ԵՄ-ն ՀՀ-ին 18 միլիոն եվրոյի աջակցություն կհատկացնի. համաձայնագիրը հաստատվեց


ԵՄ-ն ՀՀ-ին 18 միլիոն եվրոյի աջակցություն կհատկացնի. համաձայնագիրը հաստատվեց

  • 20-06-2024 12:23:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության հունիսի 20-ի նիստին գործադիրի հաստատմանը ներկայացրեց «ՀՀ-ի և Եվրոպական հանձնաժողովի միջև պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր ՀՀ-ի համար» ֆինանսավորման համաձայնագիրը և այն հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:
 
Ըստ փոխվարչապետի՝ 2024 թվականի առաջին եռամսյակում ստորագրված 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ այս ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ սոցիալ-տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես՝ նպաստել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնահերթ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների հասցեագրմանը, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ներառմանը:
 
«Ծրագրի շրջանակում նախատեսվում է միանվագ բազմանպատակ դրամական օգնության տրամադրում, աջակցություն ժամանակավոր կացարանների կարիքների և կոմունալ ծախսերի ուղղությամբ, աջակցություն կանանց և խոցելի խմբերին, ինչպես նաև հյուրընկալող համայնքների սոցիալ-տնտեսական վերականգնում»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
 
Փոխվարչապետը նաև տեղեկացրեց, որ օրակարգում հաստատվել է նաև չզեկուցվող մի հարց, այն է՝ հավանություն տալ ԵՄ-ի հետ ստորագրված բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք տեխնիկական աջակցության դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագրի հաստատմանը, որի շրջանակում Եվրամիությունը կհատկացնի ևս 3 մլն եվրո:
 
«Այս ծրագիրը ևս նպատակ ունի աջակցելու Կառավարությանն առավել լայն բարեփոխումների գործընթացում, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ներառման, մասնավորապես՝ առողջապահության, սոցիալական պաշտպանության և զբաղվածության ռազմավարությունների կիրարկման հարցում»,- ասաց նա:
 
Փոխվարչապետը նաև պարզաբանեց՝ 15 միլիոնն անհատույց բյուջետային աջակցություն է, իսկ 3 միլիոնը՝ աջակցության ծրագրերի իրականացման ֆինասավորմանն աջակցելու նպատակով:
 
«15 միլիոնը բյուջետային աջակցությամբ փոխանցվելու է պետական բյուջե, իսկ 3 միլիոնը՝ ըստ օպերատորների»,- ասաց նա:
 
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը