Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին


Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

  • 01-04-2023 11:38:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի Հանրապետություն օրաթերթ. Մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը լիովին փոխվեց արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով։
 
Ավելին՝ մեր տարածաշրջանում են արտապատկերվում նաեւ ռուս-ուկրաինական ծավալումների հետեւանքները. աշխարհաքաղաքական բեւեռների դերաբաշխումներն են այստեղ խլրտում։ 44-օրյայից առաջ մենք այլ մարտահրավերներ ունեինք, հիմա՝ բոլորովին այլ։ Անվտանգության մեր մարտահրավերները մեզ թելադրում են քաղաքական այնպիսի օրակարգ, որ ե՛ւ արդեն ձեւավորված կապերը չքանդենք, ե՛ւ գործող կապերին նոր շունչ հաղորդենք, ե՛ւ գտնենք նոր կապեր։ Մեզ արտաքին քաղաքական եւ անվտանգության օրակարգերում պետք է ճկունություն եւ նախաձեռնողականություն։ Մանավանդ այն պարագայում, երբ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության տարածքը համարում է «արեւմտյան Ադրբեջան», երբ դիրքավորվում է ՀՀ տարածքում եւ անթաքույց հայտարարում է սպասվելիք գործողությունների մասին։ Հատկապես պետք է նախաձեռնողականություն ցուցաբերենք հակաթյուրքական դաշտում։ Այս դաշտում հետաքրքրություններ ունեն Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը, որոնք նաեւ շահեր ունեն մեր տարածաշրջանում, եւ պատճառների մասին խոսել ենք։
 
Օրինակ՝ Հնդկաստանի հետ մենք ամուր կապեր ունենք՝ ե՛ւ պատմական, ե՛ւ մշակութային։ Բայց հայ-հնդկական կապերը կարող ենք բոլորովին նոր մակարդակի բերել, որովհետեւ կա կարեւոր մի հանգամանք։ Ինչպես «Լույս» հիմնադրամն է իր վերլուծությունում նշում, Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը, ի տարբերություն արտաքին եւ անվտանգային քաղաքականության դիվերսիֆիկացիայի մի շարք այլ հնարավոր ուղղությունների, ոչ միայն չի հակասում տարածաշրջանում Հայաստանի հիմնական ռազմաքաղաքական գործընկերների շահերին, այլեւ կարող է նպաստել վերջիններիս հետ բազմակողմ համագործակցության նոր հարթակների հիմնմանը։ Մասնավորապես՝ Թուրքիա Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական առանցքին եւ վերջինիս աճող ազդեցությանը դիմակայելու հարցում շահագրգռված են ոչ միայն Հայաստանն ու Հնդկաստանը, այլեւ տարածաշրջանում մեր երկու բարեկամ երկրները՝ Իրանն ու Ռուսաստանը։ Հնդկաստանն այսօր համաշխարհային դերակատարներից է։ Նյու Դելին աստիճանաբար ամրացնում է իր դիրքերը եւ զուգահեռաբար հսկայածավալ միջոցներ է ուղղում զինուժի բարելավմանն ու արդիականացմանը։ «Global Firepower»-ի վերջին տվյալներով՝ Հնդկաստանը ռազմական հզորության առումով վարկանշային սանդղակի առաջին տասնյակում 4-րդն է։ Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի տվյալներով՝ Հնդկաստանը 2021 թ. աշխարհում 3-րդն է եղել ռազմական ծախսերի ցուցանիշով՝ զիջելով միայն ԱՄՆ-ին եւ Չինաստանին։ Եթե ուշադիր հետեւենք Հնդկաստանի արտաքին քաղաքականության որոշ առանձնահատկությունների, կհասկանանք, թե հատկապես վերջին 3-4 տարիներին ինչու է Նյու Դելին ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերում «Հյուսիս-Հարավ» ծրագրի նկատմամբ։
 
Ըստ նշյալ հիմնադրամի՝ նաեւ հենց այստեղ են Հնդկաստանի շահերը համընկնում Հարավային Կովկասում երկու առանցքային դերակատարներ եւ Հայաստանի ռազմավարական գործընկերներ Իրանի եւ Ռուսաստանի տարածաշրջանային շահերի հետ, «իսկ Հայաստանը, օբյեկտիվորեն դուրս մնալով Արեւելք-Արեւմուտք միջտարածաշրջանային կոմունիկացիոն գրեթե բոլոր նախագծերից, «Հյուսիս-Հարավ» նախագիծը կարող է դիտարկել որպես տարածաշրջանային մեկուսացումից դուրս գալու միակ եւ ամենաիրատեսական փրկօղակ»։ Չմոռանանք՝ «Հյուսիս-Հարավի» նախաձեռնողներն ու առանցքային մասնակիցներն են Հնդկաստանն ու Ռուսաստանը եւ, նույն աղբյուրի համաձայն, համադրելի շահեր ունեն ինչպես Կենտրոնական Ասիայում, այնպես էլ Մերձավոր Արեւելքում։ Վերջապես՝ երկու երկրներն էլ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացրել են փոխգործակցությունը Իրանի հետ տարբեր ոլորտներում, ինչն ավելի նշմարելի է դարձնում Ռուսաստան-Իրան-Հնդկաստան ռազմավարական առանցքը՝ ի հակակշիռ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան դաշինքի, որը այս կամ այն չափով որպես սպառնալիք է ընկալվում բոլոր երեք երկրների համար։ Հիշում ենք՝ Թուրքիան այն երկիրն է, որ 44-օրյային ուղղակի՝ ամեն ինչով եւ անթաքույց պաշտպանեց Ադրբեջանին։ Պակիստանն այնքան ոգեւորվեց թուրքական ԱԹՍ-ներով,  որ, թուրքական կողմից մեծածավալ գնումներ է անում։ Պակիստանը այն երկիրն է, որ ոչ միայն ՀՀ-ի անկախությունը չի ճանաչել, այլեւ իր օգնությունն է առաջարկում Ադրբեջանին՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցերում։
 
Հավելենք նաեւ 44-օրյայից հետո Իսլամաբադի շնորհավորանքը Բաքվին, եւ 44-օրյայի ընթացքում միջազգային մամուլում անգամ տեղեկություն տարածվեց Ադրբեջանի օգտին կռվող պակիստանցի զինյալների մասին։ Թե ինչքան խնդիրներ ունի Պակիստանը Հնդկաստանի հետ, հայտնի է։ Եվ թե ինչպես է ադրբեջանական մամուլը շահարկում Քաշմիրի հարցը, դա եւս հայտնի է։ Նյու Դելին միամիտ չէ եւ հստակ գիտի, թե իր դեմ ինչ սլաքներ են ուղղում Անկարան, Բաքուն եւ Իսլամաբադը։ Երեւանի հնարավոր քայլերը կարծես նշմարվում են, բայց մենք էլ նախաձեռնողականություն չենք ցուցաբերում։ Փոխարենը նախաձեռնում են Անկարան ու Բաքուն, եւ, այո, Նյու Դելին արդյունավետ համագործակցում է այս երկուսի հետ էլ։ Այո, այդ կապերը նախ առեւտրային եւ էներգետիկ ոլորտներում են, բայց կան։ Եվ Բաքուն էլ հնարավորությունը բաց չի թողնի «Հյուսիս-Հարավի» լիիրավ ու կարեւոր մասնակիցը դառնալու, որովհետեւ եւ՛ Հնդկաստանի հետ հարաբերություններ ունեն, եւ՛ տրանսպորտային ենթակառուցվածք։ Մենք էլ «Հյուսիս-Հարավի» հարցում, մեղմ ասած, շատ ենք դանդաղում։ Հնդկաստանը, սակայն, չի խուսափում ցույց տալ Հայաստանի հանդեպ իր հետաքրքրությունը։ Արցախյան հիմնախնդրի մասով միշտ հավասարակշռված է եղել։
 
Նույնը մենք ենք արել Հնդկաստանի մասով (Քաշմիր, Ջամու)։ Մեր երկու երկրների միջեւ  քաղաքական երկկողմ օրակարգին նոր մակարդակ ու նոր որակ տալու համար սա լավ հիմք է։ Ինչպես նաեւ բավարար պայման՝ սպառազինությունների ոլորտում փոխգործակցության։ Համենայնդեպս, ինչքանով հնարավոր է, որովհետեւ ոլորտում Հնդկաստանն ինքը խոշոր ներկրող է։ Թեեւ, ինչպես նկատում է նշյալ հիմնադրամը, «վերջին տարիներին Հնդկաստանը սպառազինության ոլորտում համագործակցության արդյունավետ ուղիներ է ստեղծել ինչպես որոշ արեւմտյան երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիա եւ այլն, այնպես էլ Իսրայելի հետ։ Այս տեսանկյունից Հնդկաստանի հետ համագործակցությունը կարող է հեռանկարային լինել ինչպես ժամանակակից ԱԹՍ-ների ձեռքբերման, այնպես էլ Ադրբեջանի եւ Թուրքիայի զինանոցում գերակշռող իսրայելական կամ արեւմտյան տեխնոլոգիաների հիմքով կառուցված ԱԹՍ-ների դեմ պայքարի հարցում։ Ավելին՝ Հնդկաստանը ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման եւ սպառազինությունների խոշոր արտահանող դառնալու բավական լուրջ հավակնություններ ունի։ Դեռ 2020-ին Հնդկաստանի կառավարությունը թիրախավորել է սպառազինության արտահանումը մինչեւ 2025 թ. հասցնել տարեկան 5 մլրդ դոլարի, իսկ ներքին արտադրությունը՝ 25 մլրդ դոլարի։
 
2021-ին 2017-ի համեմատ Հնդկաստանից սպառազինության արտահանումը աճել է 7 անգամ՝ 200 մլն-ից հասնելով 1.5 մլրդ դոլարի, իսկ, ընդհանուր առմամբ, 2020-ին Հնդկաստանը արտադրել է շուրջ 11 մլրդ դոլար արժողությամբ սպառազինություն։
 
Հաշվի առնելով, որ Հայաստանն Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտության մեջ է, իսկ սահմանային բախումները պարբերական բնույթ են կրում, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ, կարելի է ենթադրել, որ Հայաստանի կողմից հնդկական զենքի արդյունավետ կիրառումը զգալիորեն կմեծացնի վերջինիս նկատմամբ միջազգային պահանջարկը»։ Հայաստանն ու Հնդկաստանը պետք է նոր մակարդակ հաղորդեն երկուստեք փոխգործակցության ներուժին։
 
Խոսքը ե՛ւ քաղաքական ու ռազմական ոլորտներին է վերաբերում, ե՛ւ տնտեսական, նաեւ՝ ինչու ոչ, միջազգային հատվածներում փոխադարձ-փոխաջակցության աշխատանքին։ Հնդկաստանը դեմ չէ եւ տարբեր ժամանակներում հղել է համապատասխան «մեսիջներ»։ 
 
Արմենուհի Մելքոնյան
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը