Նա փորձում է տուժողի կարգավիճակով ելքի վիզա ստանալ և գնալ երկրից․ Կարեն Գիլոյանի արձագանքը՝ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի գրառմանը


Նա փորձում է տուժողի կարգավիճակով ելքի վիզա ստանալ և գնալ երկրից․ Կարեն Գիլոյանի արձագանքը՝ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի գրառմանը

  • 29-03-2023 18:47:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամեն ինչ արել բռնցքամարտիկ, աշխարհի և Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն Էրիկ Իսրայելյանին հասանելիք պետական վճարներն ապահովելու համար: 
 
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ արձագանքելով բռնցքամարտիկի գրառմանն այն մասին, թե պետությունից գումար ինքը չի ստացել, իսկ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը իրեն խաբել է, ինչի հետևանքով բնակարանի գնման համար որպես կանխավճար տված 800 դոլար գումարը կորցրել է:
 
«Պետության կողմից հասանելիք գումարներն ինքը ստացել է, քանի որ փոխանցումները կատարվել են բանկով և կտրոնները կան: Այդ գումարներն առձեռն չեն տրվել, այլ բանկի միջոցով: Արվել է ամեն ինչ: Արվել է ամենը, նույնիսկ շատ ավելին: Որպես մարդ էլ եմ օգնել` իմ անձնական կապերն օգտագործելով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում  ասաց Գիլոյանը:
 
«Նա ուզում է գնալ երկրից և հավանական է, որ առաջարկ ունի: Հիմա փորձում է տուժածի կարգավիճակ ստանալ: Ուզում է կեղծիքի միջոցով տուժողի կարգավիճակ և ելքի վիզա ստանալ ու գնալ»,-ասաց նա:
 
Ավելի վաղ Իսրայելյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր. «Ցանկանում եմ Ձեզ հայտնել կարեւոր մեկ տեղեկություն։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ՍՏԵԼ է։ Այսօր լրատվամիջոցներից մեկին՝ Irakanum.am-ին տվել եմ հարցազրույց, կարճ ասել այդ մասին։ Հիմա հարկ եմ համարում պատմել մանրամասները։ Ամիսներ առաջ իմ տուն է այցելում Գիլոյանը, որում բնակվում եմ ես։ Նա հայտարարում է, որ պետք չէ աղմուկ հանել, ԶԼՄ-ներին հարցազրույց տալ, ԿԳՄՍ-ն կաջակցի բնակարանի ձեռքբերման հարցում, այդ թվում եւ կանխավճարի։ Գիլոյանն առաջարկում է ինձ բնակարան փնտրել։ Ես անմիջապես անում եմ դա։ Գտնում եմ բնակարան, (երկրորդական շուկայում) տալիս տանտիրոջը 800 $, որպեսզի մնացածն էլ ձեւակերպվի բանկում, իսկ դա վճարվի իմ աշխատավարձից։ Ու երբ այս ամենից հետո զանգահարում եմ Կ. Գիլոյանին, նա ասում է, որ փող չունեն տալու, եւ գնամ գումար ուզեմ UCOM-ից։ Թե ինչ կապ ուներ այդ ընկերությունը, կամ ինչու պետք է ինձ գումար տար, այդպես էլ պարզ չդարձավ։ Ակնհայտ է, որ այդ ամենը նա արեց նրա համար, որպեսզի աղմուկ չբարձրացնեի, բայց հիմա ժամանակն է կատարվածին ու իրերին տալ իրենց անունները։
 
Իմ հարցազրույցում էլ եմ նշել, որ 4մլն 600 հազար դրամ ԿԳՄՍ-ն ինձ չի տվել։
 
Դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ակնկալիքով, որ մանրամասն կտեղեկանա կատարվածի վերաբերյալ եւ թույլ չի տա, որ պետական ապարատում ու սպորտի ոլորտում լինեն մարդիկ, որոնք մեղմ ասած ստախոս են»։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play