Դոնֆրիդը Բայրամովին իր մտահոգությունն է փոխանցել Ադրբեջանի զորաշարժերի կապակցությամբ


Դոնֆրիդը Բայրամովին իր մտահոգությունն է փոխանցել Ադրբեջանի զորաշարժերի կապակցությամբ

  • 28-03-2023 12:55:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը երկուշաբթի օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զորաշարժերի կապակցությամբ: Այս մասին նույն օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:
 
Ըստ նույն աղբյուրի՝ Դոնֆրիդն ընդգծել է Միացյալ Նահանգների հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների հարցում: Նա ասել է, որ ուղիղ երկխոսությունն առանցքային նշանակություն ունի խնդիրը կարգավորելու և երկարատև խաղաղության հասնելու գործում: «Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք շարունակելու ենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներին երկկողմ, մեր գործընկերների հետ, ինչպես նաև բազմակողմ կազմակերպությունների միջոցով», - հայտարարել է Պատելը:
 
Պաշտոնական Բաքվի հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ժամանակ Դոնֆրիդը շեշտել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը տարածաշրջանային խաղաղության և զարգացման համար, մտահոգություն է հայտնել տարածաշրջանում վերջերս սրված իրավիճակի կապակցությամբ և կոչ է արել բոլոր հարցերը լուծել բանակցությունների միջոցով։ Նշվել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին։
 
Բայրամովը Դոնֆրիդին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող վերջին իրավիճակի մասին, պնդել, թե իբր Հայաստանը «ոչ կառուցողական մոտեցումներ է որդեգրել», որոնք խոչընդոտում են խաղաղ համաձայնագրի բանակցություններին։ Ըստ նրա՝ «Ադրբեջանը պատրաստ է ցանկացած պահի բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ»։
 
Օրերս Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ խաղաղության պայմանագրի առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնել դեռևս չի հաջողվել։
 
«Քննարկումներ են եղել, փոխանակումներ են եղել մտքերի, ինչ-որ փոխզիջումային տեքստեր ձևակերպվել են։ Ցավոք սրտի, սա վերաբերում է ոչ հիմնական, ոչ առանցքային, կամ առաջին կարևորության հարցերին։ Բոլոր այն առաջին կարևորության հարցերը դեռևս քննարկումների փուլում են, և դրանց, չէի վարանի ասել, հիմնական մասում կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են իրարից», - ասել էր նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը