Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հղի է լուրջ ապակայունացման վտանգով. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար


Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հղի է լուրջ ապակայունացման վտանգով. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար

  • 31-03-2023 14:52:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Աֆղանստանում շարունակում է լարված մնալ՝ ստեղծելով ապակայունացման վտանգ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբեթովը ՀԱՊԿ-ի քարտուղարության և համատեղ շտաբի ղեկավարության ընդլայնված նիստում:
 
«Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիների հակասությունների հետևանքով», - մեջբերում է նրա խոսքը «Интерфакс» գործակալությունը:
 
Թասմագամբեթովի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկերի պատճառով իրավիճակը հղի է լուրջ ապակայունացման վտանգով։
 
«Կենտրոնաասիական տարածաշրջանում ևս անհանգիստ է՝ մեծանում է ծայրահեղական գաղափարախոսության և ահաբեկչական խմբավորումների ներթափանցման վտանգը ՀԱՊԿ-ի դաշնակիցների տարածք: Առանձնակի մտահոգիչ են Աֆղանստանի տարածքից եկող բարդ սպառնալիքները», - ասել է Թասմագամբեթովը:
 
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը մշտապես աշխատում է առկա և նորից ի հայտ եկող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը