Կյանքի իրավունք, խոշտանգումների արգելք, հավաքների ազատություն. նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ քննարկվել է ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագիծը


Կյանքի իրավունք, խոշտանգումների արգելք, հավաքների ազատություն. նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ քննարկվել է ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագիծը

  • 28-03-2023 10:24:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագծին նվիրված հանրային քննարկման առաջին փուլը։
 
Հանրային քննարկմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
Միջոցառմանը քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության  ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի՝ կյանքի իրավունք, խոշտանգումների արգելք, հավաքների ազատություն, կարծիքի արտահայտման ազատություն, գործի արդար քննության իրավունք գլուխները։
 
Նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ողջունել է ներկաներին և նշել, որ նախագծում տեղ գտած միջոցառումներն  ուղղված են մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներին, որի համատեքստում հնարավոր կլինի իրականացնել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և երաշխավորումը, քաղաքացիական և քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության կառուցակարգերի բարելավումը, ինչպես նաև ընդգծել է Մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների մասին հանրային իրազեկվածության բարձրացման կարևորությունը։
 
  Կարեն Կարապետյանի խոսքով՝ քննարկումն ուղղված է նաև քաղաքացիական հասարակություն-պետություն երկխոսության ամրապնդմանը և նպատակ է հետապնդում մեծացնել հասարակական կարծիքի ազդեցությունը տարբեր ոլորտներում քաղաքականությունների մշակման վրա: Վերջինս հույս է հայտնել, որ Մարդու իրավունքների պաշտպանության  ազգային ռազմավարությունից բխող նոր գործողությունների ծրագրի միջոցով կհաջողվի լուծումներ տալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծագած ինստիտուցիոնալ խնդիրներին:
 
  Հանրային քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները և առաջարկությունները նախագծում տեղ գտած միջոցառումների վերաբերյալ։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները դրական են գնահատել նախագծի մշակմանն ուղղված ողջ գործընթացը՝ թափանցիկության և հաշվետվողականության տեսանկյունից, ինչպես նաև ընդգծել ռազմավարության ձևաչափը՝ ելակետային տվյալների ներառման տեսանկյունից։ Այս համատեքստում կարևորվել է նաև մոնիտորինգի գնահատման համակարգերի բարելավումը։
 
  Մարդու իրավունքների պաշտպանության  ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագծին նվիրված հանրային քննարկման երկրորդ փուլը նախատեսվում է անցկացնել մարտի 30-ին: Հանրային քննարկումների արդյունքում գույքագրված կարծիքների և առաջարկների հիման վրա գործողությունների ծրագիրը կլրամշակվի և կներկայացվի վարչապետի աշխատակազմ:
 
Միջոցառումը կազմակերպվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ համագործակցության միջոցով:
 
ՀՀ արդարադատության նախարարություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն