Հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել հայ զինծառայողներին. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել


Հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել հայ զինծառայողներին. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

  • 27-05-2023 22:06:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և երկու հայ զինծառայողի առևանգելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:
 
Այս մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
 
«ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին՝ ժամը 18:30-ին, «Կամազ 43114» մակնիշի ավտոմեքենայով նույն զորամասի պահպանության տեղամասի՝ ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկին սնունդ են տեղափոխել, որից հետո դիրքից վերադառնալիս նրանց հետ կապը կորել է։
 
Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում ավոտմեքենան գտնվել է մարտական դիրք տանող ճանապարհին՝ ՀՀ ԶՈՒ դիրքերի թիկունքում գտնվող հատվածում՝ շարժիչը գործարկված վիճակում, մեքենայի մեջ հայտնաբերվել է մեկ միավոր ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, սակայն նշված երկու զինծառայողները չեն գտնվել:
 
Նախնական տվյալներով՝ հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին:  
 
Հաշվի առնելով, որ առկա են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առևանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ (մարդուն առևանգելը) հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 9-րդ կետերի, 469-րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Իրականացվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ ծավալուն միջոցառումներ՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից սահմանն ապօրինի հատելու և զինծառայողների առևանգման հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ»,- ասվում է ՀՀ ՔԿ-ի հայտարարության մեջ:
 
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, թե ադրբեջանական սահմանապահները «կասեցրել են Հայաստանի զինված ուժերի «դիվերսիոն խմբի՝ սահմանն ապօրինի հատելու փորձը»: Ըստ հաղորդագրության՝ իբր հայ զինծառայողները սահմանը «փորձել են հատել» Զանգելանի շրջանի տարածքով անցնող վայրում։
 
Պաշտոնական Բաքուն հայտնել է երկու հայ զինծառայողի ձերբակալելու մասին, իսկ մնացած դիվերսանտները իբր թե «դիմել են փախուստի»:
 
ՀՀ պաշտպանական գերատեսչությունն էլ երեկ երկու հաղորդագրություն տարածեց՝ հերքելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել:
 
Ավելի ուշ ՊՆ-ն հայտնեց, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ըստ հաղորդագրության՝ ընթանում են որոնողական աշխատանքներ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ: Նշվում էր նաև, որ քննվում է դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:
 
Այսօր ՀՀ պաշտպանական գերատեսչությունը նոր հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, որոնվող՝ ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների շահագործած թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:
 
Կրկին անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների և Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած ապատեղեկատվությանն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել՝ ՀՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ հերքել է կեղծ տեղեկատվությունը:
 
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը պնդում է, որ հայկական կողմն ունի բավարար ապացույցներ՝ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին:
 
«Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ: Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
Թեև նախօրեին Մոսկվայում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստում Ադրբեջանի նախագահի հրապարակայնորեն այն հավաստիացումներին, թե Ադրբեջանը պատրաստ է հասնել խաղաղության, փաստացի հայ երկու զինծառայողին առևանգելով՝ պաշտոնական Բաքուն հրահրում է հերթական սադրանքը, որին ակտիվորեն լծվել են ադրբեջանական լրատվամիջոցները, ինչպես ցանկացած սադրանք իրականացնելուց առաջ:
 
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը, առաջնագիծ սնունդ տեղափոխող հայ զինծառայողներին առևանգելով, նպատակ է հետապնդում հասնել նրան, որ փոխանակում կատարի որոշ ժամանակ առաջ ՀՀ ներթափանցած իր դիվերսատների հետ, որոնցից մեկը սպանել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահնորդին:
 
Հիշեցնենք, որ ՀՀ ներթափանցած ադրբեջանական դինվերսանտներից մեկը Հայաստանից «լայվ»-ով դիմել էր հետևորդներին՝ ասելով. «Մենք հայի արյուն ենք թափել: Մենք գլխատեցինք հայերին: Իսկ հիմա մենք դեռ ողջ ենք, մեռած չենք։ Եթե նույնիսկ մեռնենք, թող մեզ գնահատեն»:
 
Այսպիսով՝ Ադրբեջանը ոտնահարում է նաև որոշ ժամանակ առաջ Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ հանդիպման համաձայնությունը՝ կապված երկու կողմում պահվող անձանց հետ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը