հարցազրույցում։ Ամփոփելով նշենք, որ մայիսի 14-ին կայանալու են վերջին երկու տասնամյակների ամենաանկանխատեսելի ընտրությունները՝ պայմանավորված ներքին եւ արտաքին գործոններով։ Հայաստանի համար առանձնապես էական չի լինելու, թե ով կընտրվի Թուրքիայի նախագահ։ Այն հույսերը, թե «չար Էրդողանի» փոխարեն «բարի նախագահի» դեպքում Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը կմեղմանա, արդարացված չեն։ Այդ պետությունն ունի իր հստակ ծրագրերը տարածաշրջանի ու Հայաստանի մասով, եւ դրանք բնավ հայանպաստ չեն։
 
Լուսինե Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play