Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ևս մեկ անգամ կարևորվեց արևմտահայ գրողների դերը հայ գրականության զարգացման գործում


Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ևս մեկ անգամ կարևորվեց արևմտահայ գրողների դերը հայ գրականության զարգացման գործում

  • 31-05-2023 11:59:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց արևմտահայ գրականությանը նվիրված միամսյակը: Մայիս ամսվա ընթացքում գրադարան այցելած երեխաները մասնակից դարձան արևմտահայ պոեզիայի բարձրաձայն ընթերցումների, գրքի քննարկումների, գրական հանդիպումների, զրույցների և ցուցահանդեսների: 
 
2010թ.-ից արևմտահայերենը մտցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների էլեկտրոնային ատլասի» մեջ` ստանալով վտանգվածության առկա մակարդակներից «հաստատապես վտանգված» կարգավիճակը: Գիտակցելով վտանգված լեզուն պահպանելու գործում յուրաքանչյուր մշակութային կենտրոնի դերն ու նշանակությունը՝ գրադարանը ստանձնել էր արևմտահայ գրական ժառանգությունն ու արևմտահայերեն լեզուն երեխաների համար նորովի բացահայտելու առաքելությունը: 
 
Միամսյակի շրջանակում գրադարան այցելած երեխաներին ներկայացվել են Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Սիամանթոյի, Վահան Թեքեյանի ու Վահե Քաչայի ստեղծագործությունները, դրանցում հայրենիքի գովերգման գրական մոտեցումները, կարևորվել է գրողների՝ մանկավարժական ու հասարակական գործունեությամբ զբաղվելը: Գրադարանի այցելուները հանդիպել են «Զարմանահրաշ հայ կանայք» գրքի համահեղինակներ Գայանե Աղաբալյանի ու Էլմիրա Այվազյանի հետ, ովքեր պատմել են Հայաստանի պատմության տարբեր ժամանակահատվածներում ապրած արևմտահայ ու սփյուռքահայ ազդեցիկ կին գործիչների մասին, օրինակ բերել նրանց նվիրվածությունը՝ ազգային արժեքների պահպանման գործում: 
 
Միամսյակի շրջանակում գրադարանում երեխաները նաև ունկնդրել են հայրենասիրական երգեր ու արևմտահայերեն հեքիաթապատումներ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play