Թուրքիայի ԱԳ նախարարը հաստատել է, որ Պուտինն ու Էրդողանը հանդիպելու են Աստանայում


Թուրքիայի ԱԳ նախարարը հաստատել է, որ Պուտինն ու Էրդողանը հանդիպելու են Աստանայում

  • 25-06-2024 13:48:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
factor.am. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա օրերին հանդիպելու են Աստանայում, որտեղ հուլիսի 3-4-ը տեղի է ունենալու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։
 
Տեղեկությունը հաստատել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Habertürk-ի հետ հարցազրույցում։ Ֆիդանը պատմել է ՌԴ կատարած այցի և անցկացրած հանդիպումների մասին, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի հետ։ «Առաջիկա օրերին Ղազախստանում հնարավոր է մեր երկրի նախագահի հանդիպումը Պուտինի հետ։ Սիրիական տարածքը մեզ համար այս պահին չափազանց կարևոր է Ռուսաստանի հետ հարաբերություններում, էներգետիկ հարցերը չափազանց կարևոր են երկկողմ համագործակցության մեջ։ Մյուս կողմից, Ուկրաինայի հարցը չափազանց կարևոր է։ Շարունակվող պատերազմի գինը տարածաշրջանի և աշխարհի համար շատ բարձր է և, որ ավելի վատ է, այդ ռիսկը կարող է աճել և տարածվել: Միջուկային զենքը կարող է առաջին պլան մղվել։
 
Ես սա տեսել եմ Չինաստան և Ռուսաստան իմ ճամփորդության ժամանակ։ Պատերազմն այլ տեղ չի տարածվել, բայց մենք տեսնում ենք, որ աշխարհում պառակտումը գնալով ավելանում է»,-ասել է Ֆիդանը։ Նա նշել է, որ հանդիպումներում զրուցակիցներին են փոխանցել Ուկրաինայում խաղաղության կարևորությունը։ Հավելենք, Կրեմլում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում Էրդողանի հետ բանակցությունների հույս էր հայտնել։ Այնուհետև Haberturk-ը հայտնել էր, որ հուլիսի 3-4-ն Աստանայում տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որին Էրդողանը նույնպես հրավիրված է։ Գագաթնաժողովի շրջանակում Էրդողանը նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
 
«Հանդիպման օրակարգում կլինեն ռուս-ուկրաինական պատերազմը, Սևծովյան հացահատիկային նախաձեռնության ֆունկցիոնալության բարձրացումը, «Աքքույու» ատոմակայանի աշխատանքներում վերջին իրավիճակը, Թրակիայում ստեղծվելիք գազի կենտրոնը և PKK-ի ու YPG-ի, այսպես կոչված, նախընտրական նախաձեռնությունը Սիրիայի հյուսիսում»,-գրել էր լրատվամիջոցը։ Էմմա Չոբանյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը