Տեղի ունեցավ «Արս Լունգա» դուետի «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» նախագծի երկրորդ մասի շնորհանդեսը


Տեղի ունեցավ «Արս Լունգա» դուետի «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» նախագծի երկրորդ մասի շնորհանդեսը

  • 27-03-2023 14:28:10   | Հայաստան  |  Հասարակություն

 
Մարտի 24-ին «Մեցցո» ակումբում տեղի ունեցավ «Արս լունգա» դուետի «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» նախագծի երկրորդ մասի (ՄԱՍ II Ստեղծագործություններ դաշնամուրային տրիոյի համար (ջութակ, թավջութակ, դաշնամուր) ասուլիս-շնորհանդեսը։
 
«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը հայ երաժշտության պատմության մեջ իր ձևով և բովանդակությամբ միակն է: Ծրագրի ստեղծման և իրականացման գաղափարը «Արս լունգա» դուետինն է` ի դեմս Արամ Թալալյանի և Ջուլիետա Վարդանյանի: Նախագիծը ներառում է հայ ակադեմիական երաժշտական ստեղծագործական մտքի և ավանդույթների լայն սպեկտոր` 20-րդ դ. սկզբից մինչև մեր օրերը: Այդ թվում երիտասարդ սերնդի ներկայացուցիչների, ովքեր, մասնակից լինելով ծրագրի ընթացքին, իրենց մի շարք ստեղծագործություններ նվիրել են «Արս լունգա» դուետին:  
 
ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալակիր, «Արս լունգա» դուետի համահիմնադիր, դաշնակահար Ջուլիետա Վարդանյանը ողջունելով ներկաներին՝ նշեց. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս նախագծի կողքին են եղել թե՛ առաջին մասի, թե՛ երկրորդ մասի իրականացման ժամանակ։ Այս նախագիծն իրականության դարձավ և ուենցավ շարունակություն շնորհիվ մեր սիրելի կոմպոզիտորների, ջութակահարների, մեր գործընկերների ու ընկերների։ Նախագծի այս մասի իրականացմանը մասնակցել են Հայաստանում և երկրից դուրս բնակվող շնորհալի ու անվանի 19 հայ ջութակահար, 41 կոմպոզիտոր։ «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» նախագծի երկրորդ մասը բաղկացած է 12 ձայնասկավառակից և ընդգրկում է հայ կոմպոզիտորների կողմից գրված 41 դաշնամուրային տրիո: Նշեմ, որ նախագիծն ունի նաև էնցիկլոպեդիկ նշանկություն, քանի որ ներառում է հայ կոմոպոզիտորների և ջութակահարների կենսագրություններ երկու լեզվով։ Նախագծի յուրահատկություններից մեկը նաև այն է, որ կոմպոզիտորների ցանկում ընդգրկված են ոչ միայն հանրությանը հայտնի անուններ, այլև ժամանակակից և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ: Հպարտությամբ ուզում եմ նշել, որ երկու ձայնասկավառակ ամբողջությամբ կին կոմպոզիտորների ստեղծագործություններ են»։
 
ՀՀ վաստակավոր արտիստ, «Արս լունգա» դուետի համահիմնադիր, թավջութակահար Արամ Թալալյանը, կրկին շնորհակալություն հայտնելով աջակիցների, իր խոսքում ասաց.
 
«Այս նախագծի նպատակն է հնարավորություններ ստեղծել հայ ակադեմիկ դասական երաժշտության ժառանգության պահպանման և միջազգային հանրայնացման համար։ Ձայնագրությունների ժողովածուները նախատեսված չեն վաճառքի համար: Թողարկված ձայնագրությունների ժողովածուները տրամադրվելու են աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոներին, երաժշտական քոլեջներին և ինստիտուտներին, կոմպոզիտորների միություններին, դասական երաժշտություն պրոպագանդող ռադիոկայաններին: Սեփական ձայնադարան ունեցող յուրաքանչյուր երաժշտական դպրոց կստանա այս ձայնագրությունների ժողովածուն` երաժշտության գրականության և պատմության դասընթացներին օգտագործելու նպատակով: Առաջին ալբոմն արդեն իր անփոխարինելի տեղն է զբաղեցրել ԱՊՀ-ի, Եվրոպայի, Հեռավոր և Մերձավոր Արևելքի երկրների, Իրանի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Կանադայի հեղինակավոր բարձրագույն երաժշտական հաստատությունների գրադարաններում, երկրորդը նույնպես տրամադրվելու է»։ 
 
 «Անթոլոգիա» ժողովածուի տեքստերի հեղինակ, երաժշտագետ, Կոմիտասի թանգարան ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող Տաթևիկ Շախկուլյանն էլ հավելեց. «Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ այս նախագիծն իր տեսակի մեջ եզակի է, որովհետև իմի է բերել և մեկ նախագծի շրջանակում ներկայացրել է միևնույն ժանրի պատկանող ստեղծագործություններ։ Ամեն երկրում չէ, որ կարող են իրենց թույլ տալ, և ամեն տեղ չէ, որ կան երաժիշտեր, ովքեր հանձն կառնեն այս պատասխանատվությունը։ Նշեմ, որ նախագիծը նաև առիթ և խթան է հանդիսացել նոր ստեղծագործություների ի հայտ գալուն. կոմպոզիտորներ, ովքեր այդ ժանրում չունեին ստեղծագործությոններ, ստեղծել են նորերը։ Այսօր մենք ունենք «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» Մաս II Ստեղծագործություններ դաշնամուրային տրիոյի համար, որը շրջանառվելու է աշխարհով մեկ։ Աշխարհի գրադարաններում հայկական երաժշտական արվեստը  ներակայացնող միավորներն այնքան էլ շատ չեն, ու սա մեծ քայլ է այս բացը լրացնելու տեսանկյունից»։
 
Ասուլիսին հաջորդեց շնորհանդեսը, որին իրենց ներկայությամբ պատվել էին ծրագրում ընդգրկված ստեղծագործությունների կոմպոզիտորները Հայաստանից և սփյուռքից, ինչպես նաև Նախագծի մասնակից ջութակահարներ։ Հայաստանից դուրս ապրող նախագծի մասնակից ջութակահարները, ովքեր չէին կարողացել ներկա գտնվել շնորհանդեսին,  տեսանյութով իրենց ողջույնի և շնորհավորանքի խոսքերըն ուղղեցին  «Արս լունգա» դուետին։ Շնորհանդեսը  վարում էր  երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ԵՊԿ Գիտական քարտուղար Օլյա Նուիջանյանը։
Միջոցառման հյուրերի ցանկում ներկա էին  ծրագրի հետ անմիջականորեն կապ ունեցող անհատներ, ծրագրի հովանավորներն ու գործընկերները, աջակից այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի  գործիչներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: 
«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» (ՄԱՍ II Ստեղծագործություններ դաշնամուրային տրիոյի համար (ջութակ, թավջութակ, դաշնամուր) նախագծի  գործընկերներն են Վիվա-ՄՏՍ ընկերությունը, IMAF (International Music and Art Foundation) Լիխտենշտայնի մշակութային ֆոնդն ու Գաֆէսճեան արվեստի կենտրոնը։
 
Նշենք, որ «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը բաղկացած է երկու մասից: 2013թ.-ին «Արս լունգա» դուետը հաջողությամբ ավարտել է նախագծի առաջին մասը՝ ՄԱՍ I. Ստեղծագործություններ թավջութակի և դաշնամուրի համար։ Այն կազմված է 1900-ականներից մինչ մեր օրեր ընկած ժամանակահատվածում գրված 60 հայ դասական կոմպոզիտորի թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններից՝ ամփոփված 12 ձայնասկավառակում, որոնք կատարվել և ձայնագրվել են ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան:   
 
 
ԴՈՒԵՏ  «ԱՐՍ ԼՈՒՆԳԱ»
DUO “ARS LUNGA”
 
Արամ Թալալյան-ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակ 
 
Ջուլիետա Վարդանյան- ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի»  մեդալակիր, դաշնամուր
«Արս լունգա» դուետը ստեղծման օրից (2009) ակտիվորեն մասնակցել է Հայաստանի երաժշտական կյանքին և ունեցել է բազմաթիվ հրավերներ թե՛ հայաստանյան, թե՛ արտերկրյա հեղինակավոր երաժշտական կազմակերպություններից և փառատոններից: 
 
Մի շարք ճանաչված հայ, սփյուռքահայ, իրանցի կոմպոզիտորներ «Արս լունգա» դուետին են նվիրել իրենց ստեղծագործությունները, այդ թվում՝ Սուրեն Զաքարյան (Հայաստան), Արտյոմ Կոկժաև (Ռուսաստան), Միքայել Կոկժաև (Հայաստան), Հայկ Բոյաջյան (ԱՄՆ), Յակով Յակուլով (ԱՄՆ), Ռեբեկա Աշուղյան (Իրան), Հուշյար Խայամ (Իրան): Դուետը տարբեր երկրների կոմպոզիտորների մի քանի տասնյակ ստեղծագործությունների առաջին կատարողն է:
 
Դուետը պարգևատրվել է Մոսկվայի կոմպոզիտորների միության Ոսկե մեդալով` ժամանակակից երաժշտության հիանալի կատարման համար (2011):
 
«Արս լունգան» իրականացրել է մի շարք ձայնագրություններ․ իրանցի կոմպոզիտոր Հ. Խայամի թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ (Hermes Records, Թեհրան, 2010), Ռոբերտ Շումանի թավջութակի և դաշնամուրի ստեղծագործություններ լիակատար հավաքածու (2011), Հայ կոմպոզիտորների թավջութակի և դաշնամուրի ստեղծագործությունների 2 հեռուստահամերգային կենդանի ձայնագրություն (Շողակաթ հեռուստատեսություն, 2013 և 2014), «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» նախագիծ, 1-ին մաս` 60 հայ կոմպոզիտորների թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ (12 ձայնասկավառակ, 2011-2013), Կոմիտասի երգերի մշակումների ձայնասկավառակ (2015): «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» նախագիծ 2-րդ մաս, որը կազմված է 41 հայ կոմպոզիտորի դաշնամուրային տրիոներից (12 ձայնասկավառակ/2014-2022թթ․):
 
Դուետը մի շարք հայ և արտասահմանյան ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողն է։
 
Մասնակցել է հայաստանյան և միջազգային հեղինակավոր փառատոնների՝ «Ֆաջր» (Իրան), «Մոսկովյան աշուն» (Ռուսաստան), «Մարցիշոր» (Մոլդովա), «Դեյիա» (Իսպանիա), «Ֆորտե» (Ղազախստան), «Շլեզվիգ Հոլսթայն» (Գերմանիա), «Մինիմե», «Վիտրաժ» (Բելգիա), «Հերես» (Շվեյցարիա), հայաստանյան «Արվեստների պատկերասրահ», «Վերադարձ», «Արամ Խաչատրյան», «Երևանյան հեռանկարներ», «Թալալյան եղբայրներ» և այլն։
 
Արամ Թալալյան, ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար,«Արս Լունգա» դուետի համահիմնադիր
 
Արամ Թալալյանը (թավջութակ) անվանի հայ երաժիշտների` Հենրիխ և Գերոնտի Թալալյանների դինաստիայի երրորդ ներկայացուցիչն է: Որպես թավջութակահար և սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր ավարտելով հեղինակավոր Յեյլի համալսարանի մագիստրատուրան և ասպիրանտուրան՝ Արամ Թալալյանը վերադարձել և հաստատվել է Հայաստանում:
 
1997-ից ի վեր մասնագիտություն և կվարտետ է դասավանդում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
 
Նրա բազմաթիվ ուսանողներ արժանացել են բարձր մրցանակների միջազգային հեղինակավոր մրցույթներում։
 
Եղել է «Երևանյան բարոկ փառատոնի» և «Ալտի-թավջութակի փառատոնի» հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, իսկ 2010-11 թթ․՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի դասական համերգների գեղարվեստական ղեկավար։ 2000-09 թթ․ Կոմիտասի անվան լարային քառյակի, իսկ 2015-18 թթ․ Արամ Խաչատրյանի անվան ազգային քառյակի թավջութակահարն էր։ 2009 թ․ դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի հետ հիմնել է «Արս լունգա» դուետը։
 
Համերգներով հանդես է եկել աշխարհահռչակ երաժիշտների հետ, այդ թվում՝ Քլոդ Ֆրանկ, Յո Յո Մա, Գունտեր Հեբիգ, Ջեսսի Լեվին, Էմին Խաչատուրյան, Վոլֆգանգ Մեյեր, Վլադիմիր Սպիվակով, Դիմուտ Պոպպեն, Անի և Իդա Կավաֆյաններ, Լևոն Չիլինգիրյան, Քրիստոֆեր Սթեմբրիջ, Դառկո Բռլեկ, Իլյա Գրինգոլց, Յապ Շրյոդեր, Արմեն Բաբախանյան, Նարեկ Հախնազարյան, Միքայել Բալյան, Սերգեյ Խաչատրյան և այլն:
 
Արամ Թալալյանը միջազգային մրցույթների դափնեկիր է, ՀՀ վաստակավոր արտիստ (2009)։ Հայ և արտասահմանյան կոմպոզիտորների թավջութակի, կամերային և նվագախմբային մի քանի տասնյակ ստեղծագործությունների նախաձեռնողը և առաջին կատարողն է: 2013 թ․ հրավիրվել է Արամ Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթ՝ որպես ժյուրիի նախագահ:
 
Որպես դիրիժոր ղեկավարել է «Traveling Notes», «Melodies of Piece», «Վերադարձ», «Արվեստների ազգային պատկերասրահ» միջազգային և հայաստանյան փառատոնների, ինչպես նաև Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբերը: Նրա ուղղորդմամբ 2018 թ․-ից Երևանի պետական կոնսերվատորիան իրագործում է Erasmus + ուսանողական ծրագիրը։
 
 Ջուլիետա Վարդանյան, ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալակիր, դաշնակահար
«Արս Լունգա» դուետի համահիմնադիր
 
Ջուլիետա Վարդանյանը (դաշնամուր) գերազանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (պրոֆ. Վ. Հարությունյան)։ Վարպետության դասեր է ստացել հանրահռչակ դաշնակահարներ Պաուլ Բադուրա-Սկոդայի և Բորիս Բերմանի մոտ (2013)։ Հաջողությամբ ավարտել է նաև Իտալական Բոկկոնի համալսարանի՝ Արվեստի և ժառանգության մենեջմենթի առցանց դասընթացը (2018)։ Եղել է «Թալալյան եղբայրներ» փառատոնի տնօրեն (2013-2017)։ 2021 թ․-ից կամերային անսամբլ է դասավանդում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 2009 թ․ թավջութակահար Արամ Թալալյանի հետ համատեղ հիմնել է «Արս լունգա» դուետը։
 
Ջուլիետա Վարդանյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Սբ․ Գրիգոր Նարեկացի հուշամեդալով՝ հայ ժամանակակից երաժշտության պրոպագանդման և կատարողական արվեստի զարգացման համար (2013) և արժանացել է «Golden Classical Music Awards» միջազգային առցանց մրցույթի Ոսկե մեդալի և Առաջին մրցանակի (2019, Նյու Յորք, ԱՄՆ):
 
Առաջին կատարողն է Յակով Յակուլովի (ԱՄՆ) N. 2 (2013) և Հայկ Բոյաջյանի (ԱՄՆ) N. 1 (2016) դաշնամուրային կոնցերտների, որոնք նվիրված են իրեն։ Ջուլիետա Վարդանյանին են նվիրված նաև Հայկ Բոյաջյանի 13 դաշնամուրային էտյուդները (2014)։
 
Դաշնակահարուհին հանդես է եկել «Տարվա եղանակներ» (Մոսկվա), Մոլդովայի ազգային, Հայաստանի պետական երիտասարդական, «Նարեկացի» կամերային նվագախմբերի և Զապորոժիեի (Ուկրաինա), Ալմատի (Ղազախստան), Հայաստանի ագային օպերայի և բալետի սիմֆոնիկ նվագախմբերի հետ (դիրիժորներ` Վ. Բուլախով, Ք. Ֆլորեա, Ա. Մուռզագալիև, Ա. Խաինդրավա, Յ. Յակուլով, Ս. Սմբատյան, Ռ. Ասատրյան, Ա. Թալալյան, Մ. Կոկժաև):
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play